Հորդորում եմ առավելագույնս խուսափել «ժողովուրդ» եզրույթի կիրառումից

Հորդորում եմ առավելագույնս խուսափել «ժողովուրդ» եզրույթի կիրառումից
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այս ձևակերպումը դրված է ՀՀ Սահմանադրության 2րդ հոդվածում և վերջին իրողությունների լույսի ներքո հաճախ է բարձրաձայնվում Վարչապետ Փաշինյանի կողմից՝ իր հրապարակային ելույթներում։ Հատուկ ընդգծվում է նաև, որ այսուհետ «ժողովուրդն» է որոշելու բոլոր հարցերը։ Այս խնդրի կապակցությամբ ցանկանում եմ հայտնել իմ, առավելապես ակադեմիական (գիտական) կարծիքը, որը, կարծում եմ, օգտակար կլինի մեր Կառավարության և Վարչապետի համար՝ հետագա հրապարակային ելույթներում «ժողովուրդ» երևույթը կիրառելու պարագայում։



Համաձայն ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի, իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Փաստացի հղում անելով նշված դրույթի առաջին մասին, անտեսվում է դրա երկրորդ, իմ խորին համոզմամբ, առավել կարևոր մասը։ Սահմանադրա-իրավական և քաղաքագիտական իմաստով «ժողովուրդը», որպես իշխանության կրող և որոշում կայացնող միավոր, հանդես է գալիս բացառապես ընտրությունների և հանրաքվեների ժամանակ, որով ձևավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ նրանց փոխանցելով իր անունից հանդես գալու և այդ իշխանությունն իրացնելու իրավունքը։



Հանրաքվեների ընթացքում «ժողովուրդը» իր հավաքական կամքն է արտահայտում կոնկրետ դրված հարցի վերաբերյալ, որը դրվում է իր իսկ կողմից ընտրություններով ձևավորված մարմինների՝ Կառավարություն, Ազգային Ժողովի կողմից։ Փաստացի կարող ենք պնդել, որ պետության ամենօրյա կառավարման ամբողջական պատասխանատվությունը կրում է «ժողովրդի» կողմից ձևավորված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և յուրաքանչյուր առիթով «ժողովրդի» վրա որոշում ընդունելու պարտավորության սահմանումը կարող է ընկալվել որպես ուղղակի պատասխանատվությունից խուսափելու միջոց։ Քաղաքական գործընթացին մասնակցող իմ ընկերներին հորդորում եմ առավելագույնս խուսափել «ժողովուրդ» եզրույթի կիրառումից, և իրենց կողմնակիցներին, համակիրներին, հասարակության շահագրգիռ խմբերին կամ ժողովրդական լայն զանգվածներին որպես «ժողովուրդ» ներկայացնելուց։



_**Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից**_