Վարչապետն առանց պայմանավորվածությունը կատարելու չպետք է խոսի արտահերթ ընտրությունների մասին

Վարչապետն առանց պայմանավորվածությունը կատարելու չպետք է խոսի արտահերթ ընտրությունների մասին
Երեկ երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր էր ստորագրվում, կառավարությունում հանդիպում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյան, ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը և պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։ Ինչո՞ւ Փաշինյանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչո՞ւ չստորագրվեց հուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսեն Համբարձումյանի հետ։



**-Պարոն Համբարձումյան, նախ խնդրում եմ պարզաբանեք ինչո՞ւ Ավինյանի հետ, ոչ վարչապետի, եւ ի՞նչ հարցեր քննարկեցիք։**



-Նախապես պայմանավորվածությունը եղել է, որ հանդիպումը պետք է անցկացվեր այդ ձեւաչափով։



**-Բայց հանդիպումից մի քանի ժամ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպելու է Ծառուկյանի եւ ՀՅԴ-ականների հետ։**



-Ոչ, եղել է այն ձեւաչափով, որով հանդիպումը կայացավ։ Միայն արտահերթ ընտրությունների հարցով չենք սահմանափակվել, քննարկել ենք այլ հարցեր։ Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տեսակետներն ու առարկությունները, կարծում եմ՝ օգտակար հանդիպում էր, եւ հետագա քննարկումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղով։



**-Հուշագիր չստորագրելու փաստը նշանակում է, որ ՀՅԴ-ն դե՞մ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու Փաշինյանի մտադրությանը։**



-Հուշագիր ստորագրելու հարց մեր հանդիպման օրակարգում չի եղել, իսկ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումներում բան չի փոխվել։ Մենք երբեւէ ժամկետների վերաբերյալ բան չենք ասել, այլ դրանք պայմանավորել ենք անհրաժեշտ քայլերով եւ գործողություններով, եւ այդ հաստատումներն արված են կառավարության ծրագրում, քաղաքական ուժերի համաձայնությամբ։



**-Ի՞նչ հաստատումների մասին է խոսքը։**



-Նախքան արտահերթ ընտրությունները պետք է հարգել պայմանավորվածությունը եւ կատարել ծրագրում ամրագրված հետեւյալ հաստատումները, խոսքը Ընտրական օրենսդրության արմատական բարեփոխման, ընտրական ընթացակարգերի փոփոխության եւ Ոստիկանության կարգավիճակի փոփոխության քայլերի մասին է, ճիշտ չէ առանց այս պայմանավորվածությունը կատարելու խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Տեսականորեն հնարավոր է այլ տարբերակ, եթե հնչեն լուրջ հակափաստարկներ ու գործողություններ՝ առանց այդ քայլերի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Պետք է ասեմ, որ մինչ օրս իրենց կողմից հնչած փաստարկները համոզիչ ու հիմնավոր չեն։



**-Եթե իշխանությունը այդ պայմանավորվածությունները չկատարեց, ո՞րն է լինելու ձեր քայլը։**



-Ես կարծում եմ՝ երեկվա քննարկումը շարունակություն կունենա, եւ քննարկումների արդյունքում մենք մեր մոտեցումները կհայտնենք։Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացույց, թե ինչ ժամանակացույցով է հնարավոր անել այդ քայլերն ու գործողությունները։ Որովհետեւ կան բազմաթիվ քայլեր, որոնք պարտադիր պետք է արվեն, նախ կառավարության կողմից պետք է հաստատվի ԸՕ բարեփոխումների փաթեթը, հետո ուղարկվի ԱԺ, որտեղ ընթացակարգով պետք է ընդունվի, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության խնդիր կա, ԿԸՀ-ի կողմից բազմաթիվ նորմատիվ ակտերի ընդունման խնդիր կա, հանձնաժողովականների պատրաստման եւ այլն։ Ուզում ենք հասկանալ այդ ամբողջն ինչպես է հնարավոր անել մինչեւ դեկտեմբեր։



_Մանրամասները __**«Հրապարակ»**__ օրաթերթի վաղվա համարում_