Անկարող ու անիմաստ

Անկարող ու անիմաստ

Աշխարհում տիրող քաոսային իրավիճակը մեզ այնքան է բթացրել, որ շատ իրադարձությունների ու երեւույթների նկատմամբ փոխվել է մեր վերաբերմունքը։ Անգամ մարդկային մահը, կորուստները, սահմանին լարվածությունը, հակառակորդի շարունակվող ագրեսիան այլեւս չենք նկատում։

Վերջին օրերին ողջ Արցախը զրկվել է գազամատակարարումից, խաղաղ գյուղերն ականանետերից ռմբակոծվում են, իսկ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ իր տարածքում վնասված գազատարը նորոգեն։ Իհարկե, լուրջ հարց է, թե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն ինչու չեն այս հարցերը կարգավորում եւ ինչով են զբաղված, եթե իրենց ներկայության պայմաններում հայկական խաղաղ բնակավայրեր են ռմբակոծվում, մարդիկ են վիրավորվում։ Սակայն առավել ուշագրավ է, որ մեր իշխանությունը որոշել է ոչ միայն զենքով չարձագանքել-չպատասխանել օրեցօր լկտիացող թշնամուն, այլեւ անգամ խոսքով՝ չարձագանքել, գնահատականներ չտալ։ Մի կողմից՝ այդ անկարողությունը՝ դիվանագիտական մակարդակով, միջազգային ատյաններում հարցերը կարգավորելու, մյուս կողմից՝ այդ վախն ու զգուշությունը, որ մեր գնահատականներով կարող ենք սադրել հակառակորդին, եւ նա կարող է ավելի վտանգավոր քայլերի դիմել։

Հարց է ծագում․ իսկ ինչո՞ւ եք հասնում Փարիզ ու Մոսկվա, գրկախառնվում մի պետության ղեկավարի հետ, մյուսի առաջ վիզ ծռում ու հարգեւոր հարսի տեսք ընդունում, եթե այդ ամենը չի նպաստելու մեր անվտանգության հաստատմանը։ Եթե Փարիզում պետք է ֆորում անեք, իսկ Երասխում մարդ զոհվի։ Պետք է Անթալիա մեկնեք, իսկ Արցախի գազատարը չթույլատրեն նորոգել, Պուտինի հետ շաբաթը երկու անգամ հեռախոսազրույց ունենաք, իսկ ռուս խաղաղապահներն իրենց տարրական պարտականությունը չկատարեն, ապա անիմաստ է ե՛ւ մասնակցելը, ե՛ւ զրուցելը, ե՛ւ լուսանկարվելը։