Սարսափելի բան չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի վարչապետի պաշտոնում

Սարսափելի բան չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի վարչապետի պաշտոնում
Քաղաքական գործընթացներն անսպասելի ընթացք են ստացել, եւ կասկածի տակ է հայտնվել դեկտեմբերին արտահերթ ընտրությունների հեռանկարը: Նախօրեին խորհրդարանը չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որը բացառում է ռեյտինգային ընտրակարգը եւ բարեփոխում ընտրական համակարգը։ Իսկ երեկ «Ելք» խմբակցությունը, տեղի տալով սահմանադրագետների հորդորներին, վարչապետի պաշտոնում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այսօր խորհրդարանի հատուկ նիստում կքննարկվի, ապա կընտրեն վարչապետ, եւ մեծ է ռիսկը, որ ՀՀԿ-ն այլ դաշնակիցների հետ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը՝ հիմնավորմամբ, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ չգնան, թեպետ ՀՀԿ-ի ճամբարում հակված էին տապալել վարչապետի ընտրությունը եւ ընտրություններին մասնակցել գործող ԸՕ-ով, որի ռեյտինգային մոդելը խորհրդարան անցնելու նրանց շանսերը կմեծացնի: Երեկ այս հարցերի շուրջ լսեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանին:



**-Պարոն Աղազարյան, տեղին չե՞ն քննադատությունները, որ առանց նոր ԸՕ-ն ընդունելու վարչապետը չպետք է գնար ռիսկի եւ հրաժարական տար: Հիմա եթե երկուշաբթի հրավիրվող արտահերթին կրկին տապալվի նախագիծը, պատրա՞ստ եք գործող ԸՕ-ով գնալ ընտրության, թե՞ կրկին ժողովրդի ճնշումն եք գործադրելու:**



- Խնդիր չենք տեսնում, կգնանք գործող ԸՕ-ով: Սակայն նոր ԸՕ-ն պետք է բոլոր իմաստներով ընդունելի լիներ քաղաքական ուժերի կողմից՝ անցողիկ շեմի իջեցում, պարտադիր չորս ուժերի ներկայություն եւ ամենակարեւորը՝ ռեյտինգային ընտրակարգի վերացում, որն իր մեջ պաունակում է ընտրակաշառքի, թաղային հեղինակությունների միջոցով ամեն գնով ձայներ հավաքելու եւ խորհրդարանում հայտնվելու վտանգ: Այո, այդ իմաստով անցանկալի կլինի նման զարգացումը, բայց եթե ԸՕ նախագիծը չի ընդունվելու, դա չի նշանակում, որ չպետք է գործողով գնալ ընտրությունների:

Անկասկած, ռեյտինգային ընտրակարգի դեպքում մենք ոչ էական կորուստներ կունենանք, բայց դա էական ազդեցություն չի ունենա ընտրությունների արդյունքների վրա, պարզապես ՀՀԿ-ն շանս կունենա հայտնվելու խորհրդարանում:

Մենք չունենք ռեյտինգայինի թեկնածուներ, եւ մեզ համար, բնականաբար, համամասնական ընտրակարգն է ձեռնտու:



**-Կներեք, ոխերիմ բարեկամներ ասելով՝ ՀՅԴ-ին ու «Ծառուկյան դաշինքի՞ն» նկատի ունեք, որոնց պատճառով նաեւ չընդունվեց ԸՕ-ն:**



-Այո, որովհետեւ այդ խմբակցություններում բոլորը չէին, որ մասնակցեցին ԸՕ քվեարկությանը, իհարկե, նրանց ձայները եթե գումարում էինք, կրկին չէր անցնում, բայց ինչ մեկ-երկու ձայն պակասեր, ինչ ինը, այլ է…



**-Իսկ հաշվարկե՞լ եք, որ ՀՀԿ-ն կարող է վարչապետ ընտրել Փաշինյանին:**



-Այո, տեսականորեն հնարավոր է, որ մեր հակառակորդ թիմը եւ մեր ոխերիմ բարեկամները վաղը (այսօր) վերընտրեն Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Սա ասում եմ՝ հաշվի առնելով նաեւ երեկվա քվեարկությունը: Իսկ եթե ընտրվի, սարսափելի բան տեղի չի ունենա, վարչապետը ձեռք կբերի մեկ տարվա իմունիտետ, երբ հնարավոր չի լինի անվստահության նախագիծ ներկայացնել, եւ այդ մեկ տարվա ընթացքում մենք կգնանք արտահերթ ընտրությունների այլ ճանապարհով՝ սահմանադրական փոփոխություններով:



**-Բայց իշխանությունը հրատապ ընտրությունների անհրաժեշտությունը բացատրում է պետության զարգացման, ներդրումների տեսանկյունից:**



-Իհարկե, մենք ետ կընկնենք մի քիչ: Տեսեք, մեզ ասում էին՝ կարիք չկա լուծարել, այս խորհրդարանն ընդունում է մեր բերած օրենքները, բայց դրանք նախկինից մնացած օրենքներ էին, առաջին լուրջ փորձությունը, նկատի ունեմ ԸՕ նախագիծը, իրենք տապալեցին:



**-Մյուս տեսանկյունից ձեր օգտին կլինի, որ ընտրությունները հետաձգվեն, այլեւս լեգիտիմության խնդիր չի առաջանա, Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան էլ կպահպանվի: Հնարավոր է ՀՀԿ-ից պոկվածների հետ համաձայնեցված եք գնում այդ սցենարով։**



-Ոչ, ոչ: Վենետիկի այդ ռեկոմենդացիաները կայուն իրավիճակի համար են, եկեք չմոռանանք, որ մենք հեղափոխական իրավիճակում ենք: Մինչեւ չլինեն ԱԺ ընտրությունները, հեղափոխության առաջին փուլի ավարտ չենք կարող ազդարարել: Վենետիկն ասում է․ կոնսենսուս ապահովեք՝ արեք:



**-Իսկ արտահերթ ընտրություններին աջակցություն հայտնած, բայց ԸՕ քվեարկությանը չմասնակցած ՀՀԿ-ականներից ճշտե՞լ եք՝ ինչո՞ւ այդպես վարվեցին:**



- Վստահելի չեն իրենք, ես հիմա էլ կասկածներ ունեմ, որ կան ուժեր, որոնք գործում են Ռոբերտ Քոչարյանի ազդեցության ներքո:



**-Այսինքն՝ հավաստի՞ են այն լուրերը, որ այդ ՀՀԿ-ականները ճնշման ներքո են արտահերթին աջակցություն հայտնել:**



-Ոչ, չկա ճնշում, մենք այնպիսի քաղաքականություն չենք իրականացնում, առավել եւս՝ վարչապետը:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**