Ղարաբաղյան խնդիրը լուծվի, կդառնանք եվրոպական պետություն՝ ով ուզում է, թող գա իշխանության

Ղարաբաղյան խնդիրը լուծվի, կդառնանք եվրոպական պետություն՝ ով ուզում է, թող գա իշխանության
_Հարցազրույց __**Գալուստ Սահակյանի**__ հետ_



**- Պարոն Սահակյան, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի վարչապետությունը կասեցնելու պայքար է նախաձեռնում։ Ձեզ չի՞ մտահոգում, որ մարդկանց հոծ բազմություն դուրս կգա հրապարակ ու կպայքարի այդ նպատակի համար։**



Այն քաղաքական ուժը, որը որոշակի ժողովրդի ձայն ունի, մասնակցում է տարածքային ընտրություններին, այսօր ընդդիմությունը հիմնականում ընտրություններին չի մասնակցում։ Իհարկե, որոշ չափով ժողովուրդ կհավաքվի, ինչպես, օրինակ, պայքարում էին սննդի համար, նույն ձեւի էլ այս անգամ կլինի։ Պարզապես պետք է հարգել ժողովրդին, անտեղի տեղը չի կարելի ժողովրդին ոտքի հանել։ Իսկ Հանրապետականը կորոշի ու իր որոշումն առաջ կտանի:



**- Ո՞ր որոշումը՝ որ Սերժ Սարգսյանը պետք է դառնա վարչապե՞տ։**



Դեռեւս որեւէ որոշում չենք իրականացրել, երբ կորոշի, այն ժամանակ էլ կասենք։



**- Ձեր կարծիքով՝ ժողովրդի սրտո՞վ է, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։**



Այսօր ժողովուրդը մեկ խնդիր ունի՝ պարզապես ուզում է լավ ապրի, որ սառնարանը լիքը լինի, հայ ժողովրդին դարձնել ընդդիմություն՝ ճիշտ չէ։ Այն ժողովուրդը, որը տասնյակ տարիներ, հարյուր տարիներ, երեւի ավելի շատ ժամանակաշրջան պետություն չի ունեցել, հայ ժողովրդի մեջ ընդդիմություն պետք չէ փնտրել, մեր ժողովուրդն ընդամենը ուզում է լավ ապրել, իսկ իշխանությունն էլ քայլեր է անում, որ այդպես լինի։



**- Պարոն Սահակյան, պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում բնակչության 30 տոկոսն աղքատ է, ոչ պաշտոնական թիվը շեշտակի մեծ է, ստացվում է, որ չեք կարողանում ժողովրդի պահանջը բավարարել։**



Ես կարծում եմ, որ այդ հաջողությունը շատ շուտով չի լինելու, որովհետեւ մենք նոր-նոր փորձում ենք ամուր պետություն ստեղծել, իսկ դրա համար տարիներ են պետք։ Էնպես չէ, որ անկախությունը ձեռք ես բերում, ժողովուրդն անմիջապես պետք է լավ ապրի։ Հիմա բոլոր քաղաքական ուժերի ուզածն էլ դա է՝ որ ժողովուրդը լավ ապրի, բայց դրա մեջ գտնել ընդդիմություն, դիմություն՝ ճիշտ չէ։ Հիմա ի՞նչ ընդդիմություն կա որ, ես կարծում եմ՝ արտասահմանից վերցրել են ձեւեր ու փորձել ինչ-որ մարտունակություն ապահովել, դրանք անցյալ ժամանակներում են, էսօր մեզ անհրաժեշտ է ավելի կայուն, ավելի խաղաղ պետություն։ Եթե մենք իշխանության չլինեինք, այլ մեկ ուրիշը լիներ, ես չեմ կարծում, թե ժողովուրդն ավելի լավ պետք է ապրեր կամ ընդհանրապես լավ ապրեր, մենք գործողությունների մեջ ենք, դեռ պետք է անցնենք։



**- Իսկ էդ գործողությունները ձեր պաշտոնյաների վրա ինչո՞ւ են միանգամից ազդել, բոլորդ լավ եք ապրում, ի տարբերություն ժողովրդի։**



Տարիներ առաջ մի ժուռնալիստ ինձ այդ հարցը տվեց, ասի՝ արի իմ տունը փոխենք քո տան հետ, չհամաձայնվեց, որովհետեւ իրա տունն ավելի լավն էր։ Խնդիրն այն չէ՝ ես եմ լավ ապրում, դուք, թե նա, խնդիրը՝ որ ամբողջ ժողովուրդը լավ ապրի։ Ես կարծում եմ, որ մեզ մոտ ընդամենը 100 հազար մարդ է դժվարանում ապրուստի հարցում, իսկ երեք միլիոնից 100-ը նման խնդիր ունի՝ դա նշանակում է, որ պետությունը դեռ չի կարողացել լիարժեք խնդիրները լուծել, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը փոխվեց, պիտի ամեն ինչ փոխվի։ Դադարեք մտածել, որ երկնքից նորագույն մարդիկ են գալու եւ իշխանությունը փոխեն։



**- Դուք վստա՞հ եք, որ ժողովուրդը, ինչպես 2008 թվականին, հոծ բազմությամբ դուրս չի գա փողոց, չի սպառնա ձեր իշխանությանը։**



