«Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունն անտեսված է

«Թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունն անտեսված է
Նախորդ շաբաթ շատ երկրների ղեկավարներ շնորհավորեցին Հայաստանի նախագահին եւ վարչապետին՝ ՀՀ անկախության վերանվաճման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Բայց մի երկրից ստացված շնորհավորանքն արժանի է առանձնահատուկ ուշադրության:



Սեպտեմբերի 20-ին Հայաստանի անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է ուղարկել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդալազիզ աս-Սաուդը: Հեռագրում մասնավորապես ասված է. «Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ հղում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն եւ երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը՝ էլ ավելի առաջընթաց ու բարգավաճում»: Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահին շնորհավորել է նաեւ սաուդական թագավորության թագաժառանգ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ աս-Սաուդը: Իսկ սեպտեմբերի 23-ին ՀՀ նախագահն է Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել Սաուդյան Արաբիայի թագավորին:



Ինչո՞վ են ուշագրավ Արաբական թերակղզու եւ Ծոցի ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի միապետի ու թագաժառանգի շնորհավորանքները: Սաուդական թագավորությունը նավթի պաշարներով ամենահարուստ երկրներից է աշխարհում: Այն իսլամի բնօրրանն է, կրոնապետություն, որը ձգտում է դառնալ ամբողջ իսլամական աշխարհի առաջատարը՝ մրցելով Իրանի, Թուրքիայի հետ: Բայց Սաուդյան Արաբիան՝ Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին, մեկն է այն 4 երկրներից, որոնք Ղարաբաղի հակամարտության պատճառով հրաժարվում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եւ սա տարիներ շարունակ եղել է մեր պետության արտաքին քաղաքականության ամենալուրջ բացերից մեկը: Ի դեպ, շատերը Հայաստանում կարծում են, թե Սաուդյան Արաբիան, ինչպեսեւ Պակիստանը, չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Իրականում Պակիստանն է միակ երկիրը, որը չի ճանաչել, իսկ Սաուդյան Արաբիան ճանաչել է, բայց դիվանագիտական հարաբերություններ չունի:



Ամեն դեպքում, Էր-Ռիյադի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեծ նվաճում կլինի Հայաստանի համար, քանի որ Սաուդյան Արաբիան, որպես իսլամի դրոշակակիր, աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում՝ որպես մուսուլմանական երկրի, Ադրբեջանն էլ, շահարկելով իսլամի գործոնը, խեղաթյուրում է պատմությունը, հայ-ադրբեջանական հակամարտության էությունը, փորձում է դրան կրոնական երանգ հաղորդել եւ Հայաստանի դեմ տրամադրել իսլամական երկրներին: Օրինակ, նախորդ տարի Ալիեւը հոդված էր հրապարակել Իսլամական համագործակցության կազմակերպության ամսագրում՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին չհամագործակցել Հայաստանի հետ: Բաքվի բռնապետը գրել էր, թե հայերն «արյունոտ քայլերի են գնացել» վերջին 200 տարիների ընթացքում եւ պետականություն են ստեղծել «Ադրբեջանի բնօրրանը համարվող հողերի վրա»: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման դեպքում Հայաստանը կունենա լծակ՝ ազդելու Ադրբեջան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների վրա եւ նվազեցնելու հնարավոր ռիսկերն Արցախի հարցում:



Թեմայի շուրջ զրուցեցինք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։



**-Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարների միջեւ շնորհավորանքների փոխանակումն ինչ-որ նշանակություն ունի՞ երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյունից:**



-Չնայած նրան, որ 2 երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, Սաուդյան Արաբիան եւ Հայաստանը շնորհավորեցին միմյանց ազգային տոները: Սա կարող է վկայել որոշակի դրական միջավայրի մասին: 2017թ. Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից եւ Հայաստանում իշխանափոխությունից հետո տեսանելի են որոշ հեռանկարներ՝ երկկողմ հարաբերություններում: Առհասարակ, եթե դիտարկում ենք Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականությունը, ապա հատկապես, երբ թագավորության իշխանությունը փաստացի իր ձեռքը վերցրեց արքայազն Մուհամմադ իբն Սալմանը, որոշակի վերախմբագրումներ տեղ գտան նաեւ Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական օրակարգում: Բավականին կառուցողական հարաբերություններ հաստատվեցին այնպիսի երկրների հետ, որոնց հետ Էր-Ռիյադը նախկինում ունեցել է սառը հարաբերություններ․ Իրաքի, Ինդոնեզիայի հետ: Սաուդյան Արաբիայի քայլերը պետք է դիտարկել հենց այս հարթությունում: Էր-Ռիյադը նախադրյալներ է ստեղծում՝ վերականգնելու արտաքին քաղաքականության մինչ այդ եղած բացերը: Եվ Հայաստանի հետ հարաբերվելու այդ դրական ֆոնը կարելի է դիտարկել հենց այս դիտանկյունից:



