Առանց ընդդիմության խորհրդարանն ավելի վատ է, քան վատ խորհրդարանը

Առանց ընդդիմության խորհրդարանն ավելի վատ է, քան վատ խորհրդարանը
ԱԺ նախկին պատգամավոր եւ դե ֆակտո այլեւս գոյություն չունեցող «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը բացասաբար է վերաբերվում դեկտեմբերին հապճեպ արտահերթ ընտրություններ անելու որոշմանը։ «Ես տեսնում եմ, որ դեկտեմբերին անցկացվելու դեպքում ամենաանպատրաստ վիճակում անցկացվող ընտրություններն են լինելու։ Եվ ես անհանգստանում եմ, որ նորմալ, այլընտրանքային որեւէ ուժ, ով որ կհավակնի դառնալու իսկապես ընդդիմություն խորհրդարանում, կարծես թե չի հասցնի ձեւավորվել»,- կարծում է Ստեփան Մարգարյանը։



**-Այդուհանդերձ, դուք որեւէ ձեւաչափով կմասնակցե՞ք ընտրություններին, ունե՞ք քննարկում։**



-Չունենք այս պահին քննարկում, իսկապես որոշում չունենք։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ եթե հանկարծ ինչ-որ ձեւով փորձ արվի ձեւավորել մի այնպիսի բեւեռ, որը կհավակնի այլընտրանքային բեւեռ դառնալու, ես ամեն ինչով կնպաստեմ այդպիսի բեւեռի ձեւավորմանը՝ անկախ մասնակցել-չմասնակցելուց կամ որեւէ ցուցակ մտնելուց, որովհետեւ երկրի ապագան նորմալ ընդդիմություն ունենալն է։ Ես չեմ զլանա նորից կրկնել՝ առանց ընդդիմության խորհրդարանն ավելի վատ է, քան վատ խորհրդարանը։



**-Իսկ ի՞նչ վիճակում է «Համախմբում» կուսակցությունը, գոյություն ունի՞ այն դե ֆակտո եւ դե յուրե։**



-«Համախմբումը» ֆորմալ կա, բայց չի գործում։



**-Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն ինչպե՞ս եք գնահատում, հատկապես, որ ձեզ միշտ կապել են նրա հետ, նրա հետ համագործակցության որեւէ եզր տեսնո՞ւմ եք։**



-Գիտե՞ք, ես գնահատում եմ նորմալ, եթե այնպիսի փորձ ունեցող մարդը, ինչպիսին Քոչարյանն է, կմտնի քաղաքականություն։ Բայց, բնականաբար, քաղաքականության մեջ ինչ հաջողություն կլինի, դա, անշուշտ, կախված է ընտրողից, կախված է հասարակությունից։ Ես դեմ եմ այն մտքերին, որ, ենթադրենք, երբեմն պարզունակ արտահայտում են, թե այս կամ այն անձն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին կամ քաղաքականության մեջ մտնելու։ Ես դա համարում եմ վտանգավոր։ Էնպես որ, արդեն մնացածը՝ համագործակցել-չհամագործակցել, կախված է նրանից, թե ինչպիսի ուժ կձեւավորի:



**-Հանրության մի զգալի հատված էլ Քոչարյանի վերադարձն է համարում վտանգավոր քաղաքականություն։**



-Գիտե՞ք, որեւէ մեկի վերադարձը կամ քաղաքականություն մտնելը վտանգավոր համարել-չհամարելը մի քիչ անհասկանալի բան է, որովհետեւ, երբ հանրությունը համարում է վտանգավոր, հետեւաբար այն մարդիկ, ովքեր համարում են, նրանք չեն գնա նրա հետեւից եւ չեն նպաստի։ Ես կարծում եմ՝ դրանք ավելի շատ էմոցիոնալ հայտարարություններ են կամ ուղղորդված։



**-Պարզապես, հաշվի առնելով Քոչարյանի անձը, նրա դեմ հարուցված քրեական գործերը, նրա անցյալը եւ այլն, այդ առումով հանրության որոշ շրջանակներ դրական չեն վերաբերվում նրա վերադարձին եւ նրա հետ համագործակցող ուժերին եւս կարող են բացասաբար ընդունել։**



-Ես հասկանում եմ, շատ մարդիկ կան, ովքեր լավ բաներն են հիշում, շատ մարդիկ կան, ովքեր վատ բաներն են հիշում։ Ես չեմ ուզում հիմա մենք քննարկենք մի հարց, որը հեչ պարզ չէ, թե ինչ կլինի հետագայում։ Եթե քաղաքականություն մտնելու հայտ կա, դա այսօրվա համար չէ, փաստորեն։ Այս ընտրություններին նա չի մասնակցելու, այս ընտրություններին դոմինանտն այն ուժերն են լինելու, ովքեր մասնակցում են, եւ քննարկումը նրանց շուրջ պետք է գնա։ Իսկ եթե ընտրությունները տեղի ունեցան, եւ ձեւավորվեց նոր Ազգային ժողով, շատ արագ կարեւոր հարցը դառնում է՝ իսկ հետո՞ ինչ ենք անում։



**-Եթե առաջարկ լինի, կհամաձայնե՞ք ընտրություններին մասնակցել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։**



-Ինձ համար հեչ կարեւոր չէ` ես կլինե՞մ որեւէ ցուցակում, թե՞ չեմ լինի։ Ես իմ անհանգստությունն ասում եմ, եթե ես տեսնեմ, որ գնում է այնպես, որ իսկապես նորմալ այլընտրանքային ուժ է ձեւավորվում, անկախ նրանից, թե ես որ ցուցակում կլինեմ, կնպաստեմ այդպիսի իրավիճակ ստեղծելուն։ Բայց ես էս պահին չունեմ որեւէ որոշում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**