Նախեւառաջ մենք չենք հայտարարել, թե ով պետք է լինի վարչապետ, խնդիրն էլ ընդվզել-չընդվզելը չէ, եթե կա մի ուժ, որը կարող է ավելի լավ պայմաններ առաջադրել այդ ուղղությամբ, բնական է, մենք կգնանք, այդ քաղաքական ուժը կգա իշխանության։ Չնայած մենք այս պահին չենք տեսնում այդ ուժը, մյուսն էլ երեւի թե տեսնում է, ուրեմն կարող են իրենց թեկնածուին ներկայացնել։ Մինչ օրս ես չեմ տեսել որեւէ քաղաքական ուժի, որ ասի, թե ով պետք է լինի իրենց վարչապետը։ Ինչ վերաբերում է այսօրվա նախագահի թեկնածությանը, այո, դրա մասին ես եմ ասել, իմ կարծիքն եմ հայտնել, մինչեւ հիմա էլ այդ կարծիքին եմ, դա իմ կարծիքն է, ոչ թե կուսակցության։ Բայց միեւնույն ժամանակ գտնում եմ, որ իմ կարծիքը բավականաչափ ինչ-որ չափ է, որ կկարողանան որոշում կայացնել։



**- Իսկ Սերժ Սարգսյանի կարծիքը… չէ՞ որ նա ասում էր, որ չի ցանկանա դառնալ վարչապետ, նախագահ։**



Քաղաքական հայտարարությունները, երբ մարդն ասում է, դա պիտի ընդունել հենց այնպես, ինչպես ժամանակի մեջ ասել է, իսկ երբ գալիս է այլ ժամանակ, եւ ընդհանուր մոտեցումներում չկա արժանի վարչապետ, ես ասում եմ՝ կլինի ինքը։ Այսինքն՝ ոչ թե ինքն ստիպված է վարչապետ դառնալու, այլ ժամանակը դա է պահանջում։



**- Ինչո՞ւ չկա, օրինակ՝ Կարեն Կարապետյանը վա՞տ վարչապետ է։**



Շատ լավ վարչապետ է, լավ է իրականացնում, լավ անձնավորություն է, մոտիկ ընկեր, բայց քաղաքական ճանապարհը, անկախության համար պայքար, պայքար հանուն Ղարաբաղի, այդքան պայքարներ անցած, այդքան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցած նախագահը դա ուրիշ թեկնածու է։ Հետո՝ մեր տեղն ինչո՞ւ են ուրիշներն արդեն որոշել, թե ում պետք է ներկայացնենք, եթե ուրիշները վարչապետ ունեն, թող ասեն՝ վարչապետ ունենք։



**- Հնարավո՞ր է ՀՀԿ-ում խնդրեն Սերժ Սարգսյանին ցմահ վարչապետ աշխատել։**



Դա էլ հեքիաթասաց ամբոխի բաներ եք ասում, ցմահ ոչինչ չի լինում, ժողովուրդն իր ժամանակին ստեղծում է մարդիկ, եւ աստիճանաբար կազմավորվում է պետությունը։ Խնդիրը հետեւյալն է․ մեր կուսակցությունն ստեղծվել է ղարաբաղյան պատերազմի օրոք եւ հանրապետությունում առաջին կուսակցությունն է եղել։ Երբ ղարաբաղյան խնդիրը լուծվի, մենք կդառնանք եվրոպական պետություն, ու ով ուզում է՝ թող գա իշխանության, դառնա նախագահ, վարչապետ։ Իսկ հիմա մենք երկիրը պահելու խնդիր ունենք։ Այո, մեզ շատ են ասում, որ դրա համար չեք ուզում լուծվի, բայց մեր խնդիրը հենց այդ հարցի լուծումն է։



**- Իսկ եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը չհամաձայնի դրժել խոստումը, դառնալ վարչապետ, ի՞նչ է անելու ՀՀԿ-ն։**



Ես անկեղծորեն չեմ մտածել այդ մասին, որովհետեւ ավելի քան համոզված եմ, որ կդառնա։



**- Իսկ եթե չցանկանա՞…**



Ես չեմ կարող մտածել այդ մասին, երբ կլինի՝ կմտածենք։



**- Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է վարչապետի թեկնածու։**



Ես չեմ ուզում ոչ պատեհ բաներ ասել, մեր ամբողջ ժողովուրդն էլ իրեն պատկերացնում է վարչապետի թեկնածու, գոնե՝ առավոտները։



**- Եթե, այնուամենայնիվ, ժողովուրդը փողոց դուրս գա, ո՞րն է լինելու իշխանության քայլը։**



Ես կարծում եմ, որ որեւիցե արձագանք մենք չպետք է ունենանք, որովհետեւ չեմ կարծում, թե մի այնպիսի ուժ է լինելու, որի համար պիտի անընդհատ կարծիքներ հայտնենք։ Ցանկացած պետություն ժողովրդավարական է, այսինքն՝ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին՝ պետությունը։ Մեզանում տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունն ինչ ուզում, անում է։ Այդպես չէ, ժողովուրդն ինքն է ստեղծում իր պետությունը։ Ես չեմ կարծում, թե մեր ընդդիմության մեջ կա մեկը, որ ժողովրդի համար այնքան գործ է արել, որքան Սերժ Սարգսյանը, կամ կարող է վարչապետ աշխատել։ Օրինակի համար որոշակի քաղաքական ուժ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց նա էլ քաղաքական ուժ չունի, որպեսզի նրան վարչապետ դարձնի, համենայնդեպս, նա չի էլ ուզում վարչապետ դառնալ։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**