«Լեվի» գազի մասին խոսակցություններն ընդամենը դիլետանտություն են

«Լեվի» գազի մասին խոսակցություններն ընդամենը դիլետանտություն են
Այն, որ գազալցակայանների շուկան Հայաստանում միշտ եղել է ուշագրավ թե՛ բիզնեսի տեսանկյունից, թե՛ սպառողական պահանջարկի ձեւավորման, ակնհայտ է, քանի որ սեղմված բնական գազը եղել եւ մնում է համեմատաբար էժան շարժիչային վառելիք:



Շահագործվող 350-360 ԱԳԼՃԿ-ները կամ գազալցակայանները լուրջ շուկա է մեր հանրապետության մասշտաբով վերցրած եւ, բնականաբար, պետական վերահսկողության տիրույթում պարբերաբար հայտվում է ստուգումների թիրախում մե՛կ ԱԻՆ-ի կողմից անվտանգության նորմերի պահպանման պահանջով, մե՛կ ՊԵԿ-ի կողմից՝ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման: Օրերս ՊԵԿ-ը ստուգումների արդյունքում հայտարարեց, որ ԱԳԼՃԿ շահագործող 7 ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ 2016-2018 թթ. ընթացքում այդ ընկերությունները ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետեւանքով խուսափել են, համապատասխանաբար, մոտ 750 մլն դրամ հարկ վճարելուց: Իհարկե, «Գազպրոմ Արմենիա»-ն օպերատիվ արձագանքեց, որ թվարկված ցանկից իր դուստր ընկերություն է հանդիսանում միայն «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով, իսկ մյուս ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որեւէ առնչություն չունեն:



Ուշագրավ էր, սակայն, որ որոշ շրջանակներ շտապեցին այդ օրերին «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի ողբերգական դեպքը պայմանավորել ՊԵԿ-ի ստուգումներով, ինչը, լավատեղյակների կարծիքով, առնվազն կոռեկտ չէ, բայց գուցե որոշակի ուշադրություն է հրավիրում՝ հանրային կարծիքի համար մանիպուլյացիոն ֆոն ստեղծելով։ Եվ, ուրեմն, հասկանալու համար, թե որտեղ է «թաքնված շան գլուխը» կամ, այսպես ասած՝ «լեւի» գազը, փորձենք մի փոքր ուսումնասիրություն կատարել ոլորտին առնչվող պաշտոնական վիճակագրության մեջ՝ ելնելով հրապարակված տվյալներից:



Նախ, հենց ՊԵԿ-ի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վիճակագրական տվյալները համադրելով երեւում է, որ վերջին 10 տարիներին բնական գազի շուկայում ավտոգազալիցքավորման ճնշակայանը (ԱԳԼՃԿ) միակ սեգմենտն է, որտեղ յուրաքանչյուր տարի պահպանվել է իրացման ծավալների կայուն աճ։ Միակ տարին, երբ արձանագրվել է ԱԳԼՃԿ-ների իրացման ծավալների նվազում, եղել է 2016թ., երբ «ռեգուլյար» տեսակի բենզինի միջին գինը 2015թ. համեմատ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նվազել էր 15%-ով, իսկ ներկրված ավտոմեքենաների թիվը՝18.5%-ով։



Վերջին հինգ տարիներին հատկապես սեղմված գազի իրացման ծավալների աճը մեծապես պայմանավորված է եղել ներկրվող ավտոմեքենաների թվի ավելացումով։ Սեղմված գազի ծավալների աճին առավել նպաստել է մինչեւ 5 հազար դոլար արժեք ունեցող ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք հանդիսանում են ոչ թե պերճանքի առարկա, այլ ընդամենը փոխադրամիջոց եւ ինտենսիվ շահագործվում են անձնական նպատակներով եւ որպես տաքսի։



Այսպես, օրինակ, անցած տարի Հայաստան ներմուծվել է «ոչ թանկ» մոտ 35 հազար ավտոմեքենա, իսկ ԱԳԼՃԿ-ների իրացված գազի ծավալը կազմել է 477,6 մլն խմ՝ աճելով 2,5%: Այս տարվա վեց ամիսներին Հայաստան ներմուծվել է մոտ 23 հազար ավտոմեքենա (մինչեւ 5 հազար դոլար արժեք ունեցող), եւ այդ ժամանակահատվածում ԱԳԼՃԿ-ների կողմից իրացվել է 237,8 մլն խմ սեղմված գազ (աճը կազմել է 8,5%)։ Հաշվի առնելով, որ 2018թ. առաջին կեսին շահագործվել են նաեւ 2017թ. երկրորդ կիսամյակում ներկրված մեքենաները, հետեւապես ԱԳԼՃԿ-ների իրացման ծավալների 8,5% աճը պայմանավորված է նաեւ այդ ավտոմեքենաներով։



Ի դեպ, այս տարվա սկզբի դրությամբ Հայաստանի ավտոպարկի 69%-ը՝ որպես շարժիչային վառելիք, օգտագործում է սեղմված գազ՝ միջազգային կառույցի (International Association for Natural Gas Vehicles) տվյալների համաձայն, ինչը համեմատության մեջ բարձր ցուցանիշ է ոչ միայն տարածաշրջանի երկրների համեմատ, այլեւ այն երկրների, որոնք ունեն բնական գազի սեփական պաշարներ: Այդ թվում՝ բնական գազի պաշարներ ունեցող Ուզբեկստանում սեղմված գազը՝ որպես շարժիչային վառելիք, օգտագործում է ավտոպարկի 41%-ը, բնական գազով հարուստ հարեւան Իրանում այդ թիվը կազմում է 32%, իսկ մեր պես բնական գազի սեփական պաշարներ չունեցող Վրաստանում ավտոմեքենաների ընդամենը 7,7%-ն է գազը որպես շարժիչային վառելիք օգտագործում։



Հետեւաբար, հիմք ընդունելով առաջարկ-պահանջարկի ձեւավորման տնտեսագիտական կանոնը, կարող ենք փաստել, որ ԱԳԼՃԿ-ներում սեղմված բնական գազի իրացման աճն օբյեկտիվորեն պայմանավորված է եւ պայմանավորված է լինելու ներկրված ավտոմեքենաների քանակով՝ ինչպես նախորդ տարիներին։



Իսկ մասնագետները համարում են, որ ԱԳԼՃԿ-ներում «լեւի» գազի մասին խոսակցությունները դիլետանտությունից այն կողմ չեն կարող անցնել, որովհետեւ, ապրանքային առանձնահատկությունից ելնելով, այն հնարավոր չէ ո՛չ պահել, ո՛չ էլ թաքցնել: ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի մեծածախ գնման եւ մանրածախ վաճառքի շղթայում գազի ծավալը հաշվառվում է թե՛ մուտքի, թե՛ վաճառքի ժամանակ:



**Սարգիս ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ**