Եթե փողոցային պայքարին 120 հազարից ավել մարդ չմասնակցի, դա կլինի անիմաստ պրոցես

Եթե փողոցային պայքարին 120 հազարից ավել մարդ չմասնակցի, դա կլինի անիմաստ պրոցես
«Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխելուն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները կձգվեն մինչեւ շաբաթվա վերջ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած գործողությունների ծրագրի շուրջ դեռեւս կոնսենսուս չկա։ Նախօրեին «Ելք» խմբակցությունում այդ թեմայով տեղի ունեցած քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել փարատել դաշնակիցների մտահոգությունները եւ ընդունելի դարձնել 14+4-օրանոց խաղաղ պայքարի գործողությունների իր ծրագիրը։ Ի դեպ, ծրագիրը գաղտնի է պահվում, սակայն կան տեղեկություններ, որ 2008-ի համաժողովրդական շարժման բովով անցած Փաշինյանը բոլորովին նոր սցենար է մշակել, որը չի կիրառվել նախկին ընդդիմադիրների կողմից։ Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։ Հանրապետականները բազմիցս հայտարարել են, որ Սերժ Սարգսյանից բացի այդ պաշտոնում այլ անձի չեն տեսնում։ «Ելք»-ում միակարծիք են՝ Սերժ Սարգսյանը չպետք է լինի վարչապետ, սակայն համաձայնության չեն գալիս գործողությունների հարցում՝ ինչ անել, որպեսզի դեմ չգնան դաշինքի կողմից հայտարարված այն սկզբունքին, որ ժողովրդին չեն տանելու պարտության։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ չպետք է ձեռքները ծալած նստել եւ ժողովրդին պետք է փողոց դուրս գալու հնարավորություն տալ։ Սակայն ավելի վաղ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ ցանկացած քայլ կտանի պարտության ու նոր հիասթափության։



«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, խմբակցության քարտուղար **Գեւորգ Գորգիսյանի** խոսքով՝ խմբակցությունում գերակշռող մեծամասնությունը պայքարի գործիքակազմի հարցում մտահոգություններ ունի։ ««Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է ճանապարհային քարտեզ, որում մենք՝ դաշինքի գերակշիռ մեծամասնությունը, տեսնում է խնդիրներ, բացեր, բազմաթիվ թերություններ, ունենք տարբեր մտահոգություններ, եւ հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ»,- ասաց Գորգիսյանը՝ ավելին չմանրամասնելով։ Տարաձայնությունների մասին հարցին ի պատասխան՝ նա հիշեցրեց․ «Երբ «Ելք»-ը ձեւավորվում էր, մենք ի սկզբանե մեր ընտրողներին եւ հասարակությանը խոստացել ենք, որ չենք կրկնելու պարտության տանող ուղիները, որոնք մինչ մեզ արել են նախկին ընդդիմությունները: Տեսել ենք, որ այդ ճանապարհները փակուղի են տանում: Մենք խոստացել ենք, որ պարտության ու հիասթափության չենք տանելու քաղաքացիներին։ Հիմա մեզ մտահոգում է՝ արդյոք այդ սցենարը չի՞ տանի հենց մեր ասած փակուղի ու պարտություն։ Մենք չպետք է թույլ տանք, որ «Ելք»-ը կրկնի նախկին ընդդիմադիրների սխալները»։ Մինչդեռ նախկինների սխալները չկրկնելը նշանակո՞ւմ է արդյոք ճիշտ գործել, մի՞թե ճիշտ է ձեռքերը ծալած նստել՝ միայն այն բանի համար, որ չկրկնվեն նախորդների սխալները։ «Ի վերջո, մենք սկսել ենք բոլորովին տարբերվող քաղաքական մշակույթ ներդնել, եւ դա մեզ մոտ ստացվում է, դա երկխոսության ու այն ճակատում ՀՀԿ-ին հաղթելն է, որտեղ մենք կարողանում ենք անել։ Դա երկխոսության ճակատն է, այլընտրանք դառնալու ճակատն է, ՀՀԿ-ին փոխարինելու պատրաստ ուժ ներկայանալու մոտեցումն է։ Այս մոտեցումն աշխատում է, եւ մենք այս մոտեցումով ոչ մի ձախողում չենք ունեցել»։ Իսկ որո՞նք են եղել հաղթանակներն ու հաջողությունները։ «Բոլոր այն խնդիրները, որ քաղաքացիներին հուզում են, դառնում են ԱԺ քննարկման առարկա, եւ որոշ դեպքերում հաջողվում է լուծում տալ, որոշ դեպքերում ձախողում են»։ Պատգամավորը, որպես նվաճած հաջողություն, հիշատակեց թանկացումների դեմ դաշինքի պայքարը, որի արդյունքը, նրա խոսով, եղավ այն, որ տրանսպորտի ուղեվարձը չթանկացավ։



Գորգիսյանը կարծում է, որ փողոցային պայքարը չպետք է լինի ինքնանպատակ․ «Եթե դու ռեալ գտնում ես, որ շանս ունես փոփոխություն ու հեղափոխություն անելու, բնականաբար, պետք է գնալ դրան։ Մենք ստացել ենք 120 հազար քվե եւ այդքանով ներկայացված ենք ԱԺ-ում, հիմա, եթե փողոցային պրոցեսում 120 հազարից ավել մարդ չի մասնակցի, դա ինձ համար կլինի անիմաստ պրոցես»։ Հարցրինք՝ իսկ ինչո՞վ է հիմնավորում Փաշինյանն իր մոտեցումը։ «Դե, գիտեք, իրենք ունեն անցած ուղի եւ հայտարարություններ, բնականաբար՝ չեն կարող հրաժարվել դրանցից»։ Խոսքը, ըստ էության, Փաշինյանի 2017 թ. հունիսի 22-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարությունն է, որ եթե իրադարձություններն այնպես դասավորվեն, որ Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, ուրեմն ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա այդ իրադարձության վերաբերյալ արտահայտելու իր հստակ դիրքորոշումը։



Ճշտող հարցին, թե չի՞ բացառում, որ կոնսենսուսով որոշում չկայացվի փողոց դուրս գալու վերաբերյալ, Գորգիսյանը պատասխանեց․ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի ընդհանուր որոշում լինի»։ Սակայն, մեր տեղեկություններով, անկախ որոշումից, Փաշինյանը կլինի հրապարակում։ Ի դեպ, Արամ Սարգսյանը քննարկումների ժամանակ ասել է, որ եթե Փաշինյանը միայնակ գործուղվի հրապարակ, ինքը կլինի նրա կողքին։

Որոշ տեղեկություններով՝ նույնիսկ «ՔՊ»-ում Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի շուրջ կոնսենսուս չի ձեւավորվում։ **Սասուն Միքայելյանը** երեկ չցանկացավ զրուցել այս թեմայի մասին։ «Երբ մի բանը չի հասունանում, ինչի՞ պիտի խոսեմ»,- ասաց նա՝ ի պատասխան մեր հարցին, թե պե՞տք է դուրս գալ եւ կասեցնելու փորձ անել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը։ Ճշտող հարցին՝ ի՞նչը չի հասունանում՝ հանրային պահա՞նջը, թե՞ դաշինքում կոնսենսուսը, Միքայելյանը փիլիսոփայական պատասխան տվեց․ «Ծառը, թուփը, մարդը, քարը, ամեն ինչ»։ Նա անպատասխան թողեց հարցը՝ կա՞ արդյոք հանրային պահանջ այդ գործընթացի դեմ, թե՞ ոչ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**