Եւ Իսագուլյա՞նն ասաց…

Եւ Իսագուլյա՞նն ասաց…
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը հերթական մամուլի ասուլիսն է [անցկացրել](https://168.am/2018/09/13/1009318.html#.W5oz9S6OSo4.facebook) եւ մի քանի սկզբունքային նշանակության հայտարարություն արել: Նրա կարծիքով, մասնավորապես, հանրության կարելի է վստահ ասել, որ «մարտի 1-ի գործն ամբողջությամբ քաղաքական պատվեր է»:



Իսագուլյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականն է եղել եւ կարող է անձնական նախասիրություններ ունենալ, ինչպես նաեւ՝ անհատական տեսակետ: Բայց նա Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուի պաշտոնն է զբաղեցնում: Եւ ստացվում է, որ Իսագուլյանի գնահատականներն ինչ-որ առումով ընկալվում են որպես Արցախի պաշտոնական տեսակետ: Այսինքն տվյալ դեպքում նա հանդես է գալիս նաեւ իմ՝ Արցախի քաղաքացու՞ անունից:



Իսագուլյանը պետք է հաշվի առնի, որ տասնյակ հազարավոր արցախցիներ բոլորովին այլ կարծիք ունեն Հայաստանի ներքին իրավիճակի մասին եւ չեն կիսում իր գնահատականները: Եւ տրամաբանական կլիներ, եթե Արցախի իշխանությունները հստակություն մտցնեին՝ Իսագուլյանը մասնավո՞ր տեսակետ է արտահայտում, թե՞՝ պաշտոնական: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ Իսագուլյանն օգտագործում է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատուի պաշտոնը, հրավիրում մամուլի ասուլիսներ եւ հնչեցնում տեսակետներ, որոնք կարող են ազդել Հայաստան-Արցախ հարաբերություններին, հանրային կարծիք ձեւավորել, թե Արցախում չեն պաշտպանում Հայաստանի նոր իշխանություններին եւ Ռոբերտ Քոչարյանին համարում են քաղաքական հալածյալ: Խնդիրը պետք է պարզվի՝ Իսագուլյա՞նն է այդպես ներկայացնում, թե հանդես է գալիս Արցախի քաղաքական ղեկավարության անունի՞ց: