Արամ Սիմոնյանը շնորհակալագրեր է տվել եւ ավետել՝ դուք այլեւս չեք աշխատում

Արամ Սիմոնյանը շնորհակալագրեր է տվել եւ ավետել՝ դուք այլեւս չեք աշխատում
Երեւանի պետական համալսարանում «նենգաբար» ազատել են մի խումբ աշխատակիցների: ԵՊՀ մեր աղբյուրը պատմեց, որ տարեսկզբին ԵՊՀ ռեկտորը եւ ԵՊՀ իրավաբանական բաժնի վարիչ Արմեն Թադեւոսյանը, ով համալսարանում հայտնի է որպես «Թարախ Արմեն», համաձայնության գալով իրար հետ, որոշել են լուծարել ԵՊՀ կադրերի եւ իրավաբանական բաժինները եւ ստեղծել անձնակազմի կառավարման եւ իրավական ապահովման վարչություն՝ Թադեւոսյանին վարչության պետ նշանակելու համար: Բաժինները լուծարելու հիմքով Արմեն Թադեւոսյանն աշխատանքից ազատման ծանուցագրեր է պատրաստել եւ, համոզելով ու մոլորության մեջ գցելով կադրերի բաժնի աշխատակիցներին, ստորագրել է տվել՝ ասելով, թե դրանք, իբր, ձեւական թղթեր են, եւ նոր վարչության վերջնական ձեւավորումից հետո նրանք բոլորն էլ աշխատելու են, ոչ մեկը չի հեռացվելու:



Սակայն օրերս Արմենը կանչել է կադրերի բաժնի 9 աշխատակիցների եւ ասել, որ ռեկտորի մոտ գնան: Իսկ ռեկտորը նրանց է տվել մեկական թղթի կտոր՝ իբրեւ շնորհակալագիր, եւ ավետել, որ մարտի 31-ից այլեւս ԵՊՀ աշխատակից չեն, այդ մասին իրենք ծանուցվել են դեռեւս մեկ ամիս առաջ: «ԵՊՀ ռեկտորը դիտավորյալ խախտել է ԵՊՀ կանոնադրության 42-րդ կետի 5-րդ եւ 6-րդ ենթակետերը, այն է՝ հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է՝ հաստատել ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունները եւ հաստիքացուցակը: Քանի որ ԵՊՀ իրավակազմակերպչական ձեւը հիմնադրամ է, պարոն կառավարիչ-ռեկտորը խախտել է նաեւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 13 պրիմ 1 եւ 13 պրիմ 2 կետերը, այն է՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում հիմնադրամի կառուցվածքի հաստատումը եւ հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը: Իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը վերջին անգամ տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, եւ նիստի օրակարգում եղել եւ հաստատվել են ԵՊՀ ներկայիս կառուցվածքը (կադրերի բաժինը՝ որպես առանձին ստորաբաժանում, ինչպես եղել է տարիներ շարունակ) եւ հաստիքացուցակը, որտեղ չի եղել որեւէ կետ կամ հիշատակում վերոհիշյալ` անձնակազմի կառավարման եւ իրավական ապահովման վարչության մասին, այսինքն՝ ռեկտորը, իրեն վեր դասելով հոգաբարձուների խորհրդից, ընդունել է որոշում եւ տվել հրաման, ինչի իրավասությունը նա չի ունեցել: Բացի դրանից, ռեկտորը ԵՊՀ գիտական խորհրդի վերջին նիստում հաստատման է դրել հիշյալ վարչության կանոնադրությունը, որըն իրավական առումով գոյություն չունեցող վարչություն է»,- ասաց մեր աղբյուրը:



Մենք զրուցեցինք ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանի հետ։ Նա մեզ ասաց, որ կոնկրետ այդ կառուցվածքային փոփոխության հարցը նախատեսված է իրենց գալիք նիստի օրակարգում։ Նիստի օրը դեռ հայտնի չէ, քանի որ այն որոշելու է հոգաբարձուների խորհրդի նախագահը, որն այս դեպքում Սերժ Սարգսյանն է։ Այսինքն՝ նիստը դեռ չի եղել, բայց ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն ի պաշտոն հոգաբարձուների խորհրդի որոշումներն իրագործողն է, խորհրդի որոշումը չեղած՝ միանձնյա որոշել է կառուցվածքային փոփոխություն կատարել ու մարդ ազատել աշխատանքից։



Մեր հարցին՝ մինչեւ խորհուրդը չհաստատի, ռեկտորն իրավունք ունի՞ նման որոշում կայացնել, Միքայել Մալխասյանն ասաց․«Ես անկեղծորեն Ձեզ ասեմ, որ այդ ներքին իրավական գործընթացը չեմ կարող ասել, քանի որ դա իմ լիազորությունների սահմանում չէ, ես դա չգիտեմ։ Բայց կոնկրետ կարող եմ Ձեզ ասել, որ այդ հարցը նախատեսված է»։



Այնուհետ հավելեց, որ ռեկտորը, բնական է, խորհրդի անունից իրավունք չունի կառուցվածքային փոփոխություն կատարել, բայց գուցե իրավունք ունի աշխատակցի հեռացնելու Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված ինչ-որ հանգամանքներով, որն ինքը չի կարող մեկնաբանել։ «Ես կոնկրետ կարող եմ Ձեզ ասել այն, ինչը հոգաբարձուների խորհրդի լիազորություններում է։ Հոգաբարձուների խորհուրդը չի որոշում՝ աշխատակցին ազատել կամ ընդունել, ինքն ընդամենը կառուցվածքն է հաստատում»,- ասաց պարոն Մալխասյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**