Ով ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը Հայաստանում

Ով ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը Հայաստանում
Ժիրայր Սեֆիլյանի կոչով ամիսներ առաջ ձեւավորված «Հանուն Հայաստան պետության ճակատը» «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսում։ Մեկնարկը կլինի այսօր՝ Ազատության հրապարակում, ժամը 5-ին, համաժամանակյա հանրահավաքներ կընթանան եվրոպական մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Լոս Անջելես, Փարիզ: «Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության». սրանք են հանրահավաքի կարգախոսները, իսկ ավելի պարզ՝ կանխել իշխանության հավերժացումը, Սերժ Սարգսյանի վարչապետությունը, հասնել ամբողջական իշխանափոխության։



Հիշեցնենք՝ այս ճակատի նախաձեռնող խմբում են Ալեք Ենիգոմշյանը, «Ժառանգություն» կուսակցության մի խումբ անդամներ՝ Արմեն Մարտիրոսյան, Սուսաննա Մուրադյան, Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյան, դերասանուհի, ակտիվիստ Թամար Հովհաննիսյան, Պետրոս Մակեյան եւ այլք։ Ճակատը կոչով դիմել է Հայաստանում ընդդիմադիր բոլոր ուժերին եւ գործիչներին՝ համախմբվել այս օրակարգի շուրջ, մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ միասնաբար ազատվել իշխանություններից։

Ինչպե՞ս են պատկերացնում նախաձեռնության հեղինակները իշխանություններից ազատագրումը, ունե՞ն արդյոք նոր գործիքակազմ, քանզի 2008 թվականին ծավալված համաժողովրդական շարժման արդյունքում անգամ հնարավոր չեղավ իշխանափոխության հասնել։ **Պետրոս Մակեյանը** պատասխանում է, որ դա տեխնիկական հարց է․ «Մենք անգամ չենք էլ ուզում այդ մասին մտածել»։ Ապա շարունակում է․ «Հայաստանի իրողությունները հաշվի առնելով՝ որ քաղաքական դաշտը բզկտված է, իշխանությունն ամբողջովին փորձում է վերահսկել ընդդիմադիր ուժերին, այո, կարծում եմ՝ մտահոգություններ կան: Բայց մեր խնդիրն այն է, որ ժողովուրդը գա հրապարակ: Եթե ժողովուրդը գա հրապարակ, քաղաքական ուժերը կմիանան ինչ-որ պահի: Մեր հիմնական գործընկերը մենք համարում ենք ժողովրդին եւ այն գաղափարը, որի շուրջ մարդիկ պետք է համախմբվեն»։



Եկող շաբաթվանից Փրկության ճակատը մարզային այցելություններ կսկսի՝ մարդկանց իրազեկելու ծավալվող պայքարի մասին։ Ի դեպ, ավելի վաղ տեղեկություններ կային, թե այսօր եւ վաղը Զարուհի Փոստանջյանը նույնպես հանրահավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում, դեռեւս մեզ անհայտ օրակարգով, սակայն Մակեյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանն իրենց դիմումն է բավարարել։ Որոշում կա՝ հանրահավաքները կլինեն պարբերական, գրաֆիկ, սակայն, դեռեւս չեն կազմել, ավելին՝ ապրիլի 9-16-ը Ազատության հրապարակում նստացույց կհայտարարեն։



Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները: Իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը վարչապետ կընտրի: Հավանականությունը մեծ է, որ իշխող ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Փրկության ճակատում նախեւառաջ ցանկանում են պայքարի հարթակում տեսնել Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին, ո՞րն է լինելու նրանց պատասխանը ճակատի հրավերին։ Մակեյանի խոսքով՝ դա պարզ կդառնա այսօր։ Հիշեցնենք, որ Փաշինյանը նույնպես հայտարարել էր, որ ինքն իրեն չի պատկերացնում ձեռքերը ծալած հետեւելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում, իսկ դաշինքը որոշակի գործողություններ նախաձեռնելու ճանապարհային քարտեզ է մշակում, սակայն դեռ որոշում չի կայացվել։