**-Սաուդյան Արաբիան, որպես իսլամական աշխարհի առաջատարներից մեկը, միջազգային հարթակներում աջակցում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայկական դիրքորոշումներին: Նաեւ լարված հարաբերություններ ունի Իրանի հետ, եւ հնարավոր է այդ հարաբերությունների սրացումն ազդի Հայաստանի վրա, եթե Իրանում ապակայունացվի իրավիճակը: Հետեւաբար, ի՞նչ նշանակություն ունի Էր-Ռիյադի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար:**



-Գուցե Սաուդյան Արաբիան իր բնույթով խնդրահարույց երկիր է, ունի խնդիրներ ինչպես մուսուլմանական, այնպես էլ ոչ մուսուլմանական մի շարք երկրների հետ, այդուհանդերձ, կարծում եմ՝ հարցը պետք է դիտարկել բոլորովին այլ տեսանկյունից եւ պետք է հիմք ընդունել գոնե նվազագույն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, այսինքն՝ այնպիսի մեխանիզմների ձեւավորումը, որոնք ավելի լուրջ խնդիրների ծագման դեպքում հնարավորություն կընձեռեն երկխոսություն սկսել կամ ինչ-ինչ տարաձայնություններ կարգավորել: Այսօր մենք չունենք անգամ նվազագույն հարաբերություններ այս կարեւոր երկրի հետ, որն առանցքային դերակատար է ե՛ւ արաբական-մուսուլմանական աշխարհում, ե՛ւ առհասարակ տարածաշրջանային գործընթացներում: Եվ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, նվազագույն շփումների առկայությունը դեռեւս չի նշանակում տարբեր ոլորտներում հարաբերությունների ակտիվացում կամ փոխհամագործակցության խորացում: Խոսքն ընդամենը մերօրյա աշխարհի համար այնքան տարրական թվացող դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանն այս թագավորության հետ չունի որեւէ վիճելի խնդիր, շահերի բախում եւ այլն:



**-Բայց եթե ԼՂ հակամարտության կարգավորման հարցով են պայմանավորում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, կարծում եք՝ մինչեւ հարցը չլուծվի, Թուրքիան, Սաուդյան Արաբիան հարաբերություններ չե՞ն հաստատի:**



-Կարծում եմ՝ ամեն դեպքում Հայաստանը պետք է վարի նախաձեռնողական քաղաքականություն: Իհարկե, Սաուդյան Արաբիան չունի այն նշանակությունը Հայաստանի համար, ինչ Թուրքիան, քանի որ վերջինի հետ հարեւան երկիր ենք, առկա են պատմական կնճիռներ, փակ սահմանների խնդիրը եւ այլն: Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիան եւս կարեւոր երկիր է, եւ ՀՀ-ն ամեն դեպքում պետք է ցուցաբերի որոշակի նախաձեռնողականություն՝ փորձելով հաստատել նվազագույն հարաբերություններ: Էր-Ռիյադի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը թույլ կտա որոշ չափով ճեղքել նաեւ Հայաստանի շրջափակման, մեկուսացմանն ուղղված ադրբեջանա-թուրքական քաղաքականությունը: Նույն պնդումը կարելի է անել նաեւ Պակիստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Ընթացիկ տարվա հուլիս ամսին այդ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ նոր իշխանությունների կողմից նաեւ արտաքին քաղաքականությունը վերանայելու ձգտման պայմաններում, հնարավորություն կա նաեւ Իսլամաբադի հետ երկխոսության մեխանիզմներ ձեւավորելու: Նշվածի համատեքստում Հայաստանի դիվանագիտությունը պետք է անընդհատ գործի: Երեւանը պետք է ստեղծի բոլոր հնարավոր մեխանիզմները, այսպես կոչված՝ դիվանագիտական խողովակները՝ ե՛ւ տարածաշրջանային գործընթացների, ե՛ւ անմիջականորեն Հայաստանին սպառնացող վտանգների պարագայում սեփական խնդիրներն ինքնուրույն՝ առանց միջնորդի լուծելու հնարավորություններ ստեղծելու համար: Իսկ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խնդիր է, որը հետագայում՝ տարածաշրջանում իրավիճակի թեժացման պարագայում, կարող է բարդություններ առաջացնել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում:



