Հունիսի 12-ն արդարացնելով՝ արդարացնում է մարտի 1-ը

Հունիսի 12-ն արդարացնելով՝ արդարացնում է մարտի 1-ը

2008-ի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ նկարահանվեց «Հայաստանի կորսված գարունը» վավերագրական կինոնկարը: Որպես ողջ այդ օրը Մյասնիկյանի արձանի մոտ եղած անձ, բնականաբար, ողջունել եմ կինոնկարի լույս տեսնելը: 44-օրյա պատերազմից անցել է արդեն ավելի քան երեքուկես տարի, սակայն որեւէ մեկը չմտածեց նկարահանել զգացմունքային նույն ուժգնության մեկ այլ ֆիլմ: Որովհետեւ արեւմտյան գրանտատուները դրա համար, բնականաբար, դրամաշնորհ չէին հատկացնի: Պատճառն ակնհայտ էր՝ մեր պարտությունը, մեր 2 թշնամուց բացի, ձեռք էր տալիս նաեւ նրանց: Վստահ եմ, որ նույն պատճառաբանությամբ չի նկարահանվի նաեւ հունիսի 12-ին ոստիկանության գազանությունների մասին ֆիլմ: Քանի որ դրանք էլ են ձեռք տալիս արեւմտյան դրամաշնորհատուներին: Ճիշտ այնպես, ինչպես 44-օրյայում Հայաստանի պարտությունը, այնուհետեւ՝ Արցախի հայաթափումը:  

Շարունակենք: Ազգային ժողովում նույն օրը ելույթ ունենալով՝ հայաստանյան մերօրյա «ժողովրդավարության հայրը» հայտարարել է, որ ոստիկանությունը գործել է «իրավաչափ ու պրոֆեսիոնալ»: Ասվածը նոր խոսք չէ հայաստանյան գործող իշխանության կողմից: Սակայն նոր էր փողոցային շարժման միջոցով իշխանության եկած Փաշինյանի առումով: Հատկապես որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան իրադարձությունների համակարգումն իր վրա էր վերցրել հենց ինքը: Իսկ ՀՀ առաջին նախագահը, հիշենք, «սեւ ամրոցում» փակված՝ հայտարարել էր, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ժողովուրդն «իր ժողովուրդը չէ»: Այո, այդ ժողովուրդը հենց Նիկոլի ժողովրդի վերածվելու առաջին փորձառությունն էր ձեռք բերում, որպեսզի «փառավորեր իր առաջնորդի հոգին»: Վերջում պարզվեց, որ փորձն անհաջող է, եւ այդտեղ հավաքված ժողովրդի առաջնորդը մեկուկես տարով անհայտացավ ասպարեզից: 

Ավելորդ չի լինի հիշելը, որ 2018-ի գարնան իրադարձությունների շնորհիվ վարչապետ կարգվելով՝ Փաշինյանն անմիջապես ուշադրությունը կենտրոնացրեց Մարտի 1-ի դեպքերի վրա: Քրեական գործը վերաբացեց, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, եւ պաշտոնավարման ժամկետը չլրացած՝ հետ կանչվեց Երեւան: Քրեական գործում ներառվեց ՀՀ երկրորդ նախագահը՝ ինչպե՞ս էր հնարավոր նրան չներառելը: ՀՀ պետբյուջեից էլ 30-ական միլիոն դրամ հատկացվեց զոհերի ընտանիքներին: Իսկ հիմա մի անմեղ հարց. եթե 2024-ի հունիսի 12-ին ոստիկանության գործողություններն «իրավաչափ ու պրոֆեսիոնալ» էին, ապա այդպիսին պետք է դիտարկվեն նաեւ 2008 թ. մարտի 1-ի գործողությունները, որովհետեւ ոստիկանությունը երկու դեպքում էլ գործել է նույն սկզբունքով, այսինքն, ըստ գործող իշխանության, պաշտպանել է պետականությունը:
Միակ տարբերությունն այն է, որ հունիսի 12-ին ժողովրդին առաջնորդում էր հասուն տարիքի, զուսպ ու հավասարակշիռ հոգեւորական, իսկ 16 տարի առաջ՝ նրա հակապատկերը: Ու հենց դա էլ դարձավ քաղաքի կենտրոնում ռազմական գործողություններ հրահրելու պատճառը: Վստահ եմ, որ եթե հունիսի 12-ին մարդկանց առաջնորդեր նիկոլանման մեկը, ապա վարչապետի աթոռից կառչած Նիկոլը ոստիկանությանը հրաման կտար կրակել ժողովրդի վրա: Բարեբախտաբար, հունիսի 12-ին ժողովրդին առաջնորդում էր Բագրատ սրբազանը: Ըստ այդմ` հունիսի 12-ի ոստիկանական «բեսպրեդելն» արդարացնելով՝ Փաշինյան Նիկոլը հետահայաց արդարացրել է 2008-ի մարտի 1-ի սպանությունները: