Խախտվել է «Հանրային խորհրդի ձեւավորման մասին» օրենքը

Խախտվել է «Հանրային խորհրդի ձեւավորման մասին» օրենքը
Երեկ լուրեր կային, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պիտի այցելի Հանրային խորհուրդ։ Բայց այցը չի կայացել։ Հանրային խորհրդի անդամ **Վազգեն Սաֆարյանը** մեզ ասաց, որ վարչապետի հետ պայմանավորվածություն կա, որ առաջիկայում պետք է այցելի ՀԽ, բայց օր ու ժամ դեռ չի որոշվել։ Նշենք, որ Հանրային խորհուրդը, որի մասին օրենքն ընդունվեց նախորդ կառավարության օրոք, դեռ չի ձեւավորվել։ Մենք տեղեկացանք, որ օրենքի նախանշած ժամկետները խախտվել են՝ խորհրդի նոր կազմը պետք է ձեւավորվեր նոր վարչապետի նշանակումից հետո մեկ ամսվա ընթացքում, բայց վարչապետի նշանակումից արդեն մեկուկես ամիս է անցել, իսկ խորհուրդը դեռ չի ձեւավորվել։ Նշենք, որ նախագահական կառավարման ժամանակ Հանրային խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին էր, հիմա արդեն վարչապետին կից է լինելու։ Սաֆարյանը նախ ասաց, որ երբ վարչապետն այցելի ՀԽ, անդամներն իրենց կարծիքը կհայտնեն ստեղծված իրավիճակի, իրենց կատարած աշխատանքների, ինչպես նաեւ ապագա աշխատանքների կազմակերպման, ձեւավորման մասին։ Ինչ վերաբերում է խորհրդի նոր կազմի ձեւավորմանը, ասաց․ «Ըստ օրենքի՝ Հանրային խորհրդի առաջին 15 անդամին պետք է նշանակի վարչապետը, երկրորդ 15 անդամները պետք է ընտրվեն հանձնաժողովներով, երրորդ 15 հոգին ընտրվում է արդեն առաջին եւ երկրորդ 15 հոգիների կողմից»։



**- Իսկ դա ե՞րբ պետք է ձեւավորվի, կարգն ինչպե՞ս է։**



Դե, կարգն էսպես է, որ վարչապետի ընտրվելուց կամ նշանակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում արդեն պետք է Հանրային խորհրդի առաջին 15 հոգուն վարչապետը հաստատի։ Բայց դեռ չի հաստատել։ Դրա համար էլ ՀԽ նախագահն այդ մասին նրան տեղյակ է պահել եւ հիշեցրել է, որ օրենքն այսպիսին է։



**- Փաստորեն, ժամկետն անցել է, եւ խախտվել է օրենքը։**



Դե, չի խախտվել։ Ես կարծում եմ, որ դա էդքան էլ էական չէ։



**- Իսկ Հանրային խորհրդի նախագա՞հն ինչպես է նշանակվում։**



Կարգն էսպես է․ երբ որ Հանրային խորհուրդն ամբողջովին ձեւավորվում է, նոր այդ ձեւավորված Հանրային խորհուրդն իր անդամների միջից ընտրում է ՀԽ նախագահին։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**