Արտահերթ ընտրությունների 99 տարբերա՞կ

Արտահերթ ընտրությունների 99 տարբերա՞կ
Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանը** խուսանավեց արտահերթ ընտրությունների մասին հարցից՝ ասելով, որ քննարկում չեն ունեցել, բայց պատրաստ են սահմանադրական ճանապարհով ցանկացած գործընթացի։ «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, եւ Սահմանադրությունն էլ թույլ է տալիս, ապա կքննարկենք, բայց մենք Փաշինյանի հետ այդ հարցը չենք քննարկել։ Իսկ առայժմ որեւէ դրդապատճառ չեմ տեսնում, որ այդ հարցը բարձրացնենք, որովհետեւ մենք հայտարարում ենք, որ պատրաստակամ ենք ապահովել ԱԺ բնականոն աշխատանքը»,- ասաց նա։ Հարցրինք՝ օրինակ, ՀՀԿ-ն կողմ կքվեարկի՞ Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, որով կառաջարկվի վերացնել իշխանության վերարտադրության գլխավոր «զենք» ռեյտինգային ընտրակարգը։ «Դուք խոսում եք մի հարցի մասին, որը միայն ԱԺ-ն չի լուծում։ Ընտրական օրենսգիրքը միջազգային բազում կառույցներ է անցնում՝ Վենետիկի հանձնաժողով, այլ կառույցներ»։ Եթե միջազգային կառույցները հավանություն տան փոփոխություններին, ՀՀԿ-ն չի՞ դիմադրի։ «Դուք նորից ընկաք «եթե»-ների գիրկը, ո՞ւր է այդ նախաձեռնությունը, թող բերեն, նոր կխոսենք»։ Բաղդասարյանը չբացառեց, որ բազմաթիվ օրենքներում, իր խոսքով, «հարյուրավոր» փոփոխություններ կարող են տեղի ունենալ՝ ԸՕ, ԱԺ կանոնակարգ-օրենքում, սահմանադրական այլ օրենքներում, սակայն հորդորեց գործընթացներից առաջ չընկնել, քանի որ վերջին շաբաթներին Հայաստանում դրանք շատ արագ են զարգանում։



ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ **Ռուստամ Մախմուդյանից** էլ հետաքրքրվեցինք՝ որո՞նք են Փաշինյանի վկայակոչած «շատ» տարբերակները, որոնցով կարելի է ԱԺ-ն լուծարել կամ արտահերթ ընտրություններ անցկացնել։ «Սահմանադրությամբ հստակ գրված են խորհրդարանը ցրելու հիմքերը, թե ենթատեքստով ինչ հիմքերի մասին է խոսքը, որոնցով կարելի է խորհրդարանը ցրել, ինձ համար, անկեղծ ասած, տեսանելի չէ»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու այլ լուծումներ Սահմանադրությունը չի՞ նախատեսում, Մախմուդյանը մանեւրեց․ «Սահմանադրությունը հստակ հիմքեր նախատեսում է»։ Որո՞նք են։ «Չգիտեմ։ Չեմ հիշում այս պահին… Եթե հիմքեր նախատեսում է, ուրեմն հնարավոր է»։



Սահմանադրագետ **Վարդան Այվազյանը** նշեց, թե ինչ ճանապարհով է հնարավոր հասնել արտահերթ ընտրությունների․ «Միակ տարբերակը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, հետեւյալն է․ որ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ համաձայնություն ձեռք բերի, ընդ որում՝ ՀՀԿ-ականներն էլ պետք է հրապարակային հայտարարեն, որ համաձայն են, վարչապետը հրաժարական է տալիս, 14 օրվա ընթացքում որեւէ մեկը վարչապետի թեկնածու չի առաջադրում եւ վերջ, խորհրդարանը լուծարվում է»։ Այվազյանը շեշտեց, որ ցանկացած պահի կարելի է նման գործընթաց կազմակերպել։



Ի դեպ, երեկ Փաշինյանը, ի պատասխան առաջին նախագահի վերջին հայտարարության, ասաց, որ քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով: «Որ պահին չի լինի հանրային աջակցությունը, այդ պահից սկսած՝ ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»։



Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն ասել էր հետեւյալը. «Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ոչ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է՝ անշուշտ, Ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո»։



Հիշեցնենք նաեւ, որ վարչապետի ընտրությունից մեկ տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը կարող է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**