Վազգեն Սարգսյան եւ Գայանե Բաբայան

Վազգեն Սարգսյան եւ Գայանե Բաբայան
Երեկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Օր, որն անկեղծ հիշողներ կան, բայց քիչ չեն նաեւ այս առիթը որպես փիառի լավագույն հնարավորություն դիտողները։ Այս օրն են տարբեր՝ ժողովրդի կողմից մերժված իշխանավորներն այցելում Եռաբլուր՝ սպարապետի գերեզմանին, հիշում նրա ծնողներին։ Սա մի բարենպաստ առիթ է հայրենասեր երեւալու, տեսախցիկների առաջ տխուր ձեւանալու, ռազմահայրենասիրական ճառեր ասելու, մի խոսքով՝ ժողովրդի «աչքը մտնելու» համար։ Բոլոր վարկաբեկվածները ձգտում են այս օրվանից քամել հնարավորը։



Գեներալ Մանվելը Եռաբլուր է հանում «պատանի երկրապահներին» ու ոգեւորված ծափահարում փոքրիկ զինվորիկներին՝ արցունքներ կորզելով երեխասեր հանրության աչքերից, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհում Վազգենի շիրիմին՝ հասկացնելով, որ նրա գործի «արժանի շարունակողն» է։



Անպայման Եռաբլուրում են հայտնվում ԵԿՄ վարչության անդամները եւ հատկապես՝ Սյունիքի տխրահռչակ նախկին մարզպետը։ Այս անգամ «ծաղկաբույլին» միացել էր նաեւ Գոռ Վարդանյանը՝ Երեւանի ավագանու միջադեպի «աննկուն հերոսը», որն անգամ դատապարտող հայտարարություն է արել «Երկիր ծիրանիի» կանանց հասցեին՝ նրանց արարքն անվանելով ահաբեկչություն։ Բայց այս օրվա պաշտոնական նշանակալիությունը մեզ՝ «Հրապարակի» աշխատակիցներիս համար կարեւորվում է ոչ միայն Վազգեն Սարգսյանով, ով հիրավի մեծ հետք թողած քաղաքական ու ռազմական գործիչ է, այլեւ մեր սիրելի գործընկերոջ՝ վաղամեռիկ Գայանե Բաբայանի անձով։



Մարտի 5-ը նաեւ «Հրապարակի» լրագրող, մեկնաբան, տաղանդավոր հրապարակախոս Գայանե Բաբայանի ծննդյան օրն է։ 2010 թվականին ողբերգական ավտովթարը կտրեց նրա կյանքի թելը՝ մեզ զրկելով այս անկեղծ ու շնորհալի մարդու ներկայությունից։ Կորուստ, որի ցավը ժամանակը չի բուժում։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**