1 ամիս առաջ գագաթնաժողովի անցկացումը «հրեշավոր» էր, հիմա՝ ոչ այնքան

1 ամիս առաջ գագաթնաժողովի անցկացումը «հրեշավոր» էր, հիմա՝ ոչ այնքան
Ռուսաստանը պատրաստ է մասնակցելու Դոնբասի հարցով «Նորմանդական քառյակի» երրորդ գագաթնաժողովին, եթե այն լինի լավ նախապատրաստված։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ **RT France, Paris Match եւ Figaro** պարբերականներին տված հարցազրույցում։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերի համաձայն, Մոսկվան Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում ունի սերտ գործակցություն Փարիզի հետ, մասնավորապես Մինսկյան պայմանավորվածությունների կատարման հարցում։ «Խոսքն այն մասին է, որպեսզի երրորդ գագաթնաժողով անցկացվի։ Երկու գագաթնաժողով արդեն եղել է՝ Փարիզում 2015-ին եւ Բեռլինում՝ 2016-ին։ Մենք կողմ ենք, որպեսզի երրորդն էլ լինի»,- նկատել է նախարար Լավրովը, միաժամանակ նաեւ ընդգծելով, որ գագաթնաժողովը հարկավոր է լավ կազմակերպել, որպեսզի քառյակի ղեկավարները տհաճ դրության մեջ չհայտնվեն այն բանի պատճառով, որ նախորդ գագաթնաժողովների որոշումները ի կատար չեն ածվում։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերին, Լավրովը հրեշավոր էր համարել գագաթնաժողովի անցկացումը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունից անմիջապես հետո։