Լիբերալների շքահանդեսում

Լիբերալների շքահանդեսում
ԱԺ առաջիկա ընտրությունները մեծ վերապահումով միայն կարելի է քաղաքական լուրջ գործընթաց անվանել: Եթե ավելի խորանանք պրոցեսի փիլիսոփայության մեջ, նույնիսկ պարզ կդառնա, թե որքան արհեստականություն կա այս ամենի մեջ: Որքան էլ գլխավոր խմբագրիս ցուցումով խուսափեմ Դաշնակցության ուղղակի քարոզից, միեւնույն է, չեմ կարող չասել, որ այս գործընթացին քաղաքական երանգ հաղորդող միակ ուժը Դաշնակցությունն է: Մախաթը պարկում չես թաքցնի: Եթե ընտրությունն այն գործընթացն է, որտեղ պետք է գաղափարախոսությունների պայքար ծավալվի, ապա այս ընտրություններում նման բան լինել կարող է միայն Դաշնակցության մասնակցության դեպքում: Մասնակիցների ցանկից հանեք ՀՅԴ-ին, եւ պարզ կդառնա, որ մենք վկան ենք լիբերալ (ազատական) ուժերի շքահանդեսի, իսկ ապագայում էլ վտանգ կա, որ այդ ուժերի խառնամբոխից կազմված խորհրդարան կունենանք:



Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը (ՀԱԿ) հրաժարվեց մասնակցել ԱԺ ընտրություններին: Սա պատահական որոշում չէ, եւ չի կարելի այն դիտարկել Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու հետ նույն հարթության մեջ: Այս պահին ՀԱԿ-ի քարոզչական դաշտը գերհագեցած է նույնաբովանդակ քարոզչությամբ: Այդ ի՞նչ պետք է ասեր Տեր-Պետրոսյանը, որ տարբերվեր Նիկոլ Փաշինյանից, Էդմոն Մարուքյանից, Արամ Սարգսյան-Խաչատուր Քոքոբելյան զույգից, հեղափոխության բովով անցած Գագիկ Ծառուկյանից, ինչու ոչ` վերափոխված երիտհհկական Վիգեն Սարգսյան-Արմեն Աշոտյան-Էդուարդ Շարմազանով եռյակից:



Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել: Բայց եկեք մի հայացք նետենք ընտրությունների գնացող վերոնշյալ քաղաքական գործիչների հայտարարություններին: Բոլորի շուրթերին նույն բանն է` Նիկոլը հաղթել-պրծել է, իսկ իրենց մնում է խորհրդարան անցնելու հարց լուծել: Եվ նման հայտարարություն անողները, այ քեզ զավեշտ, խոստանում են խորհրդարանում արժանի ընդդիմություն դառնալ Փաշինյանին:



Ընտրություններին մասնակցելուց հրաժարվեցին նաեւ այլ ուժեր, որոնք այդ որոշումը պատճառաբանեցին հին ԸՕ-ի պահպանմամբ, թեեւ գաղափարական գունապնակի առումով նրանք նույնպես չէին տարբերվում ընտրությունների գնացող «փահլեւաններից»:



Մինչեւ ՀՀԿ հայտնի ժողովը, որտեղ որոշում կայացվեց մասնակցել ընտրություններին, թվում էր` նախկին իշխանության թիմը թեւերը քշտած գործի է անցնելու: Բայց Վիգեն Սարգսյանի, Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի առաջին իսկ հայտարարություններից պարզ դարձավ, որ Փաշինյանին կամ Փաշինյանի հեղափոխությունը «ամենաճիշտն» իրենք են հասկացել: Տերյանը մի հրաշալի տող ունի. «Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում»: Նշված եռյակի հայտարարությունները, մամուլի ասուլիսները, ֆեյսբուքյան գրառումները եւ այլն, լիքն են Նիկոլով: Թվում է` քննադատում են Նիկոլին, բայց դա անում են այնպես, որ ոչ մի կասկած չմնա, թե նա հաղթել-պրծել է: Աշոտյանը բաց տեքստով ասում է, որ Փաշինյանի ուսապարկը կամ սելֆիի ձողիկը կկրեն բոլորին: Վիգեն Սարգսյանը` խելքը գլխին մարդ, հայտարարում է, որ ՀՀԿ-ն պայքարելու է խորհրդարանում 2-րդ ուժ եւ ընդդիմություն դառնալու համար, որովհետեւ առաջին տեղի հարցը լուծված է: Բա չասե՞ս՝ ողբամ էն ցուցակին, որ դու ես գլխավորում, Վիգեն: Այդ ո՞ր առաջնորդն է մինչ օրս պատերազմ գնացել պարտվելու վճռականությամբ: Իսկ ամենավտանգավորն էլ այն է, որ ոչ մի ընտրող քվեարկության չի գնում 2-րդ, 3-րդ կամ 4-րդ ուժի ձայն տալու: Ընտրողի ուղեղում նման մեխանիզմ չկա, նա գնում է քվեարկելու իր պատկերացրած հաղթողի օգտին, որպեսզի հաղթի նաեւ ինքը:



«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս մի հետաքրքիր հայտարարություն արեց «Իմ քայլը»-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին: Իսկապես, ոչ մի անպատեհություն չկա դրանում, ինչպեսեւ մյուս հնարավոր տարբերակների դեպքում: Ի՞նչ անպատեհություն կարող է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը կոալիցիա կազմի ԲՀԿ-ի կամ «Ելքի» երեկվա անդամներ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի հետ: Երեւանի ավագանիում կա՞ ընդդիմություն: Չկա: Ընդդիմություն չի լինի նաեւ այս խորհրդարանում, եթե այնտեղ ներկայացված չլինի իր գաղափարախոսությամբ մյուսներից տարբերվող քաղաքական ուժը:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**