Պետք էր արագ ազատվել առավել վարկաբեկված դատավորներից

Պետք էր արագ ազատվել առավել վարկաբեկված դատավորներից
Փաստաբան **Մուշեղ Շուշանյանն** այն իրավաբաններից է, ովքեր բացարձակ չեն հավատում դատական համակարգի անկախությանը: Հեղափոխությունից առաջ նա հրաժարվում էր այս թեմայի շուրջ որեւէ հարցի պատասխանել՝ պատճառաբանելով. «Հայաստանում անկախ դատարան չի կարող լինել որեւէ դեպքում, քանի դեռ ժողովրդի իշխանությունը յուրացված է»։ Այսօր երկրում իրավիճակ է փոխվել, եւ այն գործիչները, որոնք իրենց ձեռքում էին պահում դատարանները, նոր իշխանություններին մեղադրում են դատավորներին հրահանգավորելու մեջ: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը, կարծես, լրացուցիչ առիթ տվեց նման մեղադրանքների համար: Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ այդ խոսակցության հրապարակումով փորձ արվեց հասարակական կարծիք ձեւավորել՝ այն ուղղորդելով ներկայիս գործադիր իշխանության ղեկավարության եւ անձամբ վարչապետի դեմ, նրան մեղադրելով արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորների վրա ճնշում բանեցնելու եւ Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու մեջ։ Փաստաբանը պատասխանեց մեր հարցերին:



**-Պարոն Շուշանյան, Ձեր կարծիքով, ո՞վ եւ ինչո՞ւ էր գաղտնալսել եւ հրապարակել ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի զրույցը:**



-Սա քարոզչական պատերազմի կանոններով իրականացված հատուկ օպերացիա էր, որի նպատակը Մարտի 1-ի գործով քննության ընթացքը խոչընդոտելը, իրականացվող բացահայտումների ընթացքը վիժեցնելը եւ, ի վերջո, շանտաժի միջոցով Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվությունից ազատելն է։ Նախաքննության ընթացքին նման անթույլատրելի միջամտության համար պատասխանատու է առաջին հերթին ներկայիս գործադիր իշխանության ղեկավարությունը, որովհետեւ վերջինս մինչ այս պահը նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ դրսեւորել է չարդարացված մեղմ մոտեցում, գործել է գերօրինականության դաշտում, ինչը, բնականաբար, վերջիններիս կողմից պետք է ընկալվեր որպես թուլության վկայություն եւ նրանց մղեր գործով նախաքննության ընթացքին նման միջամտությանը։ Պետք է հասկանալ, որ, ի դեմս Քոչարյանի, մենք գործ ունենք խիստ վտանգավոր հանցագործի հետ, ով ոչ միայն մինչեւ 2008 թվականը կազմավորել եւ ղեկավարել էր հանցավոր համագործակցություն, որի միջոցով բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, տապալել սահմանադրական կարգը, այլեւ զավթել էր պետությունը՝ այն վերածելով հանցավոր համագործակցության կողմից հանցագործությունների իրականացման գործիքի (այս խիստ ճշգրիտ իրավական ձեւակերպման հեղինակը Վարուժան Ավետիսյանն է)։ Եվ, ուրեմն, ոչ թե պետք էր սահմանափակվել ՌՔ-ին սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեղադրանքով, այլ նրա մեղադրանքը պետք է լրացվեր նաեւ վերը նշված եւ բազմաթիվ այլ հանցանքների կատարման համար մեղադրանքներով, եւ նա ու հանցավոր համագործակցության մյուս ղեկավար ու առանցքային դեմքերը պետք է կալանավորվեին։



**-Բայց ինչպե՞ս դա անել, եթե դատավորները չեն համարձակվում կամ չեն ցանկանում նման որոշումներ կայացնել:**



-Պետք է հաշվի առնել, որ դատական համակարգը բաղկացած է բացառապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված դատավորներից, ովքեր մասնակից են եղել ռեժիմի հակառակորդների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարների իրականացմանը, մարդկանց ունեզրկման գործընթացներին եւ բազմաթիվ այլ հանցանքների կատարմանը։ Այնպես որ՝ դատական անկախ իշխանություն ձեւավորելու նպատակով պետք էր արագ եւ կտրուկ քայլեր ձեռնարկել աստիճանաբար, բայց հետեւողականորեն՝ առավել վարկաբեկված դատավորներից ազատվելու եւ նրանց նոր, մաքուր կենսագրությամբ կադրերով փոխարինելու ուղղությամբ։ Իսկ առկա իրավիճակը փաստում է, որ դատական իշխանությունը շարունակում է յուրացված մնալ եւ հիմնականում շարունակում է սպասարկել նախորդ հանցավոր ռեժիմի շահերը։ Տարիներ շարունակ քաղաքական հաշվեհարդարի գործիքի գործառույթ իրականացրած դատավորները չէին կարող ակնթարթորեն վերափոխվել եւ սկսել արդարադատություն իրականացնել։ Այժմ ունենք մի իրավիճակ, երբ առավել օդիոզ դատավորներից չձերբազատվելու եւ դատարանների գործունեությանը չմիջամտելու հետեւանքով նույն Մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցանքների կատարման մեջ մեղադրվող Քոչարյանը եւ մյուսները գտնվում են ազատության մեջ, սակայն գործող գործադիր իշխանության ղեկավարությանը մեղադրում են արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ։ Այս վիճակն այլեւս անհանդուրժելի է, եւ անհրաժեշտ է կտրուկ, վճռական գործողությունների միջոցով անձամբ Ռոբերտ Քոչարյանին եւ ժողովրդի իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը տապալելու համար մեղավոր հանցավոր համագործակցության պարագլուխներին ու առանցքային դեմքերին մեկուսացնել։ Այս գաղտնալսման եւ դրա հրապարակման փաստերը վկայում են, որ նրանց՝ ազատության մեջ մնալն անթույլատրելի է, եւ բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նախաքննության ընթացքին միջամտելու փորձերը շարունակական բնույթ կարող են ստանալ։ Ի վերջո, աներկբա է, որ կա Քոչարյանին մեկուսացնելու թե՛ հանրային պահանջ, թե՛ հանրային շահ, որը Մարտի 1-ի գործով նախաքննության անխոչընդոտ իրականացման ապահովումն է՝ մեղավորներին անխուսափելիորեն քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։



**-Հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը չի՞ վկայում արդյոք, որ դատարանին ուղղված որոշակի հրահանգներ կան ԱԱԾ-ի կողմից:**



-ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության բովանդակությունը որեւէ դատավորի վրա ճնշում գործադրելու կամ նման փորձ կատարելու մասին որեւէ փաստ չի պարունակում։ Միակ հարցը, որի բացահայտման ուղղությամբ պետք է քննություն իրականացվի, գաղտնալսման իրականացման հանգամանքները, դրան առնչություն ունեցող անձանց բացահայտելը եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն է։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**