Սերժ Սարգսյանի եւ «Ելք»-ի միջեւ կոնսենսուս կա

Սերժ Սարգսյանի եւ «Ելք»-ի միջեւ կոնսենսուս կա
«Ելք» խմբակցության անդամ **Արամ Սարգսյանը** վստահեցնում է, որ «Ելք»-ում միասնական եւ հստակ տեսակետ կա Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հարցի վերաբերյալ:



«Թե իմ, թե Նիկոլ Փաշինյանի, թե Էդմոն Մարուքյանի, թե Սերժ Սարգսյանի միջեւ կոնսենսուս կա, որքան էլ դա զարմանալի լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արամ Սարգսյանը պարզաբանելով. «Որովհետեւ մենք երեքս էլ համարում ենք, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է»:



Արամ Սարգսյանը հավելել է, որ ընդհանրապես դաշինքի համար Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է: Սարգսյանն ասաց, որ հանրությունն իրավունք ունի հետեւություն անել եւ ընդվզել այդ զարգացումներին, հատկապես, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ չի դառնա ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ: Պատգամավորը հիշեցրեց «Ելք»-ի հայտարարությունը՝ եթե հանրությունը «ռեալ պահանջարկ» դնի, իրենք իրենց պատվի խնդիրը կհամարեն այդ պահանջարկն իրականացնելը:



Սարգսյանը տեղեկացրեց, որ դաշինքում քննարկում են «ճանապարհային քարտեզը», որի շուրջ նրա խոսքով կոնսենսուս կլինի: **Hraparak.am**-ի հարցին՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը գործուղվում Ազատության հրապարակ, եթե դաշինքում դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ գրառում էր կատարել այն մասին, որ իր ընտանիքում քննարկել է եւ որոշում են կայացրել որ ինքը Ազատության հրապարակ գործուղվի: «Չի ընդունվի այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի գործող իշխանությանը»:



Մեր պնդմանը՝ Նիկոլ Փաշինյանը հստակ էր գրել, որ իր ընտանիքի հետ այդ հարցը քննարկել է, Արամ Սարգսյանը հակադարձեց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, քաղաքական ուժի անդամ է, վառ անհատականություն, ով հայտնի է եղել իր անհատական մոտեցումներով, ինքն իրավունք ունի իր ընտանիքի հետ քննարկել խնդիրներ, այդ մասին գրել: Եթե Նիկոլ Փաշինյանը դեմ լիներ քննարկմանը, ապա քննարկում չէր լինի դաշինքում: Ինքը քննարկել է իր ընտանիքում, նրանք դեմ չեն, որ իրենց հայրն, ամուսինն իր բողոքը ծավալի նաեւ Ազատության հրապարակում: Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մտահոգ հայ մարդու տեսակետ եմ տեսնում: Այդ մարդը մի անգամ այդ գործընթացներին գնալով, դատվելով, զրկանքներ կրելով, նորից պատրաստ է զրկանքներ կրելու: Ասում է՝ ժողովուրդ ջան, եթե դու պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ»:



Նկատեցինք՝ «Ելք»-ը հայտարարել էր, որ հանրությանը հիասթափության ու պարտության չեք տանելու, չունենալով հստակ քայլեր, ինչու է Փաշինյանը գործուղվում հրապարակ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ մենք այսօր չենք քննարկում ճանապարհային քարտեզ, որ մենք առանց դրա Նիկոլ Փաշինյանին գործուղում ենք Ազատության հրապարակ»: