Սցենարն իրենք են գրում, բայց դերասանն էլ լավ է խաղում

Սցենարն իրենք են գրում, բայց դերասանն էլ լավ է խաղում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»։ Այս հայտարարությանը կարելի է լուրջ մոտենալ, եթե մի քանի օր առաջ ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում Բայրամովը հակադարձելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մեղադրանքներին՝ չպաշտպանվեր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությամբ։

 Ըստ որի Բայրամովը հիշատակեց, որ Նիկոլ Փաշինյանի ժամեր առաջ հայտարարություն է արել, որով հերքվել են ԼՂ հայերի զանգվածային սպանությունների մասին լուրերը․ «Հիշեցնեմ, որ այս մեղադրանքները հերքել է հենց Հայաստանի վարչապետը»։ Ու հիմա նույն վարչապետը խոսում է էթնիկ զտումներից, հնարավորություն տալով, որ Բայրամովն ասի․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջատեղյակ է, որ Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների հեռանալն իրենց անձնական որոշումն է և կապ չունի բռնի տեղահանության հետ»։ Փաշինյանը ներքին լսարանին, ցույց է տալիս, թե իբր Բայրամովը իր հայտարարությունից դժգոհ է։ Տեսեք ես էթնիկ զտումներից եմ խոսում, որը Ադրբեջանին դուր չի գալիս։ 

Մնում է միայն արձանագրել, որ ըստ Փաշինյանի՝ 120 հազար հայ անձնական որոշումով դուրս է գալիս Արցախից։  Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է ընկալել։ Բայց թե ինչու է նա հայտարարում, որ դա  էթնիկ զտում է, մտածել պետք չի։ Դա անում է ներքին լսարանի համար։ Ադրբեջանն ու միջազգային դերակատարները հիանում են նրա տված խաղով։ Ճիշտ է, սցենարն իրենք են գրում բայց դերասանն էլ լավ է խաղում։ Փաշինյանին  թվում է, թե իր հայտարարությունից հետո դեռ  հայ կա, որ հավատում է իր խոսքին և իր հայտարարությունների տեսակավորումը՝ ներքին ու արտաքին լսարանի համար, լուրջ է ընդունում։