Սառնարանում եղածը կկանխորոշի Փաշինյանի հետագա ճակատագիրը․ «Կոմերսանտ»

Սառնարանում եղածը կկանխորոշի Փաշինյանի հետագա ճակատագիրը․ «Կոմերսանտ»
Ռուսական **«Կոմերսանտ»** պարբերականի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը անդրադարձել է այն հարցին, թե ինչ պետք է հիշի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հեղինակն անդրադարձել է վերջին ներքաղաքական սրմանը, կապված ԱԺ կողմից ընդունված օրենքի հետ, նշելով, որ այդ կերպ փորձ է արվում իշխանության բոլոր լծակները վերցնել սեփական ձեռքերի մեջ։ «Մայիսյան «թավշյա հեղափոխությունը» իրականում հեղափոխություն այդպես էլ չդարձավ։ Հրապարակից գնալով եւ բազմելով վարչապետի աթոռին, Նիկոլ Փաշինյանը նմանվեց գեներալի, ով չունի բանակ։



Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը պահպանել է քաղաքական գործընթացներին ազդելու իր հնարավորությունները եւ հոկտեմբերի 2-ին օգտվելով այդ հնարավորությունից ընդունեց օրենք, որը ըստ էության արգելում է պառլամենտի ցրումը»,- նշում է Սոլովյովը, հավելելով, որ փողոցը միակ հասանելի եւ դեռ կատարելապես իրեն աջակցող ռեսուրսն է, որը ունի իր տրամադրության տակ ժողովրդական տրիբունի նմանվող Փաշինյանը։



Ընդ որում նա չի էլ թաքցնում, որ օգտվելու է այդ ռեսուրսից, մինչեւ լիակատար հաղթանակը, այսինքն, մինչեւ այն պահը, երբ կստանա բացարձակ իշխանությունը։ Իսկ դա հնարավոր կլինի, եթե իր ձեռքի տակ ունենա իրեն լոյալ պառլամենտ։ «Վարչապետության հինգ ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի արել ոչինչ, ինչը կարելի է անվանել ռեֆորմ։ Այն դյուրությունը, որով նա հրաժեշտ է տալիս իր նախարարներին, ցույց է տալիս, որ իր թիմը դեռ ձեւավորված չէ։ Նա ասում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն գործեր հարուցվում են ընդամենը առանձին ներկա եւ նախկին պաշտոնյաների դեմ։ Արդյունքում ստացվում է, որ պայքար է ընթանում ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ առանձին ենթադրյալ կոռուպցիոներների, որոնց մեղքը դեռ պետք է ապացուցվի դատարանում, ինչը միեւնույն բանը չէ»,- գրում է «Կոմերսանտի» հոդվածագիրը։ Սոլովյովը անդրադառնում է նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանի կատարած սխալներին, մասնավորապես հիշեցնելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ կիրառված կալանավորումն ու ապա գրավի դիմաց ազատ արձակումը, ինչը Մոսկվայի՝ Երեւանի հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ զգալի փոփոխություններ մտցրեց, հանգամանք, որ հարկ է, որ Փաշինյանը հաշվի առնի, քանզի Հայաստանի անվտանգության երաշխավորը հենց Ռուսաստանն է եւ բացի այդ էլ, Ռուսաստանից հայկական տնտեսությունը չափազանց կախվածություն ունի։ Պարզ է, որ Փաշինյանը փորձեց նահանջել եւ հարթեցնել առաջ եկած խնդիրները։ «Սակայն այնպիսի երկարակյաց նախագահների համար, ինչպիսիք Պուտինն է, Նազարբաեւը կամ Լուկաշենկոն են, նա երբեք էլ չի դառնա յուրային, քանի որ իշխանությունը ստացել է ամբոխից, իսկ «փողոց» բառը նրանք հասկանում են Արեւմուտք։ Հանգունորեն էլ հասկանալի է՝ վերաբերմունքը Արեւմուտքի հանդե»։



Բավական ուշագրավ է Սոլովյովի ամփոփիչ խոսքը, ըստ որի փողոցը, որին Փաշինյանը փոփոխություններ էր խոստացել, դեռեւս միայն բավարարվում է նրա հետ սելֆի անելու հնարավորությամբ, շռայլորեն նրան ավանսներ է տալիս, ներում սխալները, ուրախանում էկոնոմ դասով թռիչքներով ու հայտարարություններով, որ իշխանությունը երկրում պատկանում է ժողովրդին։ Սակայն հեղափոխական վարչապետը պետք է հիշի, որ մարդիկ կհոգնեն նրա կոչով փողոց դուրս գալ, իսկ ֆեյսբուքի փոխարեն կսկսեն նայել սեփական սառնարանները եւ այդ պահը անպայման գալու է։ Ու ինչ որ տեսան սառնարանի ներսում, կկանխորոշի քաղաքական ապագան»։



Վլադիմիր Սոլովյով



«Կոմերսանտ»