Այս պահին երկու մոտեցում՝ ամբողջովին համամասնական կամ խառը ռեյտինգային համակարգ

Այս պահին երկու մոտեցում՝ ամբողջովին համամասնական կամ խառը ռեյտինգային համակարգ
Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձանաժողովն այսօր գումարեց իր անդրանիկ նիստը։ Ներկա էին հանձնաժողովը ղեկավարող, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսայնը։



Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ քննարկել են նախընտրական քարոզչությանը վերաբերող կարգավորումները։ Նա նաև տեղեկացրեց, որ երբ այս հանձնաժողովը կունենա հստակ արձանագրումներ և ամրագրված հայեցակարգ, իրենք կհանդիպեն ու կքննարկեն նաև խորհրդարանական ուերի հետ այս հայեցակարգը, ինչպես նաև կունենան հանրային և արտախորհդրարանական ուժերի հետ քննարկում։



**Hraparak.am**-ի հարցին՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մասին խոսք եղե՞լ է, Միրզոյանն ասաց․ «Ռեյտինգայինի մասին էսօր հանձնաժողովը քննարկում չի ունեցել, բայց չեմ ուզում խուսափել հարցից, նաև խոսեմ էդ մասին։ Էս պահին ինձ հայտնի թերևս երկու մոտեցում է շրջանառվում։ Դրանք հետևյալն են՝ ունենալ ամբողջովին մաքուր համամասնական ընտրակարգ, և ունենալ էսպես ասած՝ խառը համակարգ, որը համամասնականն է, բայց ողջ երկիրը մեկ ընտրատեղամասի տրամաբանությամբ ռեյտինգային, երբ որ մի համամասնական ցուցակ է, բայց ընտրողները կարող են էդ ցուցակի մեջ վարչադասավորումներ անել իրենց քվեով։ Սրանք երկուսն էլ առայժմ շրջանառվող վարկածներ են, որևէ հարցի շուրջ որոշում չկա»։



Նկատենք, որ երկրորդ տարբերակը՝ երկրի ամբողջ տարածքով ռեյտինգային ընտրակարգը, Դաշնակցության գաղափարն էր, նրանք էին մշտապես այդ տարբերակի մասին խոսում։ Ի դեպ, թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ Դանիել Իոաննիսյանը հայտարարեցին նաև, որ ԸՕ բարեփոխումների նախագիծը անպայման կանցնի Վենետիկի հանձնաժողովով և կստանա նրանց եզրակացությունը։ Մինդչեռ նույն Դանիել Իոաննիսյանը օրեր առաջ հայտարարել էր, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կրել է ձևական բնույթ,և որ այդ խողովակով անցնելը պարտադիր չէ։



Մանրամասն՝ վաղը, **«Հրապարակի»** հերթական համարում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**