Շարունակում են ՀՀ նախագահի լծակազրկումը

Շարունակում են ՀՀ նախագահի լծակազրկումը
Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղթանակի դափնիներն» ու արդեն դերի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում (երեկ, օրինակ, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այցելել էր Վազգենի հայրական օջախ), ՀՀԿ-ն հետեւողականորեն լծակազրկում է նրան:



ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվեց նաեւ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունք կունենան վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, իսկ նախագահն այդ միջնորդությունները միայն պետք է հաստատի։ Եթե ԱԺ-ն, ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգեւատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու հանրապետության նախագահին բոլոր պետական պարգեւների եւ կոչումների վերաբերյալ։



Oրենքից հանվել են պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ բարձրագույն կոչում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները: Ի դեպ, օրենքին դեմ էր միայն Նապոլեոն Ազիզյանը, նա ասում էր, որ չպետք է հանել բարձրագույն կոչում շնորհելու, այն է՝ Ազգային հերոսի կոչում շնորհելու դրույթը: Բանն այն է, որ նոր Սահմանադրությունն այլեւս հատուկ կոչումով պարգեւատրում չի նախատեսում՝ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով «Ազգային հերոս» կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է Հայրենիքի շքանշանով: Այսինքն՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը հանդիսանում է Հայաստանի ազգային հերոս: Այս կարգավորումն արդարադատության փոխնախարարը բացատրում էր նրանով, որ Սահմանադրությամբ հանրապետության նախագահը բարձրագույն կոչում շնորհելու լիազորություն չունի, իսկ թե ինչու է Սահմանադրությամբ նման բան ամրագրվել, ո՛չ փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ո՛չ նախարար Դավիթ Հարությունյանը պատասխան չունեին:



Նախագիծն ընդունվեց վերապահումով, որպեսզի հետագայում ձեւակերպումն այնպես տան, որ անձը, ով ստանում է Հայաստանի ազգային հերոսի կոչում, պարգեւատրվելու է Հայրենիքի շքանշանով, այլ ոչ թե այդ շքանշանով պարգեւատրվող անձը կհամարվի Հայաստանի ազգային հերոս:





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**