Սերժ Սարգսյանն իրավիճակից ելնելո՞վ է իր խոսքը փոխում

Սերժ Սարգսյանն իրավիճակից ելնելո՞վ է իր խոսքը փոխում
Արդարադատության նախարար **Դավիթ Հարությունյանին** հարցրինք, թե Սերժ Սարգսյանի՝ երիտասարդներին կրթելու վերաբերյալ հավելո՞ւմն էր այն կարեւոր պատճառը, որը կարող է թույլ տալ մարդուն հետ կանգնել նախկինում տված խոսքից եւ առաջադրվել վարչապետի պաշտոնում։



«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը սպառիչ էր, լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»,- ասաց Դավիթ Հարությունյանը։



**- Ցավոք սրտի, հարցեր է առաջացրել այդ հայտարարությունը։**



Հասկանում եմ, բայց ես կարծում եմ՝ Դուք մի քիչ նեղ մեկնաբանեցիք այդ հայտարարությունը, ինքը չէր հիմնավորում երիտասարդներին կրթելու նպատակով կամ երիտասարդ սերնդին իր գիտելիքն ու փորձը փոխանցելու նպատակով հավակնելուն այդ պաշտոնին։ Դրա մասին չէր խոսքը։



**- Նա նաեւ մեկնաբանում էր պետության շահից ելնելով։ Այսինքն՝ պետության շա՞հն էր առանձնացնում իր մեկնաբանության մեջ։**



Ես իմ գնահատականը կարող եմ տալ, իմ կարծիքով՝ ամեն ինչ, ինչ մենք խոսում ենք, շաղկապվում է մեկ խնդրի լուծման հետ, դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ որպես քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժ, պարտավոր է իր խոստումները կյանքի կոչել եւ որոնում է առավել արդյունավետ եղանակը դա անելու։



**- Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը պետության շահի մասին չէ՞ր մտածել, երբ հայտարարում էր, որ չի հավակնում լինել վարչապետի պաշտոնում։**



Ձեր հարցը մի քիչ սադրիչ է, բայց պատասխանեմ․ իրականում քաղաքական իրավիճակը եւ մարտահրավերներն էապես տարբերվում են եւ կարող են նոր խնդիրներ ի հայտ բերել։ Ի դեպ, դրա մասին նոր չեմ խոսում, տեւական ժամանակ ես ասում եմ, որ քաղաքականությունը կարծրացած մի երեւույթ չէ, անընդհատ իրավիճակներ են փոխվում, եւ յուրաքանչյուր ուժ փորձում է կոնկրետ մարտահրավերին արձագանքել։



**- Այսինքն՝ կարելի է այդ իրավիճակներում փոխել նաեւ պաշտոնապես ասված խո՞սքը։**



Եթե Դուք այդ խոսքը դիտարկում եք որպես քարի վրա դաջված, հավերժ, եւ եթե մեկ անգամ, ենթադրենք, մենք որոշում ենք կայացրել՝ գնալու այսինչ ինտեգրացիոն ճանապարհով ու ասում ենք դրա մասին, բայց քաղաքականությունը փոխվում է, իրավիճակը փոխվում է, իսկ մենք պետք է գերի մնանք նախկին իրավիճակում ասված խոսքին, ես դրա հետ չեմ կարող համաձայնել։



**- Մի համեմատական տանեմ՝ ինչո՞ւ ենք, այդ դեպքում, մենք քննադատում Ալիեւին, երբ նա պաշտոնապես հայտարարում է, որ զենք չեն կիրառելու, բայց հետո խախտում է դա․ գուցե նրա մոտ է՞լ է իրավիճակ փոխվում՝ բնավ չարդարացնելով, իհարկե, նրա քայլերը։**



Շատ լավ է, որ նշեցիք՝ չարդարացնելով նրա քայլերը։ Մենք խոսում ենք երկու տարբեր հարցադրումների մասին։ Մի հարցադրումը, երբ մենք խոսում ենք այլ մարտահրավերների մասին, որ ծառացած են երկրի առջեւ, եւ դրանք անընդհատ փոխվում են։ Մեկ այլ՝ կոնկրետ երկու մարմինների, երկու պետությունների բանակցությունների մասին։ Տարբեր իրավիճակներ են։ Չնայած անգամ այդ պարագայում մարտահրավերները կարող են փոխվել։ Դու կարող ես մի բան պայմանավորվել մյուս կողմի հետ, սակայն մյուս կողմը կատարի այնպիսի քայլեր, որ նոր մարտահրավերներ առաջանան։ Եվ, իհարկե, դա նշանակում է հիմք՝ փոխելու քո խոսքը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**