«Ելք» խմբակցության քարտուղար **Գեւորգ Գորգիսյանից** տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր թերեւս կլինի հրապարակում, բայց ոչ հարթակում։ Իսկ «Ե՞լք»-ը։ «Քիչ հավանական է»։ Չնայած դաշինքը պաշտոնապես հրավեր չի ստացել, սակայն իրենց եւ Փրկության ճակատի մոտեցումներն էականորեն տարբեր են։ «Մենք ի սկզբանե ասում ենք, որ ցանկացած նման գործողություն պետք է լինի խաղաղ, առանց որեւէ բռնության կիրառման, սադրանքների եւ այլնի։ Իսկ իրենց ուզածն այժմ այդքան էլ պարզ չէ։ Իրենք փաստացի հեղափոխություն են ուզում, իսկ ես վստահ չեմ, որ դրա ռեսուրսն ունեն»,- ասաց Գորգիսյանը։ Դիտարկմանը, որ «Ելք»-ն ուզում է միայն, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա՞, Գորգիսյանն արձագանքեց․ «Մեր ուզածը լրիվ այլ որակի Հայաստանն է եւ, ի վերջո, իշխանության գալը, բայց ոչ միանգամյա գործողություններով, այլ երկարաժամկետ՝ սկսած մարզային կառույցների ուժեղացումից եւ այլն, եւ այլն։ Այնպես չէ, որ հրաժարվում ենք փողոցային պայքարից կամ բացառում ենք, բայց «Ելք»-ն իր բոլոր գործողություններն արել է կշռադատված եւ հիմնավորված։ Հիմա նույնիսկ մեր դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «ինչ անելը» քննարկումների մեջ է»։



«Ելք»-ը կհետեւի այսօրվա հանրահավաքի հռետորաբանությանը, հետագայում կերեւա, թե ինչ որոշում կընդունվի։ Զարուհի Փոստանջյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, իսկ «Ժառանգությունից» էլ չկարողացան պատասխանել՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կլինի՞ հավաքին, թե՞ ոչ։



ՎՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը ողջունեց ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությունը, սակայն, ինչպես ինքն ասաց, «այնտեղ, որտեղ վերջնական արդյունք չի տեսնում, անիմաստ է համարում մտնել»։ ՀԱԿ նախկին անդամը հիշեց տարիներ առաջվա իրենց պայքարը՝ արձանագրելով․ նման պայքարով Հայաստանում ներկա պահին հնարավոր չէ իշխանափոխության հասնել․ «Իհարկե, չեմ ասում՝ պետք է համակերպվել այս իշխանությանը, բայց պետք է նոր մտքեր ծնվեն, նոր գործիքակազմ կառուցվի»։ Իսկ թե ինչպիսին՝ չգիտի։



«Եթե ոչ փողոցային պայքարով, բա էլ ինչպե՞ս»,- հարցնում է Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար **Ռազմիկ Պետրոսյանը**։ Նա առանց մտածելու մասնակցելու է հանրահավաքին, թեպետ դաշինքում Փրկության ճակատի կոչը դեռեւս չեն հասցրել քննարկել․ «Միակ բանը, որ արդարացված չէ, չպայքարելն է։ Ուրիշ խնդիր է, որ մարտավարություն մշակելու, միասնական թիմ ձեւավորելու հարց կա, կկարողանանք աջակցել, ավելի հզորացնել՝ կանենք, չենք կարողանա՝ հաստատ չենք թուլացնի։ Բայց որպես քաղաքացի, եթե գտնում ես, որ փոփոխությունների կարիք կա, պարտավոր ես մասնակցելու»։ Պետրոսյանի կարծիքով՝ գոնե իրական ընդդիմադիրները պետք է միավորվեն այս օրակարգի շուրջ։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, լսելով իշխանափոխության մասին հարցը, ընկավ ցայտնոտի մեջ՝ ճչալով, թե իրեն ծանոթ չէ «ինչ-որ ճակատի օրակարգը», հետեւաբար, ինքը կարծիք հայտնել չի կարող։ Իսկ հարցին՝ առհասարակ իշխանափոխության օրակարգն ընդունելի՞ է իրենց համար, թե՞ ոչ, պատասխանեց․ «Չունեմ ես պատասխան էդ հարցին, վերջ»։



ՕԵ կուսակցության մամլո խոսնակ **Էդգար Առաքելյանն** էլ ասաց, որ իրենք որեւէ ուժից որեւէ հարցի հետ կապված առաջարկ-հրավեր չեն ստացել։ Իսկ եթե ստանան, իշխանափոխության օրակարգն ընդունելի՞ է։ «Կարծում եմ՝ իրենց ընդդիմադիր հայտարարող բոլոր քաղաքական ուժերի նպատակը հենց իշխանափոխությունն է, այլ հարց է, թե ով ինչպես է այն պատկերացնում եւ ինչ մեխանիզմներ է առաջարկում»:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**