Ջրածնային էներգետիկայի մասին համաձայնագիր են կնքել 

Ջրածնային էներգետիկայի մասին համաձայնագիր են կնքել 

Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան համաձայնագիր են կնքել երկու երկրների միջեւ ջրածնային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ամրապնդելու, ինչպես նաեւ՝ միջազգային ջրածնային էներգետիկ արդյունաբերության զարգացմանը նպաստելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է բրիտանական կառվարությունը։ Համաձայնագիրը նախատեսում է նաեւ ջրածնի միջազգային առեւտրի զարգացմանը միտված գործողությունների իրականացում։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել իրենց երկրների էներգետիկ համակարգերում ցածր ածխածնային ջրածնով աշխատող էներգետիկ համակարգերի ներդրման ոլորտում, նպատակ ունենալով նմանատիպ համակարգերի տեսակարար կշիռը զգալիորեն ավելացնել իրենց էներգետիկ բալանսներում։ Եւ Լոնդոնում, եւ Բեռլինում համոզված են, որ համաձայնագիրը հիմք կդառնա նոր տիպի վառելիքի զարգացման համար, որը կարող է զգալիորեն բարելավել արտանետումների խնդիրները մինչեւ 2050 թվականը։

Նշենք, որ աշխարհի առաջատար երկրները նպատակ են դրել մինչեւ դարի կեսերը հասնել ածխածնային չեզոքության եւ դրան հասնելու համար մեծածավալ բարեփոխումներ են իրականացնում իրենց տնտեսություններում։