Ընտրությունները 30-40 օրում կազմակերպվեն, թե սովորականի նման՝ 70, գերծանրաբեռնված աշխատանք է սպասվում

Ընտրությունները 30-40 օրում կազմակերպվեն, թե սովորականի նման՝ 70, գերծանրաբեռնված աշխատանք է սպասվում
«Ըստ էության, նախնական կարող եմ ասել, որ արտահերթ ընտրությունները մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչեւ հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը»,- երեկ France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընտրություններն անցկացվելու են գործո՞ղ, թե՞ փոխված Ընտրական օրենսգրքով, հնարավո՞ր է արդյոք այդ ժամկետներում պատշաճ պատրաստվել ընտրություններին՝ հետաքրքրվեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից։



**-Պարոն Մուկուչյան, արդեն հայտնի է, որ դեկտեմբերին ընտրություններ են սպասվում, Ձեր կարծիքով, դրանք գործող ԸՕ-ո՞վ կընթանան, թե՞ նոր, որի նախագիծը դեռեւս կառավարության հաստատման փուլում է։**



-Դեռ հայտնի չէ, հայտնի լինում է, երբ որ նշանակվում են ընտրություններ։



**-Վարչապետը հայտարարեց այդ մասին, առաջիկա օրերին հրաժարական կտա, դեկտեմբերին կլինեն ընտրություններ։**



-Դրանք հայտարարություններ են, որոնք վերաբերում են ապագայում տեղի ունենալիք հանգամանքներին։



**-Լավ, ենթադրենք դեկտեմբերի սկզբին ընտրություններ են նշանակվում, գործող ԸՕ-ո՞վ կանցկացվեն, թե՞…**



-Դժվարանում եմ ասել։



**-Կա՞ տեսական հնարավորություն, որ մինչեւ դեկտեմբեր կարող ենք ե՛ւ ԸՕ փոփոխությունների նախագիծն ընդունել, ե՛ւ ընտրություններ կազմակերպել։**



Ես տեղյակ եմ հայտարարություններից, որ նախագիծը պետք է դեռեւս ներկայացվի խորհրդարան։



-**Եթե ընդունենք, որ խորհրդարանն ընդունում է նախագիծը, կարո՞ղ ենք Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիան չպահպանել կամ՝ կարո՞ղ ենք հասցնել ծանոթանալ նոր օրենսգրքին (հարցն անավարտ է մնում)…**



Ես «եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում, թող հայտարարվի ընտրությունների օրը, կտեսնենք՝ ԸՕ-ն կընդունվի՞, չի՞ ընդունվի, այդ ժամանակ դատողություններ կանենք։



**-Այսինքն, Դուք դեռեւս հանձնարարական չե՞ք ստացել ընտրություններին նախապատրաստվելու համար՝ որ օրենսգրքով, ինչպես։**



-Ընտրությունների նախապատրաստումը սկսվում է, երբ նշանակվում են ընտրություններ, իսկ մնացյալ բոլոր գործողությունները սահմանվում են Ընտրական օրենսգրքով, իսկ այդ գործողությունները հնարավոր է մեկնարկել, երբ նշանակվում են ընտրություններ։



**- Փոփոխությունների նախագծին ծանո՞թ եք, ինչպե՞ս կգնահատեք։**



Ես չգիտեմ, թե վերջնական արդյունքն ինչ կլինի․ երբ կընդունվի, նոր կգնահատեմ։



**-Կա՞ն այնպիսի դրույթներ, որոնք գործնականում հնարավոր չէ կիրառել, որոշ փորձագետներ նման տեսակետներ են հնչեցնում։**



-Այս պահին դեռ քննարկումների փուլ է, հիմա ինչպիսի փոփոխություններ կլինեն, վերջնական ինչպիսի տեսք կունենա, դեռ հայտնի չէ, հետեւաբար, դատողություններ անելը հիմա դժվար է։



**-Բոլոր դեպքերում, նախագծում տեսնո՞ւմ եք խնդրահարույց դրույթներ։**



-Կան որոշ դրույթներ, որոնց վերաբերյալ առաջարկներ կներկայացնենք, բայց այդ մասին չեմ ուզում հիմա խոսել, քանի որ այս պահին դրանք համակարգված չեն։ Երբ համակարգենք, կներկայացնենք հանձնաժողովին, եւ կարծում եմ, որ հանձնաժողովը դրանք կքննարկի։ Կարծում եմ՝ նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ կատեգորիկ դատողություն անելը ժամանակավրեպ է։



**-Իսկ հնարավո՞ր է մինչեւ դեկտեմբեր պատշաճ ընտրություններ կազմակերպել։**



-ԸՕ-ում ինչ գրված է, բոլոր իրավանորմերը կպահպանվեն։ Դա բնավ չի նշանակում, որ եթե արտահերթի դեպքում պատրաստությունն ընթանում է 30-40 օրում, սովորականի դեպքում՝ 70, ապա արտահերթի դեպքում ավելի քիչ աշխատանք է արվում, քան հերթականի։ Հակառակը՝ դա նշանակում է գերծանրաբեռնված աշխատանքային շրջան։



**-Իսկ ընտրական հանձնաժողովի անդամները փոխվելո՞ւ են, նոր վերապատրաստո՞ւմ է հայտարարվելու, թե՞ մեկ տարի առաջվա ընտրություններին ձեւավորված կազմերը պահպանվելու են։**



-Ես չեմ կարող ասել՝ մեծ փոփոխություններ կլինեն, թե ոչ, բայց համապետական բոլոր ընտրությունների ժամանակ միշտ էլ վերապատրաստումներ կատարվել են։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**