Արդյոք Թուրքիայում կարո՞ղ է քաղաքացիական պատերազմ տեղի ունենալ 

Արդյոք Թուրքիայում կարո՞ղ է քաղաքացիական պատերազմ տեղի ունենալ 

Թուրքական ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համագումարի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել։ Քաղաքացիական պատերազմ սկսվելու հավանականությունը նա գնահատել է հարյուր տոկոս՝ նշելով, որ խնդիրը միայն այն է, թե երբ կսկսվի։ Օզդաղը նշել է, որ քաղաքացիական պատերազմ սկսվելուն կարող է նպաստել Թուրքիայում տիրող տնտեսական վիճակը, նաեւ՝ հանցավորության աճը։ Թուրք գործիչը շեշտել է, որ թուրքական բնակավայրերում փողոցները դարձել են վտանգավոր ու անկայուն, քանի որ նոր ավազակախմբեր են ձեւավորվում, որոնք խաթարում են հանրային անդորրը՝ թեկուզեւ կենցաղային մակարդակում։ Օզդաղը նաեւ ասել է, որ Թուրքիայում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը կարող է զգալիորեն հարվածել իշխող ուժի քաղաքական վարկանիշին եւ առաջիկա ընտրություններում սպառնալիք դառնալ՝ նպաստելով, որ իշխանության քվեն ակնկալվածից խիստ պակաս լինի։

Իրականում, Օզդաղի խոսքում որքան էլ քաղաքական հանրային խոսքին բնորոշ տարրեր լինեն, ճշմարտության որոշակի հատիկներ կան։ 

Այն, որ Թուրքիայում իրավիճակը չափազանց փխրուն է, նույնիսկ առանձին ռուս վերլուծաբաններ են սկսել նշել իրենց հոդվածներում կամ քաղաքական հեռուստատեսային շոուներում արտահայտած կարծիքներում։ Թուրքիայում, այո, տնտեսական վիճակը չափազանց լուրջ է։ Սղաճը, համաձայն Սեմյոն Բաղդասարովի, անցյալ ամիս հասել է 80 տոկոսի, ինչը նշանակում է, որ գնաճն էլ արդեն ահագնացող մակարդակի է։ Իսկ դա  բերում է բնակչության գնողունակության նվազման, բարեկեցության անկման։ Ընտրությունների նախաշեմին գտնվող իշխանությունների համար այս իրավիճակում, օդ ու ջրի պես կարեւոր է նվազագույն տնտեսական կայունության ապահովումը։ 
Թերեւս նաեւ սրանով էր պայմանավորված այն, որ Անկարան Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սկսած սանկցիոն արշավին չմիացավ, եւ դրա շնորհիվ, այս տարվա առաջին կիսամյակում ռուս-թուրքական երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմել է 30 միլիարդ դոլար, իսկ մինչեւ տարեվերջ կարող է հասնել 50 միլիարդ դոլարի։ Աճն անցյալ տարվա համեմատ 15 միլիարդ դոլար է։ Բնականաբար, այս լուրջ գումարները երկուստեք կարող են որոշակի փրկօղակի դերակատարում ունենալ։ Սակայն չպետք է մոռանանք, որ բազմաթիվ կազմակերպություններ ու անհատ վերլուծաբաններ, փորձագետներ, որոնք աշխատում են Թուրքիայում եւ թուրքական հասարակությունը գիտեն ուղնուծուծով, նշում են, որ Էրդողանի վարչակազմի համար խիստ խնդրահարույց է լինելու իշխանության պահպանումը։ 

Ու պատահական չէ, որ շատերը նույնիսկ նշում են, թե նույնիսկ այս տարվա աշնանը Էրդողանը կարող է անակնկալ կերպով արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի ընդդիմությանը հանկարծակիի բերելու էֆեկտով գոնե կարողանա մնալ իշխանության թամբին։ Արդյոք ընտրություններն այս տարվա աշնանը արտահերթի՞ տեսքով կլինեն, թե՞ հերթականի տեսքով տեղի կունենան հաջորդ տարվա ամռանը՝ դժվար է ասել։ Դժվար է ասել, թե հետընտրական պրոցեսներն ինչպիսին կլինեն Թուրքիայում։ 

Կլինե՞ն արդյոք բախումներ, որոնք կարող են երկիրը նետել քաղաքացիական պատերազմի անդունդը՝ դարձյալ դժվար է ասել։ Սակայն հասկանալի է նաեւ, որ Արեւմուտքի համար Էրդողանը՝ իր կենտրոնախույս ինքնահռչակ նեոօսմանյան հովերով հանդերձ, սկսել է ձանձրալի դառնալ։ Ու այս առումով նույն Սեմյոն Բաղդասարովի կանխատեսումը պատահական չէ, թե արդեն պետք է այսօրվանից Մոսկվան հասկանա ու որոշի` եթե Էրդողանը հեռանա կամ հեռացվի իշխանությունից, ապա ի՞նչ պետք է անի, Թուրքիայում հնարավոր նոր վարչակազմի հետ ինչպե՞ս պետք է աշխատի։