«Նորֆոլկը» դեռ շարունակում է գործել, բայց՝ ԱԱԾ-ի հսկողությամբ

«Նորֆոլկը» դեռ շարունակում է գործել, բայց՝ ԱԱԾ-ի հսկողությամբ
ԱԱԾ-ն կարծես թե արդեն հրաժարվել է այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ ՊԵԿ-ի գործառույթներն իրականացնելուց։ Գործի է անցել ՊԵԿ քննչական վարչությունը՝ գործ հարուցելով հայտնի կարգոների դեմ, որոնց հախից գալու համար մեկ տարի առաջ ստեղծվեց «Նորֆոլկ քոնսալթինգը»։ Բայց «Նորֆոլկի» հախից էլ եկավ ԱԱԾ-ն։ Մի խոսքով՝ ամեն ինչ խառն է։ Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խուսափեց հստակ պատասխան տալ, թե հարկայինի մասով ԱԱԾ-ն գործառույթ ունի՞, ինչո՞ւ է ՊԵԿ ոլորտի բացահայտումներով զբաղվում։ Փոխարենը մեզ «Նորֆոլկի» կարգոների ճակատագրից որոշ մանրամասներ հայտնեց ՊԵԿ նախագահ **Դավիթ Անանյանը**։ Նա ասաց, որ կարգոների նկատմամբ գործն առանձին դրվագներով առանձին էպիզոդներ են։ «Նախկինի հետ կապված պրոցեդուրաներ կան, եւ նախկինի որոշ ֆրագմենտներ կան, դրանց վերաբերյալ քննություն է իրականացվում։ Քննության շահերից ելնելով, բնականաբար, էս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ իրավունք չունեմ»։



**- Իսկ «Նորֆոլկի» մասով ի՞նչ կարող եք ասել։**



«Նորֆոլկը» լուծարային գործընթացում է գտնվում, ներքին անվտանգության երկու աշխատակցի անմիջական հսկողության ներքո իրենք շարունակում են նույն գործառույթն իրականացնել, որպեսզի պրոցեսը չկանգնի, մարդիկ դժգոհություն չունենան, եւ միաժամանակ նաեւ քննարկվում է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության ստեղծումը, որը գործառույթներով գրեթե նման է լինելու, բայց լինելու է ավելի թափանցիկ։



**- Այսինքն՝ հիմա «Նորֆոլկը» դեռ աշխատում է, իր ֆունկցիաներն է իրականացնում։**



«Նորֆոլկը» շարունակում է աշխատել ԱԱԾ-ի եւ մեր ներքին անվտանգության աշխատակիցների անմիջական հսկողությամբ։



**- Տեղեկություններ կային, որ խնդիրներ էին առաջանում մաքսազերծումների հետ կապված, երբ «Նորֆոլկի» հետ կապված այս բացահայտումները եղան, քանի որ չէին կարողանում մաքսազերծումը կազմակերպել։**



Առաջանում էին, որովհետեւ աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ կային։ Դրանք տեխնիկական խնդիրներ էին, հիմա չկան։



**- Իսկ կարգոների մասո՞վ ինչ է սպասվում, հայտնի է, որ դրանց հետեւում ազդեցիկ դեմքեր էին կանգնած, որոնց մասին բազմիցս գրել ենք։ Հնարավո՞ր է այսօր այդ քրգործի շրջանակներում նշյալ անձինք կանչվեն պատասխանատվության։**



Ուրեմն եկեք էսպես ասենք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով քննությունը կամ որեւէ գործառնություն, որ իրականացվում է ՊԵԿ-ի կողմից, իրականացվում է տվյալ հարկ վճարողի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե ով է նրա թիկունքում կանգնած։



**- Ի՞նչ հոդվածով է հարուցված քրեական գործը։**



Չեմ կարող ասել, այստեղ քննչական գործողությունների գաղտնիություն կա։



**- Իսկ մաքսազերծումներում գնային փոփոխություն կա՞, եթե նորից «Նորֆոլկն» է շարունակում իրականացնել։**



Համենայնդեպս, էն 0.7 տոկոսը, որ «Նորֆոլկը» վերցնում էր որպես ծառայության վճար, դա եւս գնում է պետական բյուջե։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**