Երևանի 4 բժշկական կենտրոն կունենա կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունք

Երևանի 4 բժշկական կենտրոն կունենա կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունք
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծ և հայտարարեց․«Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատությունները պետք է ունենան հատուկ բաժանմունքներ դատապարտված կամ կալանավորված անձանց համար։ Մարզերում 100 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցները նույնպես պետք է ունենան նմանատիպ բաժանմունքներ: Բացի դրանից, անհրաժեշտություն է առաջացել, որ բժշկական սպասարկումն ու ծառայությունը դուրս բերվեն քրեակատարողական ծառայության ենթակայության տակից: Այս որոշումը հենց միտված է նրան, որ ստանդարտները բոլորի համար լինեն նույնը»:



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ապագայում մենք չենք ունենալու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:



Զեյնալյանը նշեց․ «Օբյեկտիվորեն չենք կարող չունենալ այդպիսի հիվանդանոց, թեթև հիվանդությունների դեպքում մեզ համար ավելի նպաստավոր կլինի, որ մենք ունենանք այսպիսի հիվանդանոց: Նեղ մասնագիտացված, բարձր որակավորում պահանջող սպասարկումը կիրականացնենք 500 և ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատություններում, իսկ ավելի թեթև, հսկողության կարիք ունեցող հիվանդների համար կունենանք առնվազն 2 այսպիսի հիվանդանոց: Մեկը նախատեսում ենք փոխարինել ներկայիս կենտրոնական հիվանդանոցը մոտ 100 մահճակալ ունեցող կենտրոնով, երկրորդ, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էլ կունենանք փակ ռեժիմի համար նախատեսված հիվանդների համար կենտրոն»:



Առողջապահության նախարարն էլ հավելեց՝ 500 և ավելի մահճակալ ունեցող 4 հիվանդանոց կա մայրաքաղաքում՝ «Ուռուցքաբանության ազգային կենտրոն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները: Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը: Այն Երևանի հիվանդանոցների դեպքում կսկսի գործել 1 տարի անց, իսկ մարզերի համար՝ 2 տարի հետո: