Գյուղապետը կողքի գյուղն է նորոգում

Գյուղապետը կողքի գյուղն է նորոգում
Համայնքների խոշորացման ուրվականը հասել է Արարատյան դաշտավայր: Արարատի ու Արմավիրի մարզերում արդեն անհանգիստ են։ Թե երբ է լինելու միավորումը, եւ որ գյուղերին է այն սպառնում, դեռ հստակ չէ: Բայց քայլերը, որ սկսել են որոշ գյուղապետեր, նախընտրական պայքար են հիշեցնում: Արմավիրի մարզի Արշալույս համայնքի երկարամյա ղեկավար Զարզանդ Գրիգորյանը, օրինակ, իր գյուղի խնդիրները լուծել, հիմա էլ անցել է հարեւան Հայթաղ գյուղին:



Լսել է, որ Արշալույս, Հայթաղ, Մեծամոր եւ էլի մի քանի համայնքներ հնարավոր է միավորվեն, ուստի որոշել է բարեկարգել հարեւան գյուղը: Սկսել է աղբահանությունից, մաքրել է ջրատար առուները, լուսավորել գյուղի փողոցները: Հիմա էլ հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից մանկապարտեզն է շահագործելու: Թեեւ գյուղում ասում են, որ մանկապարտեզը պատրաստի կառույց է՝ վերանորոգված ու կահավորված, եւ այն շահագործելու համար խոշոր ներդրումների կարիք չկա:



Ընդամենը բյուջե է պետք, որ երեխաների ամենօրյա սննդի հարցը լուծեն եւ աշխատակազմ պահեն: Զարզանդ Գրիգորյանը, ի դեպ, նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է եւ գեներալ Մանվելի եղբորորդին, սակայն նրանց ընտանիքների միջեւ վաղեմի թշնամություն կա: Հարեւան գյուղում ներդրումներ անելու նրա քայլը, հայթաղցիների ձեւակերպմամբ, իրենց հաճոյանալու եւ վստահություն ձեռք բերելու համար է: Հարցին, թե ինչպես են վերաբերվում, երբ իրենց գյուղը հարեւան համայնքի ղեկավարն է բարեկարգում, գյուղամիջում հավաքվածներն ասացին. «Ով ուզում է անի, կարեւորը, որ մաքուր լինի, մենք էլ մեզ մարդ զգանք»: