Սևան գալիս են իրականության մեջ, ոչ թե ֆեյսբուքյան իրականության մեջ ապրողները․ «Սևան ազգային պարկի» տնօրեն

Սևան գալիս են իրականության մեջ, ոչ թե ֆեյսբուքյան իրականության մեջ ապրողները․ «Սևան ազգային պարկի» տնօրեն

Այն մարդիկ, ովքեր ապրում են իրականության, ոչ ֆեյսբուքյան իրականության մեջ, գալիս են Սևան։ «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը այսպես պատասխանեց «Հրապարակի» հարցին, թե կարգավորվու՞մ է Սևանի դատարկ լողափների ու հանգստյան տների խնդիրը պաշտոնյաների հավաստիացումներից, թե՞ Սևանը ինքնամաքրվում է։
«Բայց իմ մոտ վերջին շրջանում ընենց տպավորություն է, որ մենք ապրում ենք երկու իրականությունում․ մեկը այն իրականությունն է, որտեղ մենք ենք ապրում, մյուսը ֆեյսբուքյան իրականությունն է, որը շատ ժամանակ չի համապատասխանում իրականությանը»,-փիլիսոփոյաբար նկատեց «Սևան ազգային պարկի» տնօրենը։ Նրա բերած օրինակը վերաբերում էր լրագրողներին, որոնք գնացել են Սևան, ժամերով ման եկել, մինչև որ գտնեն ջրիմուռածածկ վայր և անտեսել Սևանի կապուտակ հատվածները։
Վահե Գուլանյանը ոչ մի կերպ չի հասկանում վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի այն գրառումը, թե Սևանը իդեալական մաքուր է։««Ես իդեալական մաքուր» արտահայտորթյունը չեմ կարող հասկանալ․․․ ո՞ր լեզվով խոսեմ, որ Ձեզ ասեմ։ Նայած, թե ինչ տեսանկյունից ենք նայում։ Բնության առումով ամեն ինչ նորմալ է, մարդու պահանջներին համապատասխանելու մասով, բնականաբար, կան շատ թերի բաներ, որոնք պետք է ուղղվեն։ Պրոցեսները ընթանում են։ Այն ինչ կատարվում է, լճի արտաքին ռեակցիան է էն ազդեցություններին, որոնց ինքը ենթարկվում է։ Ջրիմուռներ են աճում, չգիտեմ, ստորջրյա բարձրակարգ ջրիմուռներ, թե միաբջիջ ցածրակարգ ջրիմուռներ։ Դրանք բոլորը ստեղծում է բնությունը, որպեսզի ազատվի անօրգանական նյութերից՝ այս կամ այն ռեակցիայով։

Հիմա, եթե մակրոլիտներ են աճում, դա նշանակում է, որ մակարդակը ցածր է։ Թե միաբջիջ ջրիմուռների կամ կապտականաչ ջրիմուռների, կամ  դեղին, նարնջագույն, դրանք տարբեր խմբեր ունեն ամեն մեկի գլուխ բարձրացնելն ինչ-որ մի բան է նշանակում։ Նախկինում գործ ունեինք մի տեսակի՝ մոնոտիպ բռնկման հետ, ոչ թե խումբ, տեսակ։ Ուշադիր եղեք՝ կա, որ խմբերով են գլուխ բարձրացնում, կա, որ տեսակներով և դրանք ինդիկատորներ են հանդիսանում։ Ստեղ կոնկրետ մոնոտիպ բռնկում էր․․․․»։ «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը կարող է ոչ միայն ժամերով խոսել, այլև գիտական «թեզ պաշտպանել» կապտականաչ, և առհասարակ, ջրիմուռների վերաբերյալ։
Հարցրեցին պարոն Վահե Գուլանյանին, եթե ամեն ինչից այդքան տեղեկացված է, ուրեմն, ինչու՞ էր Սևանի ջուր խմում և չի փոշմանե՞լ խմելու համար։

«Իհարկե՝ չեմ փոշմանել, կրկին պատրաստ եմ խմել»,-պատասխանեց Վահե Գուլանյանը։
Այս առնչությամբ նա իշամեղվի հետ կապված մի անեկդոտ պատմեց։ Ըստ այդմ՝ աերոդինամիկայի և ֆիզիկայի բոլոր օրենքներով՝ իշամեղվի թևերն այնքան փոքր են, որ ինչ էներգիա էլ ծախսի, իր մարմինը դրանք չեն կարող օդ հանել։ Բայց մեղուն դրա մասին չգիտի, բայց թռչում է։ Հարց՝ ուրեմն ինչու՞ է թռչում իշամեղուն։ Պատասխան՝ «Իշամեղուն թռչում է, որովհետև ֆիզիկա չգիտի»։
Իհարկե, Վահե Գուլանյանը չի ցանկանում որևէ մեկի, իր խոսքով՝  «անալիզների» վերաբերյալ եզրահանգումներ անել, բայց փաստ է, որ «իշամեղուն» չգիտի Սևանի «անալիզների» մասին։ Ասաց, որ իրենք էլ են ջրի հետազոտություններ անում և մարդու առոջղությանը  վնասող ոչ մի բան չեն հայտնաբերել։