Վաչե Գաբրիելյանի նախարարությունը փակվում է

Վաչե Գաբրիելյանի նախարարությունը փակվում է
Որ Հայաստանում պաշտոնները կարվում են կոնկրետ անձերի վրայով ու ըստ նպատակահարմարության, դրանում մենք համոզվել ենք բազմիցս: Ապրիլից կառավարության կառուցվածքում այլեւս չի գործի Վաչե Գաբրիելյանի ղեկավարած նախարարությունը, որը «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարություն» հավակնոտ անունն էր կրում:



Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքի նախագծում սահմանվել է նախարարությունների թիվը, ներկայիս 18 նախարարության եւ մեկ փոխվարչապետի փոխարեն կգործեն 17 նախարարություն եւ երեք փոխվարչապետ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետ: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը եւ հարակից նախագծերի փաթեթը, որի մեջ մտնում է նաեւ սույն օրենքը, երեկ երկրորդ ընթերցում անցնելու համար դրական եզրակացություն ստացավ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում, իսկ այսօր կքննարկվեն ԱԺ արտահերթ նիստում: Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը գրեթե չքննարկվեց, փաթեթով դրվեց քվեարկության:



Եվ այսպես․ նախարարությունների կազմից դուրս մնացած Վաչե Գաբրիելյանի նախարարությունը գործադիրի ամենաերիտասարդ նախարարությունն է, ստեղծվել է 2014 թվականին: Իշխանությունը տեւական ժամանակ չէր կարողանում բացատրել, թե ինչ նպատակով է ստեղծվել ու ինչ է անելու այդ կառույցը: Կցկտուր բացատրությունն այն էր, որ նախարարությունն ստեղծվել է Եվրասիական միությանն ինտեգրվելու համար անհրաժեշտ ահռելի փաստաթղթային աշխատանքը կատարելու նպատակով: Կար նաեւ հակառակ տեսակետը՝ նախարարությունը ԵԱՏՄ պարտադրանքն էր Հայաստանին: Կյանքը ցույց տվեց, որ այդ նախարարությանը դժվարությամբ ինտեգրեցին գործադիրի շարքեր, ստեղծվելուց մեկ-մեկուկես տարի հետո նոր այն ինտերնետային ու ընդհանրապես շենքային տարածք ստացավ, աշխատակազմ, բառիս դասական իմաստով, չուներ: Իսկ թե որն էր այդ կառույցի հիմնական առաքելությունը, այսօր էլ դժվար է պատասխանել:



Երեկ մեր հարցին ի պատասխան, թե Վաչե Գաբրիելյանը փոխվարչապետի պաշտոնո՞ւմ է իրականացնելու սույն նախարարության գործառույթները, արդարադատության նախարար **Դավիթ Հարությունյանն** ասաց. «Մասամբ ինքը կիրականացնի, մասամբ էլ, ըստ վարչապետի որոշման, այլ մարմիններ կիրականացնեն»: Այսինքն՝ արդեն իսկ որոշված է, որ երեք փոխվարչապետներից մեկը Վաչե Գաբրիելյա՞նն է լինելու, եւ սա չի՞ նշանակում, որ պաշտոններն անձերի համար են ստեղծվում։ Դավիթ Հարությունյանը չմեկնաբանեց: Ի դեպ, նա ասաց նաեւ, որ վարչապետը կսահմանի փոխվարչապետների լիազորությունների շրջանակը: Սա միակ փոփոխությունը չէ, որ կատարվել է առաջինից երկրորդ ընթերցում անցնելիս:



Ապրիլից նախարար կարող են նշանակվել այն անձինք, որոնք վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացիներ են եւ 4 տարվա մշտական բնակություն ունեն: Այսինքն՝ ցենզ է սահմանվում, ինչն առաջ չկար։ Դավիթ Հարությունյանն անձամբ կողմ չի եղել այս դրույթին, սակայն այն ընդունվել է ընդհանուր քվեարկությամբ, իսկ թե ով է դրույթի հեղինակը, պրն Հարությունյանն ասաց, թե տեղյակ չէ:

«Ես ունեցել եմ այլ որոշում, ինչու՝ որովհետեւ համարում եմ, որ նախարարներն այն մարդիկ չեն, որոնք պետք է ենթարկվեն նման սահմանափակումների, որովհետեւ արհեստավարժությունը կապ չունի այդ ամենի հետ: Պետք է նշել, որ ժամանակակից երկրներն այդ առումով եւս ավելի ազատ կարգի են գնում»,- ասաց Հարությունյանը՝ չմեկնաբանելով, թե ինչով է պայմանավորված այս նորամուծությունը: Ի դեպ, սույն նախագծով նախարարների համար երդման կարգ է սահմանվել, որը նույնպես նորամուծությունների շարքից է: «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»: Կառավարության անդամները երդվում են հանրապետության նախագահի ներկայությամբ՝ նախագահի նստավայրում:



Նշենք նաեւ, որ անփոփոխ է մնացել նաեւ կառավարության նիստերը դռնփակ անելու մասին գաղափարը, որն այդքան քննադատվեց, եւ երեկ էլ մի շարք հասարակական կազմակերպություններ այս դրույթը դատապարտող հայտարարություն ընդունեցին, որտեղ նաեւ ընդդիմությանը կոչ արեցին պայքարել սրա դեմ եւ ոչ մի գնով թույլ չտալ, որ այն ընդունվի։ Երեկ հանձնաժողովի քննարկման ժամանակ հայտարարվեց՝ իբրեւ թե զիջման են գնացել՝ նշել են, որ կառավարության նիստերի օրակարգը նախապես հրապարակվելու է, ինչն արվում է նաեւ այսօր:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագծում եւս ուշագրավ փոփոխություն է կատարվել: Որոշվել է, որ Կադաստրի պետական կոմիտեն, որն առաջին ընթերցման ժամանակ ներկայացվել էր որպես նախարարության ենթակայության կառույց, անցնելու է կառավարության ենթակայության ներքո եւ որոշակի ինքնուրույն կարգավիճակ է ունենալու, ինչպես ՊԵԿ-ը, քաղաքաշինության, միջուկային անվտանգության կարգավորման, վիճակագրական կոմիտեները, առողջապահական եւ աշխատանքի, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության, բնապահպանական եւ ընդերքի, սննդամթերքի անվտանգության, կրթության, շուկայի վերահսկողության տեսչական մարմինները: Իսկ պետգույքի կառավարման վարչությունն անցնելու է նախարարության ենթակայության տակ, թեեւ նախապես լուրեր կային, որ կադաստրի կոմիտեն ու պետգույքը միավորվելու են։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**