ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում

ԵԿՄ-ում կրքերը չեն հանդարտվում
ԵԿՄ համագումարին ընդառաջ «Երկրապահում» կրքերը նոր թափ են ստանում։ Մանվել Գրիգորյանի յուղոտ աթոռը կռվախնձոր է դարձել նախկին ու ներկա ԵԿՄ-ականների համար, դրան տիրանալու համար ազատամարտիկները, ինչպես ռազմի դաշտում, կենաց-մահու կռվի են ելել, որոշները կորցրել են ադեկվատությունը։



Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանի ղեկավարած ԵԿՄ վարչությունում պատրաստվում են սպարապետ Վազգենի եղբորը՝ Արամ Սարգսյանին դարձնել ԵԿՄ նախագահ, ինչին ընդդիմանում են ԵԿՄ-ի հետ «մանվելիզմի» ժամանակաշրջանում կապերը խզած ազատամարտիկների տարբեր խմբեր՝ Ազատամարտիկների դաշինքի անդամներ Ռուստամ Գասպարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Մելքոնյանը, որոնք հակված են ԵԿՄ-ն կոլեգիալ կառավարման հանձնելուն։ Մյուս խմբավորումը ղեկավարում է իրեն ԵԿՄ հիմնադիր նախագահ համարող Արայիկ Խուդավերդյանը՝ Կոռնիձորցի Արոն, ով հայտարարել է նախագահի պաշտոնում ինքնառաջադրվելու եւ ԵԿՄ-ն «չկռվածներից» ազատագրելու մասին։ Հատկապես ակտիվ գործունեություն է ծավալում Կոռնիձորցի Արոն, ով այս օրերին, այսպես կոչված, այլընտրանքային ԵԿՄ է ստեղծում՝ ձեռնոց նետելով Մանվել Գրիգորյանից ժառանգություն մնացած կառույցին։ Երեկ նա յուրայիններով Էջմիածնի մշակույթի տանը նիստ է հրավիրել՝ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահի թեկնածու ներկայացրել ազատամարտիկ Գեւորգ Սարգսյանի թեկնածությունը։ Այնինչ դեռեւս հունիսի 29-ին ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Մաթեւոս Ներսիսյանը՝ փոխարինելով հայտնի գործով կալանավորված Մանվել Գրիգորյանի որդուն՝ Արման Գրիգորյանին։



ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը երեկ մեզ հետ զրույցում անօրինական համարեց Էջմիածնում կայացած նիստը․ «Դա մեր ԵԿՄ-ն չէ, ով էլ նման հավաք է արել, անօրինական է։ Մենք ունենք կանոնադրություն, որտեղ հստակ ֆիքսված է՝ երբ կարող է տարածքային բաժանմունքը նիստ հրավիրի, երբ կարա բաժանմունքի նախագահ ընտրվի, ում կողմից է լիազորված եւ այլն։ Այդ ամեն ինչը կանոնադրությամբ հստակ գրված է»։ Կետիկյանը նկատեց, որ նիստ անողներից շատերն ըստ էության ԵԿՄ անդամ էլ չեն․ «Եվ չի նշանակում, որ 5-10 անդամով առանց վարչության կարող են նիստ հրավիրել։ ԵԿՄ-ն կարգապահություն ու կանոնադրություն ունի, որով շարժվում է»։ Կետիկյանը չպատասխանեց, թե ինչ նպատակ են հետապնդում իրենց գործընկերները, մեկ անգամ եւս հիշեցրեց, որ Կոռնիձորի Արոն վաղուց ԵԿՄ անդամ չէ․ «Եվ ընդհանրապես ԵԿՄ համագումարին մասնակցելու համար տվյալ տարածքային բաժանմունքն իր տարածքում պետք է ժողով անի, իսկ Կոռնիձորի Արայիկը Աշտարակի Արայիկն է, ի՞նչ գործ ունի Էջմիածնում»։ Նա բացառեց նաեւ, թե ինչ-ինչ հանգամանքների բերումով կհրաժարվեն Արամ Սարգսյանի թեկնածությունից․ «Արամ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանում են տարածքային կառույցներն ու ԵԿՄ-ականները, կողքի կառույցները կարող են իրենց կարծիքն ունենալ, դա հեչ չի ազդի մեր վրա»։ Փոխարենը հարցերիցս Կոռնիձորի Արոն կորցրեց ադեկվատությունը, եթե, իհարկե, ունի դրանից, ու ինձ մեղադրեց «Կետիկյանի պատվերը կատարելու ու «սեռի» խաղ տանելու» մեջ։ Ապա այնքան գազազեց, որ սպառնաց․ «Փոխի ոճդ, վտանգ կլինի քեզ, սեռի ոճդ փոխի»։



