Խաչմերուկ

Խաչմերուկ
Էն ժամանակներում ուրիշ էր, աշխարհն էն չէր, ինչ որ էսօր է: Նույնն է մնացել մենակ մի բան՝ պիտի արթնանաս, խառը երազը, եթե տեսել ես, աշխատես մոռանալ, սափրվես, հագնես համազգեստդ, տաբելային զենքը ստուգես-կապես, մի բաժակ սուրճ թռցնես կոկորդդ ու դուրս գաս: Եթե հավես կա` ոստիկանական մեքենայիդ շչակը միացնելով, թե չէ` սուսուփուս:



Զոքանչի հանդիմանող-ներողամիտ հայացքը («Ոչինչ, տղա է, մի օր էլ տեսար` փող կբերի տուն...»), կնոջ բացահայտ ընդդիմադիր կեցվածքը, որ շուկայի գներն է ամեն օր հիշեցնում... Մարդու շաքարը բարձրացնողը գլխավորապես կանանց այս երկու տեսակներն են: Սրանք որ սկսում են խոսել, էլ կանգ չեն առնում (կալոդկեքը` արգելակման պիտույքները, տաքանում են վայրէջքի վրա...), չես կարող ընդհատել-ասել` «խոսքդ շաքարով կտրեմ», շաքարդ է բարձրանում իզուր տեղը...



Անցյալներում ասում են՝ մեկը (հներից մեկն է պատմել) դիմում է գրել պետավտոտեսչության պետին. «Ընտանեկան պայմաններից ելնելով՝ խնդրում եմ ինձ տեղափոխել ցիրկի խաչմերուկ» (այնտեղ երթեւեկությունն ակտիվ է, խախտումները` շատ): Բա ի՞նչ են արել: Դիմումն ուղարկել են արհմիությանը, մի ամսվա աշխատավարձ են տվել` որպես օգնություն...



«Հարգա՜նք կար, պատի՜վ կար...»,- ասում էր այդ հինը: Մի անգամ տեսուչներից մեկի երեխան էր մահացած եղել (ճիշտ է, սեւ հումոր է, բայց էս խառն օրերում սեւուսպիտակը ո՞րն է...), վարորդների մի խումբ հոգեհացի սեղանի մի ծայրին նստած է եղել: Նրանցից մեկը հանկարծ սկսել է հոնգուր-հոնգուր լաց լինել: Ընկերներն ասել են. «Այ տղա՞, մենք չգիտեինք, որ այսքան շատ ես սիրում տեսուչ այսինչին...»: Սա էլ, թե` «Բա ի՞նչ անեմ, դուք էլ լաց եղեք՝ մեր պահած երեխեն չի՞...»:



Հիմա աշխատանքի վարձատրությունը գործավարձայինից դարձրել են ժամանակավարձային (ակլադ): Առաջ գործարքային էր, գործ էիր անում, շվացնում էիր` հակադարձ հոսանքով ֆինանսական հոսքերը գալի՜ս էին... Ճմրթված հինգհազարանոցից սիրուն բան չկար էս աշխարհում՝ ոնց որ...Այվազովսկու կտավը` ալիքոտվա՜ծ, բովանդակալի՜ց...



Հիմա շվացնելդ էլ չի գալիս, որովհետեւ հաստատ արդեն շվացրիր-պրծար...



Ամեն անցնող վարորդ ոնց որ թե հայացքով ասելիս լինի. «Էդ ի՞նչ ես շշմած, էշ-էշ կանգնել, այ ախպեր...»:



Ասում են՝ էս բանը դատավորներին էլ է հասնելու․ օնլայն են դատելու, մի պատուհանի սկզբունքով, այսինքն՝ դատավորը դատվողի երեսը չի տեսնելու իր օրում: Բա էդ դեպքում էլ փող ո՞նց վերցնի, ինքը չի` դու ես... Կարող է... ինտերնետով... էն նոր կրիպտոարժույթով: Բայց էդ վախտ էլ դատվողի տեղ իրեն կուղարկեն էն մութ ու խոնավ կողմերը...



Նորից եմ ասում՝ էս ժամանակներում ուրիշ է, աշխարհն էլ է ոնց որ ուրիշ...



Զավեն ԲԵԿՅԱՆ