Ընտրություններ՝ առանց ընդդիմության

Ընտրություններ՝ առանց ընդդիմության
Եթե հին Հայաստանում իրական ընդդիմություն լինելը մեծ պատիվ էր, նույնքան անպատվաբեր է նոր Հայաստանում ընդդիմադիր լինելը։ Քաղաքական ուժերն աննախադեպ իրավիճակում են հայտնվել ու չեն համարձակվում Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ընդդիմանալ, քանի որ այն ձեւավորվել է համաժողովրդական շարժման արդյունքում, իսկ հետհեղափոխական զանգվածներն անարգանքի սյունին են գամում ցանկացած քննադատություն իշխանության դեմ։ Իրավիճակն այնքան զավեշտալի է, որ անցած շաբաթ փորձառու գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկ հնչեցրեց արտահերթ ընտրություններին մեկ միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ՝ հիմնավորելով, որ հեղափոխության հարցում նաեւ իրենց կուսակցությունն ավանդ ունի։ Դրանից առաջ էլ Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն ձեւավորեց եւ հիմնադիր համագումարում ընդգծեց, որ ընդդիմություն չեն լինելու Նիկոլ Փաշինյանին։



Առաջիկա արտահերթ ընտրություններին կպահպանվի՞ նույն իրավիճակը, քաղաքական դաշտն ընտրությունների կգնա առանց ընդդիմադիր ուժերի՞, բացառությամբ ՀՀԿ-ի, թե՞ ամիսների ընթացքում կարող է իրավիճակ փոխվել։



Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակից, «Ժառանգության» վարչության անդամ **Սուսաննա Մուրադյանը** բնական է համարում այս իրավիճակը։ «Այո, Նիկոլն է ամփոփել, գեներացրել հեղափոխության ամբողջ պրոցեսը, բայց աշնանից սկսած՝ մենք եղել ենք Ճակատի ակտիվ անդամներ, մենք եղել ենք առաջնագծում։ Ինչպե՞ս կարող ենք մեր ցանկությանն ընդդիմադիր լինել, քանի որ մենք ինքներս էինք ուզում, որ ամեն ինչ փոխվի, եւ դրանով սատարում էինք հեղափոխությանը»,- զարմանում է նա՝ հավելելով․ «Անձամբ ես չեմ հասկանա, թե մենք ինչին ենք ընդդիմադիր, մենք ՀՀԿ-ի իշխանությանն էինք ընդդիմադիր, որը, բարեբախտաբար, տապալվեց։ Հիմա շարունակե՞նք ասել, որ մենք էլի ընդդիմադիր ենք, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ն, ո՞ւմ։ Նախ՝ ժամանակավոր կառավարություն է, որը տրամաբանական շարունակությունն է հեղափոխական պրոցեսների եւ, հետեւաբար, արտահայտում է հարյուր հազարավորների կամքը, մենք ո՞նց կարող ենք հրապարակներում հավաքված այդքան մարդկանց դեմ լինել»։



Այդ դեպքում ինչո՞ւ պետք է ընտրողը «Ժառանգությանը» ձայն տա։ ««Ժառանգությանն» ընտրողը ձայն կտա, քանի որ քիչ ընդդիմադիր ուժերից մեկն է, որ երբեւէ չի եղել իշխանության, որ չկա այդպիսի պրոցես՝ այս կամ այն խնդրով բողոքի ցույց կամ հանրահավաք, որտեղ ակտիվ մասնակցություն չի ունեցել «Ժառանգությունը»։ Եղել է նաեւ Խորենացու դեպքերին՝ ժողովրդի կողքին, ձերբակալվել են մեր կուսակցության լիդերներից շատերը։ «Ժառանգությունը» եղել է Ճակատի ֆորմատում ակտիվ մասնակից եւ վերջում էլ «Իմ քայլի եւ «Մերժիր Սերժին»-ի հետ։ Հիմա էլ ակտիվ մասնակցում է Ընտրական օրենսգրքի քննարկումներին, հանդես է գալիս նորարարական առաջարկներով»։



Հիմնադիր խորհրդարանի անդամ **Ալեք Ենիգոմշյանը**, ում թիմը նույնպես կուսակցություն ձեւավորելու ճանապարհին է եւ մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշեց՝ քանի որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, այդ պատճառով որեւէ ուժ չի ցանկանում «ընդդիմություն լինել՝ հանուն ընդդիմության»։ Նա միեւնույն ժամանակ ասաց, որ չնայած իրենց թիմը նույնպես այս իշխանությունների աջակիցն է, սակայն պետք է ձեւավորել «կայուն» քաղաքական դաշտ։ «Մենք գիտենք, որ նախորդ իշխանությունները փոշիացրել են քաղաքական դաշտը, նույնիսկ ընդդիմությունը մեծ հաշվով ընդդիմություն չէր, եւ այսօր իրենց փոշիացումով չկա քաղաքական ձեւավորված դաշտ, որն առաջին անհրաժեշտությունն է»,- ասաց Ենիգոմշյանը։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով մեկ անվան տակ հանդես գալը, Ենիգոմշյանի կարծիքով, չի նպաստի քաղաքական դաշտի ձեւավորմանը․ «Միեւնույն ժամանակ չի նշանակում, որ եթե ընտրապայքարին մասնակցում է հինգ ուժ, ապա պետք է իրար կոկորդ կրծեն։ Ամեն դեպքում կառուցողական ընդդիմություն է պետք՝ հստակ օրակարգերով, գաղափարական մրցակցությամբ։ Գուցե այդ ուժերն իրար լրացնեն, ամբողջացնեն, բայց ոչ իրար կոկորդ կրծեն։ Նոր ժամանակներ են, ու այս ժամանակներում ինքնանպատակ ընդդիմություն լինելը ոչ մի տեղ չի տանի, եւ երբ ես ասում եմ, որ մենք ընդդիմադիր չենք լինի, դա չի նշանակում, թե կպաշտպանենք այս իշխանություններին, կառուցվում է նոր քաղաքական դաշտ, եւ դա պետք է կառուցվի օրակարգերի, գաղափարների մրցակցության տիրույթում»։



Հայ կառուցողական կուսակցության ղեկավար **Անդրիաս Ղուկասյանն** էլ ասաց, որ ժամանակավոր կառավարությանն ընդդիմություն լինելն անհնար է․ «Ով է լինելու ընդդիմություն, ով՝ իշխանություն, որոշելու է ընտրողը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»։ Ղուկասյանին առավել մտահոգում է, որ այսօր քաղաքական տարբեր ուժեր ունեն տարբեր ռեսուրսներ ու հնարավորություններ, եւ ժամանակավոր կառավարության խնդիրը պետք է լինի հավասար պայմանների ստեղծումը արտահերթ ընտրություններին, հակառակ դեպքում, նրա խոսքով, իշխանությունը խստորեն կպատժվի միջազգային հանրության կողմից․ «ԶԼՄ-ների ազատություն, Ընտրական օրենսգրքի թերությունները պետք է շտկվեն եւ այլն»։ Իսկ ընտրություններին մրցակցությունը կլինի գաղափարների շուրջ, Ղուկասյանը վստահ է, որ ընտրողը հենց այդ չափորոշիչներով էլ կկայացնի իր ընտրությունը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**