Բարձրագույն դատական խորհրդին պետք է ժամանակ տալ

Բարձրագույն դատական խորհրդին պետք է ժամանակ տալ
Արդարադատության ոլորտում սպասվող ամենակարեւոր իրադարձությունը նոր մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումն է։ Նոր Սահմանադրության պահանջներին համապատասխան, Հայաստանում կառավարման նոր համակարգի ձեւավորումից հետո դատական համակարգում կստեղծվի նաեւ Բարձրագույն խորհուրդ, որի անդամների ընտրությունը տեղի է ունենալու մինչեւ ապրիլի 9-ը, երբ երկրի նոր նախագահը խորհրդարանում կստանձնի լիազորությունները։



10 անդամից բաղկացած խորհրդի թիվ մեկ առաքելությունը համարվում է դատական իշխանության համար ավելի բարձր անկախություն ապահովելը, քան մինչ այս գործող Արդարադատության խորհուրդն էր ապահովում, որն ի պաշտոնե գլխավորում էր ՀՀ նախագահը։ Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամից 5-ն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ «միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբանների թվից»։ Մյուս հինգին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ առնվազն 10 տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից ու բոլոր ատյանների դատարաններից․ մեկը՝ վճռաբեկից, մեկը՝ վերաքննիչից, մեկը՝ վարչականից, եւ երկու թեկնածու էլ՝ առաջին ատյանի դատարանից։ Դատավորների ընտրած անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ:



ԲԴԽ-ի անդամի պաշտոնում ԱԺ թեկնածուներին առաջադրում են խմբակցությունները՝ յուրաքանչյուր տեղի համար մեկական թեկնածու։



Երեկ հայտնի դարձան ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն կուսակցությունների թեկնածուների անունները՝ ՍԴ նախագահի պաշտոնը թողնող Գագիկ Հարությունյան, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյան, փաստաբան Հայկ Հովհաննիսյան, Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյան եւ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյան։ Դեռեւս ամիսներ առաջ էր խոսվում, որ Գագիկ Հարությունյանը կղեկավարի ԲԴԽ-ն։ Այս անձանց ընտրությունը կկայանա առաջիկա քառօրյա նիստերի օրերին՝ փետրվարի 27-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Ի դեպ, առաջիկա քառօրյայի ընթացքում խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի ընտրություն պետք է կատարի, վերջինիս ընտրությունը մարտի 2-ին է նշանակված։



Վերադառնալով ԲԴԽ անդամների իշխանական ցանկին՝ ամենաուշագրավն իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունն է։ Նա խորհրդարանական ընտրություններում Իջեւանի տարածաշրջանում «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուն էր։ Լիպարիտ Մելիքջանյանն իր նախընտրական ուղերձում խոսում էր իշխանությունների ապօրինություններից, կոռուպցիայից, նրանց վարած քաղաքականությունը համարում «հակաազգային»։ Ավելին` ասում էր, որ իրեն հեռու է պահել «գործող իշխանությունների կողմից որեւէ պաշտոն ստանձնելու գայթակղությունից», քանի որ անաչառ աշխատել հնարավոր չէ ազատ քաղաքական կամքի բացակայության պայմաններում, որ այս իշխանություններից ազատվելը դարձել է անհետաձգելի քայլ, իսկ ինքն ընտրել է մի ուժի, որը «երբեք ջուր չի լցրել գործող իշխանության տխուր եւ անփառունակ ջրաղացին»։



«Հայտնի իրավաբան է, անկուսակցական, անկախ, առաջարկ է ստացել, եթե չեմ սխալվում, Գագիկ Հարությունյանի կողմից եւ ընդունել է այդ առաջարկը։ Ես չեմ կարծում, թե մարդը, որը մի անգամ մասնակցել է ընտրություններին եւ կուսակցական չէ, իր առաջարկների մասին պետք է «Ելք»-ից թույլտվություն վերցներ,- մեզ հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր **Էդմոն Մարուքյանը**՝ շեշտելով։- Հատկապես, որ անկախ մարմին է լինելու, ես շատ ուրախ կլինեմ, որ այդ մարմնում իր պես անկաշառ գիտնականը հայտնվի»։



Մյուս թեկնածուների գնահատականը «Ելք»-ը կներկայացնի ավելի ուշ։ ԲԴԽ-ի անկախությունը, Մարուքյանի խոսքով, ԱԺ-ի կողմից ընտրվելու փաստն է լինելու․ «Գիտեք՝ նոր ստեղծվող մարմնի նկատմամբ վստահությունը կլինի, երբ այն գործի, եւ մենք տեսնենք իրենց աշխատանքը, բայց ես նաեւ այն սկզբունքի կողմնակիցն եմ, որ որեւէ նոր ստեղծվող մարմնի դեռեւս չի կարելի քննադատել, պիտակավորել։ Պետք է ժամանակ տալ»։



«Ելք»-ը ԲԴԽ-ի անդամի համար թեկնածություններ չի առաջադրի․ «Մարդիկ, որոնց կուզենայինք առաջադրել, ասում են՝ ի՞նչ իմաստ ունի առաջադրվել, եթե չենք անցնելու»։ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից պաշտոնական պատասխան լսել չհաջողվեց, սակայն նրանք էլ թեկնածուներ չեն առաջադրի։ Այսինքն՝ այս հարցում եւս Հանրապետականն անարգել կանցկացնի իր թեկնածուներին՝ կրկին ապացուցելով, որ խորհրդարանական կառավարման պարագայում մեզանում ավտորիտար մեթոդներն ավելի ամրապնդվեցին։

Լիազորությունների առումով հիմնականում պահպանված են Արդարադատության խորհրդի լիազորությունները, որոշ ֆունկցիաներ են ավելացել, օրինակ՝ ֆինանսների մասով. խորհրդին է վերապահվել դատական իշխանության բյուջեն կազմելու իրավունքը, խորհուրդը մշակում է ե՛ւ իր, ե՛ւ դատարանների ծախսերի նախահաշիվները ու ներկայացնում կառավարությանը՝ պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար, վերահսկում է դատարանների բյուջետային միջոցների օգտագործումը:



**ՀԳ**․ _Դատավորների շրջանում իրարանցում է, համակարգից առաջադրվելիք 5 թեկնածուների հրապարակ նետված առաջին անուններն են՝ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյան, ով նախկինում Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատավոր էր, եւ Երեւանի Աջափնյակի նստավայրի դատավոր Անի Մխիթարյան։ Երկուսն էլ՝ 1971 թվականին ծնված։_



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**