Վալերի Օսիպյանը կրակն է ընկել վարչապետի հրահանգների ձեռքը

Վալերի Օսիպյանը կրակն է ընկել վարչապետի հրահանգների ձեռքը
Օրեր առաջ Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, զայրացած ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին գաղտնալսելու փաստից, կարգադրեց վրեժ լուծել մերօրյա օլիգարխներից՝ հենց հարթակից հրահանգելով ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին «իրականացնել ռեյդ՝ օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել»։ Վարչապետը 2 ժամ տվեց՝ արդյունքների մասին զեկուցելու համար։ Նաեւ սպառնաց իր պոտենցիալ թիրախներին․ «Էսա մենք նենց ձեզ youtube-ում տեղադրենք, որ չկարողանաք էնտեղից դուրս գալ»։



Հաջորդ օրը իրավապահներն անցան գործի՝ քաղաքի տարբեր հատվածներում կանգնեցնելով Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, «Սիգարոնի» սեփականատերերից Սիմոն Պողոսյանի թիկնազորի անդամներին։ Ալեքսանյանի թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիան տեսանկարահանվեց եւ տեղադրվեց youtube-ում, բայց` պատահական անցորդների կողմից։ Վարչապետի հանձնարարականը ոստիկանությունը կատարեց ժամկետի կոպիտ խախտումով եւ ոչ լիարժեք։ Երեկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չկարողացավ հստակ պատասխանել, թե ինչու։ Նա նախ նշեց, որ չի կարող ոստիկանությունը վարչապետի հանձնարարականն ուշ կատարել՝ չբացատրելով, թե ինչպես է ստացվել, որ փաստացի ուշ է կատարել, չասաց նաեւ, թե ինչու չեն տեղադրել youtube-ում՝ նշելով, որ ամեն ինչ չէ, որ կարող են հրապարակել, եւ չկարողացավ նշել այն իրավական հիմքերը, համաձայն որոնց կանգնեցրել ու պառկեցրել են այդ անձանց թիկնապահներին։



«Ոչ թե ոստիկանությունը հաճույք է ստանում որեւէ մի քաղաքացու գետնին պառկեցնելուց կամ որեւէ մի գործողություն անելուց, այլ դա օրինական գործընթաց է եւ պայմանավորված է նրանով, որ մենք ունենք տեղեկություններ, որ իրենք կրում են զենքեր, եւ պետք է ճշտենք՝ դրանք օրինակա՞ն են, թե՞ ոչ։ Եվ զինված քաղաքացին մշտապես հանդիսանում է վտանգ քաղաքացիների, այդ թվում՝ իրավապահների համար»,- ասաց ոստիկանապետը։ Թեեւ վարչապետի հանձնարարականից ենթադրվում էր, որ այդ անձանց «ասֆալտին փռելուց» ոմանք հաճույք կստանան։ Ոստիկանապետը նաեւ նշեց, որ իրենք միայն ուղեկցող մեքենաներն են կանգնեցրել, իսկ բուն օլիգարխներին ձեռք չեն տվել։ Մինչդեռ վարչապետն ասել էր՝ զինաթափել եւ ասֆալտին պառկեցնել օլիգարխներին, պաշտոնյաներին ու նրանց թիկնապահներին։ Ի դեպ, անհասկանալի է նաեւ, թե իրավական ինչ հիմնավորմամբ են նրանց ասֆալտին պառկեցնելով զենքերը ստուգում։ Եթե կանգեցնեն, մարդավարի պահանջեն ցույց տալ զենքն ու փաստաթղթերը, մի՞թե չեն տրամադրի։ Էլ չենք ասում, որ թիկնապահ ունենալն արգելված չէ, իսկ նրանք օրինական զենք ունեն, շատերը գրանցված են պահնորդական ընկերություններում, եւ զարմանալի է, որ ոստիկանությունը հենց հիմա «օպերատիվ տվյալ իրացրեց»։ Այս հարցերին Օսիպյանն ի զորու չէ պատասխանել, քանի որ դրանց պատասխանը մեկն է՝ եղել է քաղաքական հրահանգ, որը կատարելու համար չեն առաջնորդվել ո՛չ իրավաբանությամբ, ո՛չ տրամաբանությամբ։



Ի դեպ, Օսիպյանը չկարողացավ ձեւակերպել նաեւ, թե ով է օլիգարխը, եւ Խաչատուր Սուքիասյանը, օրինակ, օլիգա՞րխ է, թե՞ ոչ։ «Թույլ տվեք չասել»,- ասաց նա։ Վարչապետի այս հրաման-հանձնարարականն ուշագրավ է նաեւ նրանով, որ առաջին անգամ ուժային կառույցի ղեկավարներին հրաման է արձակվում կուսակցական հանրահավաքի հարթակից եւ ոչ ֆորմալ բառապաշարով։ Օսիպյանին հարցրինք՝ քանի՞ անգամ է վարչապետն իրեն հանրահավաքի հարթակից հրաման տվել, եւ արդյոք օրենքը թույլ տալի՞ս է զինվորականին նման կերպ հրահանգներ տալ։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Ես իմ վերադասի գործողություններն իրավասու չեմ մեկնաբանել»,-կրկին խուսափեց Օսիպյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**