Արմեն Սարգսյանը եվրոպական ընթացակարգ կիրառեց, որին ԱԺ-ն չցանկացավ մասնակցել

Արմեն Սարգսյանը եվրոպական ընթացակարգ կիրառեց, որին ԱԺ-ն չցանկացավ մասնակցել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված խորհրդակցական աշխատանքային խումբը, որը ՍԴ անդամի թեկնածություն պետք է ներկայացներ, վաղուց ավարտել է աշխատանքը։ Այն ստեղծվել էր հունիսի 11-ին։ Խմբի անդամները լսել են առաջադրված բոլոր թեկնածուներին, յուրաքանչյուրն իր նախասիրությամբ մեկ անուն է գրել թղթի վրա եւ փակ ծրարով հանձնել նախագահական։ Շուտով հայտնի կդառնա, թե նրանցից ում կարծիքն է կարեւորել նախագահը։ «Խումբն ավարտել է աշխատանքը։ Նախագահն առաջիկայում որոշում կընդունի»,- հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ առաջարկել էր ՍԴ անդամի թեկնածուի՝ ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանին, որին, սակայն, չհաստատեց Ազգային ժողովը։ Մայիսի 4-ին՝ քվեարկության ժամանակ, նա ստացավ 51 հանրապետականների ձայներ, սակայն «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները բոյկոտեցին քվեարկությունը, եւ Բաբայանը տապալվեց։



Տեղեկություններ կան, որ այս անգամ ՍԴ անդամի ընտրությունը կանխորոշված է․ Արմեն Սարգսյանը նոր իշխանության «ֆավորիտին»՝ Վահե Գրիգորյանին է որոշել ՍԴ անդամ նշանակել։ Ի դեպ, Վահե Գրիգորյանը միակն է եղել հինգ թեկնածուներից, ով մտել է հարցազրույցի եւ հանձնաժողովականների առաջ հայտարարել, որ լեգիտիմ չի համարում այս կազմը, եւ առանց հարցերին պատասխանելու դուրս է եկել։ Հանձնաժողովականներից մեկը, ով չցանկացավ անունը հայտնել, ասաց․ «Վահե Գրիգորյանը նման հայտարարություն չի արել։ Նա հարցազրույցից առաջ մեկ-երկու հարցեր է տվել խմբի անդամներին, մենք էլ նրան պատասխանել ենք։ Միգուցե այդ հարցերում ակնարկ է եղել, որ հանձնաժողովում կան մարդիկ, որոնք չունեն սահմանադրական լիազորություն՝ ՍԴ անդամի թեկնածությունը հաստատելու։ Մենք էլ նրան պատասխանել ենք։ Ամեն դեպքում, մենք իրեն առաջարկեցինք՝ եթե չի ցանկանում մասնակցել հարցազրույցի, կարող է գնալ։ Բայց նա ասաց՝ ոչ, ամեն ինչ նորմալ է, ուզում եմ մասնակցել, եւ մասնակցեց»։



**Ոչ թե քվեարկություն, այլ խորհուրդ նախագահին**



ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս Սամվել Դիլբանդյանն էլ ասաց․ «Վահե Գրիգորյանն ուղղակի հարցադրումներ է արել հանձնաժողովի անդամներին՝ կապված դրա ստեղծման հետ, թե որքանով է լեգիտիմ նման հանձնաժողովի գոյությունը։ Սակայն իրեն հարցեր տրվել են։ Մենք մեր կարծիքները թեկնածուների վերաբերյալ փակ ծրարով ներկայացրել ենք նախագահին, եւ նա իր հայեցողությամբ ընտրելու է նրան, ում ցանկանում է։ Որեւէ պարտադրանք այս կամ այն կերպ քվեարկելու՝ չկա»։ Այսինքն՝ հանձնաժողովականները զուտ խորհրդատվակա՞ն ձայներ ունեն։ «Այո, քվեարկություն չկա։ Որպեսզի նախագահը կողմնորոշվի, թե ինչ թեկնածություն ներկայացնի Ազգային ժողովին, նա կարծիքներ է լսում իրավաբաններից՝ նրանց մասին, ովքեր ՍԴ անդամ լինելու հայտ են ներկայացրել»։ Որեւէ ճնշում կամ կանխակալություն, որ ինչ-որ մեկը հուշի ձեզ, թե ում անունը գրեք ծրարում, չէ՞ր կարող լինել։ «Ոչ, բացարձակ ազատ ենք արտահայտել մեր կարծիքը։ Երբ առաջին անգամ Էմիլ Բաբայանի թեկնածությունն Ազգային ժողովը չհաստատեց, նախագահը ցանկացավ ավելի թափանցիկ դարձնել, ավելի շատ տարբեր գնահատականներ լսել ամեն մի թեկնածուի վերաբերյալ, որպեսզի ընդգրկված լինեն թե՛ գիտական, թե՛ հասարակական կառույցները, որ դրանց ներկայացուցիչներն իրենց գնահատականը տան հայտ ներկայացրած թեկնածուների հեղինակության, աշխատանքային գործունեության, արժանիքների, եւ որ նա ընդհանուր պատկերացում ունենա թեկնածուի մասին, եւ ավելի հիմնավոր լինի ԱԺ ներկայացվելիք թեկնածուի ընտրությունը։ Սահմանված ընթացակարգ չկա, նախագահն ինքն է որոշել, թե ինչպես անի»,- ասաց Սամվել Դիլբանդյանը՝ հրաժարվելով նշել, թե ում է ինքը երաշխավորել որպես ՍԴ նախագահի անդամի թեկնածուի։



