Սորոսը գրոհում է Հոլիվուդը

Սորոսը գրոհում է Հոլիվուդը

Տեխնիկական չափանիշները, որոնք գործում են շոու-բիզնեսի որոշ ոլորտներում (մոդել, մերկապար եւն), կամաց ներթափանցում են բուն գեղարվեստի ոլորտ, եւ այսօր ոչ ոք չի կարող միանշանակ ասել, թե ինչ կկատարվի, ասենք, կինոարվեստում հինգ կամ տասը տարի հետո։ Բայց որ այդ արվեստին սպառնում է գեղարվեստականության, հետեւաբար նաեւ որպես արվեստի առանձին ճյուղ՝ տեսակային կորուստ, կարծես դառնում է հավանական։ Ընդ որում՝ կորուստը ոչ թե բովանդակային ու ձեւային զարգացման հետեւանք կլինի, այլ արտաքին այնպիսի միջամտությունների, որոնք կինոարվեստը կդարձնեն գուցե եւ ավելի «հավասար»՝ Մարդու իրավունքների ու ազատությունների, զանազան փոքրամասնությունների իրավունքների ու բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների «համապատասխանելու» տեսանկյունից, բայց նաեւ հաստատ կդարձնեն շինծու, արհեստական չափանիշներով կաշկանդված։

Այս խոհերը ծնվել են լրատվակայքերից քաղված այն տեղեկության համատեքստում, ըստ որի՝ ամերիկյան կինոարվեստի ակադեմիան նոր չափանիշներ է մշակել, որոնց պետք է համապատասխանեն «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվող ֆիլմերը։ Նոր կանոններն առնչվում են ռասայական, էթնիկ, սեքսուալ եւ այլ փոքրամասնությունների հալածանքների դեմ պայքարին, ինչպես նաեւ կանանց իրավահավասարությանը։

Սահմանվել է չորս չափորոշիչ, որոնցից գոնե երկուսին պետք է ֆիլմը համապատասխանի։ Ըստ դրանցից մեկի՝ առաջին կամ երկրորդ պլանի դերասաններից առնվազն մեկը պետք է լինի ռասայական կամ էթնիկ փոքրամասնության պատկանող, դերասանական կազմի 30 տոկոսը պետք է լինեն կանայք, ռասայական, էթնիկ կամ սեքսուալ փոքրամասնությունների ներկայացուցիչներ, սահմանափակ հնարավորություններով մարդիկ։ Այս պահանջները վերաբերում են նաեւ ֆիլմի ստեղծմանը մասնակից ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմերին։ Նախատեսված է, որ նոր կանոնները գործելու են 2024 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխությունից սկսած։

Ի՞նչ է ստացվում․ կինոռեժիսորը, ֆիլմի գաղափարը հղանալուց հետո (կամ նույնիսկ առաջ), պետք է առաջնորդվի որոշակի «պահանջներով», որոնք պահանջի տեսք ունենալու հանգամանքով արդեն կաշկանդում են նրա ստեղծագործական ազատությունը, քանի որ ֆիլմի հերոսների ընտրությունը նա ստիպված կլինի կատարել ռասայական կամ ազգային որեւէ փոքրամասնության, նաեւ՝ սեռական փոքրամասնության իրավունքներն ու «հավասարության» պահանջները բավարարելու տեսանկյուններից։ Ավելի պարզ ասած՝ «Օսկարի» հավակնող ֆիլմը պետք է ներառի որեւէ ԼԳԲՏ-ական կերպար, բնականաբար՝ վերջինիս այդպիսին լինելը «գործողության» մեջ հավաստվող կադրերով, պետք է պահպանի ռասայական համամասնությունը, այսինքն՝ չպիտի լինի մաքուր «սպիտակամորթ» կամ «սեւամորթ» ֆիլմ։ Ակադեմիան պարզապես չի ընդունի այդպիսի ֆիլմերը՝ անկախ գեղարվեստական արժանիքներից, նորարարականությունից, արդիականությունից, դերասանական խաղից, ռեժիսորական նորամուծություններից։

Շատ խորաթափանց պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ դրանով մեծ հարված կհասցվի ոչ միայն ընդհանրապես կինոյին՝ որպես ներքին ազատություններով զարգացող երեւույթի, այլ նաեւ ազգային ֆիլմերին, որոնք ստիպված կլինեն նույնիսկ լրիվ արհեստական կերպարներ «ներմուծել»՝ ապահովելու համար սահմանված չափորոշիչները։ (Պատկերացնենք, դիցուք, գրենլանդացի էսկիմոս ռեժիսորն իր ֆիլմն ուզում է ներկայացնել «Օսկարի», սակայն դրա համար ստիպված է բնիկ էսկիմոսների մեջ առնվազն մի սեւամորթ կամ այլազգի հերոսի եւս ներառել)։ 

Կինոն՝ որպես արվեստի տեսակ, իրենով իսկ մեծ պայմանականությունների ծնունդ է, սակայն դրանք գեղարվեստական պայմանականություններ են, իսկ դրանց ավելացնել պայմանականություններից անընդունելին՝ ամենեւին էլ ո՛չ գեղարվեստական կարիքներից ծնված ինչ-որ չափորոշիչ-պահանջներ, նշանակում է նախ արժեզրկել աշխարհի մասշտաբով ամենահեղինակավոր այդ մրցանակը, ապա եւ՝ խեղել համաշխարհային կինոյի զարգացման բնական ընթացքը։ 
Կսպանվի ստեղծագործական ազատությունը, ու դա կվերաբերի ամբողջ ստեղծագործական կազմին՝ սցենարիստ, ռեժիսոր, դերասան․․․

Այս ամենի մեջ, անտարակույս, զգալի է տեսակ ենթադրող ցանկացած երեւույթի հանդեպ (ազգ, գրականություն, լեզու, արվեստ․․․) սորոսական-գլոբալիստական հարձակման շունչը, որովհետեւ այսկերպ կվերանա ազգայինն ու էթնիկականը նաեւ կինոարվեստում։ Եւ կդառնա խառնիճաղանջ մի բան, յուրատեսակ գեղարվեստական․․․ ԼԳԲՏ։ Ամերիկյան կինոակադեմիայի մշակած չափորոշիչները վկայում են ոչ թե կինոյի զարգացմանը միտված նոր քաղաքականության մասին, ոչ էլ նույնիսկ ինչ-ինչ խմբերի եւ փոքրամասնությունների իրավունքների «կինոպաշտպանության»․ դրանք վկայում են այն մասին, որ, ինչպես աշխարհի շատ երկրներում, կառավարություններում ու միջազգային կառույցներում, սորոսական ապականիչ շունչը հասել է նաեւ Հոլիվուդ։
Նշված 30 տոկոս «ներկայացուցչականությունը» թվաբանական պարտադրանքով ինքնին անպատվություն է կինոարվեստի նկատմամբ, բայց այդ խորհրդանշական թվով գուցե ակնարկվում է այն գինը (30 արծաթ), որով գնվել է կինոակադեմիայի ստեղծագործական ազատությունը։ Ավելացնենք, որ այս չափորոշիչները հայտնվել են միայն վերջերս, կինոարվեստի նշանավոր կամ հայտնի մարդկանց՝ ռեժիսորների, դերասանների, արվեստաբանների մասնագիտական կարծիքները կարծես դեռ չեն հնչել։ 
Բայց դրանց ինչպիսին լինելուն կարելի է չկասկածել։