Վենետիկի հանձնաժողովին խաբելու մտադրություն չկա

Վենետիկի հանձնաժողովին խաբելու մտադրություն չկա
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը, որը երեկ իր անդրանիկ նիստն անցկացրեց, կարծես փոշմանել է՝ ԸՕ փոփոխություններն անպայման կանցնեն Վենետիկի հանձնաժողովով ու կստանան դրա եզրակացությունը։ Մինչդեռ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր չէ, հանձնաժողովի առաջարկներն ունեն խորհրդատվական բնույթ, եւ Հայաստանի խորհրդարանն օրենքներ ընդունելիս պարտավոր չէ դրանք հաշվի առնել:



Հիմա կարծում են, որ անպայման պետք է անցնի Վենետիկի հանձնաժողովով։ Այս «եզրակացությանը» Դանիել Իոաննիսյանը երեւի թե հանգել է օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները հասկացրել են, որ Վենետիկի հանձնաժողովն այլընտրանք չունի, իսկ ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փաստացի իր ելույթում ասել է, որ պատրաստ են խորացնելու հանձնաժողովի հետ համագործակցությունը։ Ըստ երեւույթին՝ Դանիելը շտապել էր Վենետիկի հանձնաժողովի կարեւորությունը նսեմացնելու հարցում, մինչեւ որ ավելի վերեւներից լրիվ հակառակի մասին հայտարարեցին՝ ի չիք դարձնելով նրա հապճեպ, թերեւս առանց իրենց հետ համաձայնեցնելու արված հայտարարությունները։



Երեկ Դանիել Իոաննիսյանը փորձեց սրբագրել իր նախկին ասածները․ «Վենետիկի հանձնաժողով ուղարկել-չուղարկելու հարցը չեմ կարծում, որ օրակարգում կա, որովհետեւ Վենետիկի հանձնաժողով, իհարկե, բոլոր կարեւոր բաներն ուղարկվելու են, ավելի կարեւոր է, թե որքանով են Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները տեղ գտնելու Ընտրական օրենսգրքում։



Նախկինում, երբ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է, եւ Վենետիկի հանձնաժողովը տվել է բազմաթիվ խորհուրդներ, որոնք տեղ չեն գտել Ընտրական օրենսգրքում։ Եվ կան ռեկոմենդացիաներ, որ տասնամյակներ շարունակ համարյա Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է, եւ դրանք Ընտրական օրենսգրքում տեղ չեն գտել։ Դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է եղել։ Այսինքն՝ կարեւորը բովանդակայինն է՝ որքանով են Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները տեղ գտնում օրենսգրքում եւ ոչ թե՝ ինչ ժամկետում ուղարկվեց Վենետիկի հանձնաժողով եւ այլն»։



Դանիելի կարծիքով՝ այն, որ այսքան տարի Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները տեղ չեն գտել Ընտրական օրենսգրքում, այդ ամբողջ պրոցեսները կրել են զուտ ձեւական բնույթ։ «Որովհետեւ Վենետիկի հանձնաժողովից տարիներ շարունակ մարդիկ նախագծից նախագիծ նույն խորհուրդները տալիս էին, նույն խորհուրդները նաեւ պահանջում էր էստեղի ընդդիմությունն ու քաղհասարակությունը, եւ դրանք տեղ չէին գտնում նախագծում»։



Հիմա, եթե այդ խորհուրդները տան, իրենք ընդունելո՞ւ են, որ դարձյալ ձեւական բնույթ չկրի այդ հանձնաժողովի կարծիքը։ «Հա, չէ, ձեւական չի լինելու, Վենետիկի հանձնաժողովին խաբելու մտադրություն չկա»։ Այսինքն՝ կընդունե՞ք իրենց խորհուրդները, եթե տան։ «Գոնե չենք խաբի իրենց»,- ասաց Իոաննիսյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**