**-Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ մի քանի օր առաջ Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն իրականացրել է Սաուդյան Արաբիայի հետ կապ ունեցող «ալ-Ահվազիա» խմբավորումը:**



-Կարծում եմ, որ այդ ահաբեկչական հարձակումն Իրանի դեմ ծրագրվող մեծ արտաքին դավադրության շղթայի մի օղակ է, որի նպատակն Իրանում ներքին իրավիճակի ապակայունացումն է, եւ միանշանակորեն համոզված եմ, որ ինչ կառույց էլ իրականացրած լինի այդ հարձակումը, ամեն դեպքում այդ գործողության պատվիրատուն հակաիրանական դիրքորոշում ունեցող արտաքին դերակատարներից որեւէ մեկն է: Դա կարող է լինել Սաուդյան Արաբիան կամ Պարսից ծոցի միապետություններից որեւէ մեկը, կամ արտատարածաշրջանային այլ ուժեր:



**-2017 թ. մայիսին ՀՀ նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց Կատար, 2 երկրները փորձեցին զարգացնել երկկողմ հարաբերություններ: Դրանից հետո որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ Կատարը կարող է կապող կամուրջ դառնալ դեպի Սաուդյան Արաբիա: Ունե՞ք տեղեկություններ վերջերս Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ՀՀ-ի կողմից դիվանագիտական ջանքերի գործադրման մասին:**



-ՀՀ նախագահի՝ Կատար կատարած այցից կարճ ժամանակ անց կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայի եւ Կատարի հարաբերությունները. Էր-Ռիյադը մի շարք արաբական երկրների հետ ցայժմ շարունակում է Դոհան շրջափակելու քաղաքականություն վարել: Այս հակամարտության մեջ Երեւանի դիրքորոշումը՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին, պրո-կատարական է, հետեւաբար, Դոհայի միջնորդության հնարավորության վարկածն օրակարգից դուրս է գալիս: Առհասարակ, ցանկանում եմ ընդգծել, որ իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղությունը բավականին պասիվ է: Համենայնդեպս, այս ուղղությամբ բացահայտ օրակարգային քայլեր չեն նկատվում՝ ի տարբերություն Ռուսաստանի, Արեւմուտքի հետ հարաբերությունների, ինչը, իմ կարծիքով, մեր թերացումներից մեկն է: Պետք է ակտիվ քայլեր նախաձեռնել այս բացթողումը շտկելու համար: Մենք գիտենք, որ իշխանափոխությունից հետո տեւական ժամանակ նախապատրաստվում է վարչապետի այցն Իրան, որն անընդհատ հետաձգվում է: Չկան փոխայցելություններ արաբական երկրների հետ:



**-Փաշինյանի` ԱԺ-ում ներկայացված ծրագրում էլ խոսք չկար արաբական աշխարհի հետ հարաբերությունների մասին:**



-Այո, մերձավորարեւելյան երկրների հետ բարեկամական հարաբերությունների ուղղությունը, կարծես, անտեսված է: Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ Սաուդյան Արաբիայից հնչած շնորհավորանքները կապված են կատարյան ճգնաժամի առնչությամբ Հայաստանի դիրքորոշման հետ, որն ակնհայտ հակասաուդական էր: Եվ ներկայում՝ իշխանափոխության արդյունքում ձեւավորված նոր վարչակազմի պայմաններում, գուցե Էր-Ռիյադը նման քայլով փորձում է մանեւրելու միջավայր ձեւավորել Երեւանի մերձավորարեւելյան քաղաքականության համար:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**