«Եթե չեք ուզում տեսնել՝ կռված տղաներն ովքեր են, երկրապահ լափողները՝ ովքեր, ուրեմն իմացեք՝ իրանք չկռվածներով են էդ բաժանմունքն ընտրել, մենք՝ կռվածներով»։ Նա խորհուրդ տվեց իր անդամության վրա կասկածող Կետիկյանին հերթական անգամ վերընթերցել ԵԿՄ կանոնագիրքը․ «ԵԿՄ հիմնադիր նախագահ, Դուք Կետիկյանին հարց ուղղեք՝ եթե մասնակցի վկայականը տրվում է մարդկանց, որի վրա դեղինը գրված է կարմիրի վրա՝ Երկրապահ կամավորականների, որն ամրագրված է նաեւ երկրորդ, թե երրորդ կանոնակարգով։ Նայեք էդ կանոնակարգը, նոր փորձեք պատմություն կեղծել»։ Երբ հարցերը շարունակեցինք, Խուդավերդյանը հոխորտաց․ «Նրանց բերանի խոսքը մի ասեք ինձ ու մի ներքաշեք մուտիլովկեքի մեջ, ես իմ պայքարը տանում եմ հաղթանակի համար։ Իսկ նրանք՝ կետիկյաններն ու իրանց ավագ ընկերները, բոլոր տարածքներում վճարում են լրագրողներին, որպեսզի պրովոկացիոն պահեր ստեղծեն»։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե իրավական ինչ մեխանիզմներով են իրենք գործունեություն ծավալելու, Խուդավերդյանը հեռախոսի այն կողմից ճչաց․ «Մանվելիզմի կարծիքներն ինձ հետաքրքիր չեն, վսյո։ Վարչությունն իմ համար եղանակ չի, ես չեմ ճանաչում այդ վարչությունն իր գործունեությամբ»։ Իսկ կարողանալո՞ւ եք համագումարին պատվիրակներ գործուղել։ «Երեւի դուք կլինեք մեր պատվիրակության ներկայացուցիչը։ Ինչ ա, իրանք ցայտնոտի են գալիս, որ կռվողնե՞րն են դառնում պատվիրակ, որ ձեն չեն կարողանալու հավաքել։ Կետիկյան, պատմություն կեղծելով՝ պատմություն չես շինի»,- ադեկվատությունը գնալով ավելի ու ավելի էր կորցնում մեր զրուցակիցը։ Հարցրինք՝ ամեն ինչ անելու եք, որ Արամ Սարգսյանը չդառնա՞ նախագահ։ «Արամ Սարգսյանից հարց մի տվեք ինձ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ լուծարվի հին վարչությունը, ստեղծվի նորը, երկրապահները հավաքվեն «Երկրապահում», ոչ թե կողքով անցնեն ու ասեն՝ չկռվածների տունն ա, մենք ստեղծեցինք, ուրիշները վայելեցին։ Մի հին զապիս են դրել՝ ԵԿՄ-ն ստեղծողների մասին, մտեք նայեք ու հարցերն ուղղեք «կետիկներին»։ Արամ Սարգսյանին հարցրեք՝ Դուք պատերազմ անցել եք, Արոն՝ ո՞չ , ո՞ւմ թեկնածուն է նա, ո՞վ է վարչությունը՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Հերմինե Նաղդալյա՞նը, թե՞ Արամ Սարգսյանը»։ Նաեւ ասաց, որ խիստ ուռճացված է ԵԿՄ-ի թիվը՝ 68 հազար անդամ։ Հետաքրքրվեցինք իր համակիրների թվի մասին։ «Մեկը դու ես, ես էլ հաշվապահ չեմ, որ դնեմ ու հաշվարկեմ»։ Զրույցի վերջում էլ մեզ խորհուրդ տվեց չմտնել «էս ամեն ինչի արանքը»․ «Մանվելի տուշոնկեքը տեսանք, էլի, դրանք սաղ հանցագործ են ու գալիս են էդ տուշոնկեքը փակեն՝ Մանվելին պահելով»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**