Մարզպետից ես հարցնում՝ Փաշինյանից են խոսում

Մարզպետից ես հարցնում՝ Փաշինյանից են խոսում
Օրերս մենք փորձեցինք Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում պարզել, թե ինչ կարծիքի են արտաշատցիները նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանի մասին: Բայց, զարմանալիորեն, բնակիչներին հենց որ մարզպետի մասին հարց էինք ուղղում, նրանք սկսում էին խոսել Փաշինյանից, հեղափոխությունից եւ երկրում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններից: Կոնկրետ մարզպետի մասին ոչ ոք դրական կամ բացասական կարծիք չարտահայտեց: Դա կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ բնակիչները կա՛մ առայժմ որեւէ կարծիք չեն կազմել նրա մասին, կա՛մ խուսափում են խոսել. Փաշինյանն ավելի անշառ թեմա է մարզաբնակների համար: Միայն երկու հոգի հպանցիկ ասացին՝ երիտասարդ է, դեռ կաշխատի՝ կտեսնենք: Ու դրանից հետո մարզպետի թեման անմիջապես կապում էին Փաշինյանի հետ. «Դե որ Փաշինյանը վստահել է, ուրեմն մի բան գիտի, որ վստահել է: Փաշինյանը ճիշտ մարդ է, նրա արածը ոչ ոք չկարողացավ անել այսքան տարի»:



Հարցին, թե հեղափոխությունից հետո ինչ է փոխվել մարզում, Արտաշատում, մի տարեց բնակիչ ասաց. «Երիտասարդներին հարցրեք, մենք ի՞նչ գիտենք, 70-80 տարեկան մարդ ենք: Մեզ պետք է, որ թոշակ բարձրանա, էժանացում լինի, գնալով ամեն ինչ թանկանում է: Բայց Փաշինյանն ի՞նչ մեղք ունի: Էս երկիրն էնքան են թալանել, որ Փաշինյանը որտեղ նայում է՝ թալան է հայտնաբերում: Ամոթ չե՞ն անում, ժողովուրդը փողոցում հաց է մուրում, իրենք դղյակներ ու պալատներ են կառուցել իրենց համար: Հիմա էլ Փաշինյանի հետեւից կծում են: Մի երկուսը կան՝ էն քաչալ գլխով պատգամավորն ու էն մեկը՝ Շարմազանովը: Այ մարդ, էդ տղեն նոր ա եկել, թողեք աշխատի: Բա էն ժամանակ, որ ձեր ընկերներն էին թալանում, խի՞ չէիք խոսում, նո՞ր է լեզուներդ բացվել: Բայց չեն կարող Փաշինյանին խանգարել, դրանց էլածն ի՞նչ ա, Փաշինյանը մի հատ փռշտա՝ սաղ կփախնեն»: Այստեղ զրուցակցիս ընդհատեց կողքին նստած մեկ այլ տարեց տղամարդ. «Այ մարդ, ի՞նչ գիտես էս աղջիկը որ կողմից ա եկել, որ էդքան բաներ ես ասում»: Հարցիս, թե ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից վախենո՞ւմ են, զգուշավոր տղամարդն ասաց. «Դե, 22 թիվն է՝ բոլշեւիկներ, մենշեւիկներ, ես ի՞նչ իմանամ, դու էսա գնալու ես, մենք այստեղ ապրում ենք, չընկնեն հետեւներիցս»: Զրուցակիցներս չհստակեցրին, թե ով կարող է իրենց ետեւից ընկնել:



Հարկ է հիշեցնել, որ այստեղ ժամանակին իրար դեմ էին պայքարում Հովիկ Աբրահամյանի, «Ավշարի» Գրիգորյանների ու Ալիկ Սարգսյանի կլանները, եւ ոչ միայն Արտաշատում, այլեւ մարզում վախի ու լարված մթնոլորտ էր տիրում: Իսկ հարցիս, թե Արտաշատում է՞լ են հանցագործներ ու թալանչիներ հայտնաբերվում, պատասխանեցին. «Չէ, մեր քաղաքում հանցագործ ու թալանչի չկա ու չի եղել: Նման բան գոյություն չունի»:



Ավելի համարձակ մի տարեց տղամարդ, ով ներկայացավ որպես թոշակառու Ավետիսյան, ասաց. «Ինչ անում ա Փաշինյանը, լավ ա անում: Էս ժողովրդին սոված սպանեցին: Վերջում բոլորս չորս տախտակ ենք տանելու, ամոթ չի՞, էս ի՞նչ եք արել: Փաշինյանը պիտի մեզնից գողացած բոլոր փողերը ետ բերի, սաղիս ստրուկ էին սարքել, Փաշինյանը սաղիս ազատեց, մալադեց տղուն: Նրան մենակ խանգարում են, շատ են խանգարում: Փաշինյանը չպետք է թույլ տա, որ հանկարծ Հանրապետականը գլուխ բարձրացնի, մենք էլ տղուն պետք է օգնենք, միշտ օգնենք: Նրա մեջքին մենք ենք կանգնած: Տարիքիս մի նայի, պետք լինի, որ օրը Փաշինյանն ասի, բոլորս գնալու ենք, ամբողջ ժողովուրդը Փաշինյանին է պաշտպանելու, նա իսկական, ճիշտ մարդ է, մալադեց իրան: Հլա մեկն իրան նեղացնի, էս չալիկը գլխին կջարդեմ»։ Քաջաբար իր խոսքն ամփոփեց թոշակառու Ավետիսյանը, ով, սակայն, չհամաձայնեց լուսանկարվել։



**Նաիրա ՎԱՆՅԱՆ**