Խմբի ղեկավար Էմիլ Տարասյանը չցանկացավ կարծիք հայտնել այս ընթացակարգի վերաբերյալ՝ խորհուրդ տալով դիմել նախագահականին։ Նա աշխատանքային խմբում ներկայացնում է նախագահի աշխատակազմը։ Բոլոր անդամները բացառապես իրավաբաններ են՝ հանրության կողմից ճանաչված։



**Նախագահն իրավաբանների կարծիքներով կաշկանդված չէ**



Նախագահականի մյուս ներկայացուցիչը փաստաբան Զորայր Հարությունյանն է։ Նա ասաց, որ «շատ դրական» է գնահատում ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու այս կարգը։ «Առաջին անգամ է այս մոդելի խումբ ստեղծվել, սա ժողովրդավարությանն ուղղված քայլ էր։ Իհարկե, բացեր եղել են, կատարելագործման տեղ միշտ էլ կա ու կլինի, բայց կարծում եմ՝ այս մոդելն ընդունելի է»։ Ի՞նչ հակասություններ է ունեցել Վահե Գրիգորյանն աշխատանքային խմբի անդամների հետ։ «Հանդիպումների ժամանակ նա մի քանի տեխնիկական, ընթացակարգային հարցերի է անդրադարձել, որոնք ընդունվել են, ընդհանուր պարզաբանում է տրվել։ Քանի որ սա նախադեպը չունեցող գործընթաց է՝ նկատի ունենալով նաեւ ժամանակի սղությունը, բացթողումներն անխուսափելի են, բայց հետեւանք չեն ունեցել»։ Ո՞րն է բացթողումը, ի՞նչ է ասել Վահե Գրիգորյանը, արդյոք վիճարկե՞լ է խմբի լեգիտիմությունը։ «Ուղղակի պարզաբանեմ,- ասաց Զորայր Հարությունյանը,- խումբն օժտված չի եղել ՍԴ անդամ ընտրելու լիազորությամբ։ Նախագահն իրավաբանների կարծիքներով կաշկանդված չէ»։ Լուր կա, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունն արդեն որոշված է, անկախ ձեր կարծիքներից՝ նա է անցնելու։ Ի՞նչ կասեք։ «Ես այդ մասին միայն մամուլից եմ տեղեկացել, ես տեղյակ չեմ, թե ում կառաջադրի նախագահը։ Դա նրա հայեցողական իրավունքն է»։



**ԱԺ հանձնաժողովները չեն ցանկացել ներկայանալ խմբում**



Աշխատանքային խմբում, որը, փաստորեն, չի կարելի անվանել մրցութային հանձնաժողով, ներկայացված են նաեւ ԲԴԽ-ն, ի դեմս իրավագիտության դոկտոր Գեւորգ Դանիելյանի, ՄԻՊ գրասենյակից Նինա Փիրումյանն է, արդարադատության նախարարությունից՝ Աննա Վարդապետյանը, մի քանի համալսարաններից եւս ներկայացուցիչներ կան՝ Կարին Հովսեփյանը (Ֆրանսիական համալսարան), Լեւոն Գեւորգյանը (Ամերիկյան համալսարան), Արամ Վարդեւանյանը (Սլավոնական համալսարան), Փաստաբանների պալատից՝ Տարոն Սիմոնյանը, եւ ՀՀ դատավորների միությունից՝ Վահե Ենգիբարյանը։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովներին եւս առաջարկ է եղել՝ խորհրդատվական աշխատանքային խմբում ներկայացուցիչ ունենալու, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել:



**Սուրիկ Ղազարյանը սկայպով է հարցերին պատասխանել**



ՍԴ անդամի թեկնածու են եղել, բացի Վահե Գրիգորյանից, նաեւ Արդարադատության խորհրդի նախկին քարտուղար Իշխան Նազարյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արթուր Վաղարշյանը, մեկ փաստաբան՝ Բաբկեն Սահրադյանը, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, որը տարիներ առաջ մեկնել էր ԱՄՆ՝ նահանգային իշխանություններին հայտնելով, որ Հայաստանում աշխատանքից ազատվել է ճնշումների ներքո, ի վնաս ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության ցուցմունքներ տալու պատճառով: Բազմիցս գրվել է նաեւ, որ այդ ընթացքում ամերիկյան պետությունն ապահովել է ԱՄՆ-ում մեր հայրենակցի անվտանգությունը, նրան բնակարան եւ թիկնապահներ է տրամադրել։ Սուրիկ Ղազարյանն իրավաբանների հարցերին պատասխանել է «Սկայպ» ծրագրի միջոցով։ Մեր տեղեկություններով՝ ոչ բոլոր թեկնածուներն են ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, ուստի պաշտոնապես հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրվում։



Սլավոնական համալսարանը ներկայացնող սահմանադրագետ Արամ Վարդեւանյանին հարցրինք, թե արդյոք աշխատանքային խումբը կատարե՞լ է իր առաքելությունը, ի՞նչ հարց էր լուծում այն, եթե նախագահը, միեւնույն է՝ հանգիստ կարող է մի կողմ դնել իրավաբանների կարծիքը եւ առաջնորդվել, օրինակ, վարչապետի կարծիքով։ «Հայեցողական իրավունքը նախագահին տրված է ՀՀ Սահմանադրությամբ,- պատասխանեց իրավագետը։- Այս դեպքում նման մարմինները նպատակ ունեն խորհրդակցական կարծիք ձեւավորելու, որը չի կարող լինել պարտադիր բնույթի։ Կարծում եմ՝ սա նորմալ պրակտիկա է, որը մեծ տարածում է գտել նաեւ եվրոպական երկրներում»։



Ամեն դեպքում, մենք տեղեկացանք, որ Արմեն Սարգսյանը, անկախ իրեն ներկայացված կարծիքներից, վերջում անձնապես հանդիպելու է բոլոր թեկնածուներին եւ նոր միայն որոշում կայացնի։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**