Քիչ հայտնի հերոսները ԳՈՒԼԱԳ-յան ինքնակենսագրական արձակում

Քիչ հայտնի հերոսները ԳՈՒԼԱԳ-յան ինքնակենսագրական արձակում
Բազմաթիվ գրողներ անցյալ դարում, տիրող քաղաքական համակարգի եւ հասարակարգի կողմից տարիներ շարունակ ստիպված են եղել համալրելու խորհրդային բանտերն ու ճամբարները: Նրանցից շատերը այդ տարիների մասին ընդարձակ հուշագրային կամ ինքնակենսագրական արձակ ստեղծագործություններ են թողել, այդպիսով փրկելով անցյալը ապագայի համար հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ ստեղծագործող մարդն իրավունք չունի թույլ տալու, որ այդ ամենն անհետ կորի:



Նրանց տեսածն ու ապրածը, քաշած տառապանքներն ու կտտանքները խորապես ազդեցություն են թողնում ընթերցողի վրա, բավական ցավոտ խոցում նրա ներաշխարհը: Մյուս կողմից էլ, դրանք բավականին մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրենցից, հատկապես, երբ հեղինակները ոչ միայն չոր շարադրում են իրենց հիշողությունները, այլ նաեւ տալիս են սոցիալ-պատմական կամ հոգեբանական վերլուծությունը բանտա-ճամբարային իրադարձությունների եւ ներկայացնելով շրջապատի վրա դրանց ունեցած ազդեցությունը, իմաստավորելով դրանք ըստ իրենց եւ մյուսների ներաշխարհում ունեցած դերակատարության: Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն ով նաեւ Սթենֆորդի բանտային փորձարկումների մասնակիցներից է, եկել է այն եզրակացության, հարաբերակցության մեջ դնելով լավ մարդուն եւ վատ միջավայրը, որ բանտը մարդու վրա ընդհանուր առմամբ քայքայիչ ազդեցություն է գործում: «Բանտը սարսափելի տեղ է, որը ջրի երես է բերում մարդկային բնության ամենավատ գծերը: Այն ավելի շուտ ծնում է հանցավորություն եւ բռնություն, քան նպաստում է մարդու ռեաբիլիտացիային»,- եզրակացրել է նա:



Աշխարհիկ հոգեբանության այս եզրակացությանը, սակայն հակադրվում է ռուս հոգեւորական, բուտիրկայի հոգեւոր խնամատար ռուս եկեղեցու քահանա Գլեբ Կալեդայի փորձառությունը, որն ամփոփվել է նրա «Կանգ առեք ձեր բռնած ճամփեքից … » (Տես` НАУЧНЫЙ ВЕСТНИК КРЫМА, № 5 (10) 2017 ISSN: 2499-9911 3) գրքում:



Ընդհանուր առմամբ համաձայնելով պրոֆեսոր Զիմբարդոյի հետ, որ բանտը կամ աքսորավայրը դաժան տեղ է, որն ընդունակ է այլանդակելու մարդկային բնությունը, կապ չունի պատիժ կրողի, թե պահակազորի. նա նաեւ նկատում է, որ ոմանք այնտեղ` ճաղերից անդին ճնշվում են, այլանդակվում, ոմանք էլ կարողանում ընդդիմանալ, պայքարել եւ աճել: Գլեբ քահանա Կալեդան նշում է, որ ըստ բարոյա-հոգեբանական առանձնահատկությունների, բանտարկյալներին կարելի է դասակարգել մի քանի տիպի` դեգրադացվածներ, մարդկային որակները սեփական անձերում պահպանել կարողացածներ, հոգեւորապես աճող մարդիկ, եւ մարդիկ, որոնք բանտային պայմաններում կարողանում են բանտային պայմաններում իրենց հայացքը ուղղել իրենց հոգուն եւ գտնելով Աստծուն մխիթարվել ու մտածել հավիտենականի մասին:



Ռուս հոգեբան Ալլա Եֆիմովան էլ փորձում է բանտա-ճամբարային ինքնակենսագրական կամ հուշագրային արձակի միջոցով բացահայտել եւս մեկ տիպի` քրիստոնեական հավատի տարածողների, որոնք շատ քիչ են ուսումնասիրված: Իր հետազոտությունը, որի ուսումնասիրությունն էլ ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ, նա կատարել է հիմք ընդունելով քրիստոնեական մարդաբանության եւ հոգեբանական մարդաբանության սկզբունքները:



Հավատի այդ տարածողները, գոնե ըստ ունեցած գրական հարուստ նյութի, եղել են հիմնականում աքսորված կամ բանտարկված եկեղեցականները, որոնք, որքան էլ պետք է զարմանալի հնչի ներկայիս մարդու համար, սակայն իրենց տառապանքները, նեղություններն ու կտտանքները տարել են ամենայն ուրախությամբ, համարելով դա իրենց խաչի ճանապարհը: Ըստ էության Ա. Եֆիմովան բացել է բանտա-ճամբարային արձակ գրականության մեջ ցավի, տառապանքի քրիստոնեական ընկալման ֆենոմենը: Սոֆրոնի վարդապետ Սախարովը այդ ֆենոմենը բացատրել է նրանով, որ մարդը, ով կարողացել է հասնել աստվածճանաչողության եւ փոխակերպվել, այլ կերպ է ընկալում այն ամենը, ինչը որ նրան հանդիպում է իր կյանքի ճանապարհին: Ըստ նրա, այդպիսի մարդիկ ամեն ինչում տեսնում են Նախախնամությունը, որը տանում է վերջնական կետի, որը փրկության քրիստոնեական պատկերացումն է որպես վերջնանպատակ:



НАУЧНЫЙ ВЕСТНИК КРЫМА, № 5 (10) 2017