Թուրքական բանակի գործողություններից սիրիական Աֆրինում 148 խաղաղ բնակիչ է զոհվել

Թուրքական բանակի գործողություններից սիրիական Աֆրինում 148 խաղաղ բնակիչ է զոհվել
«Ձիթենու ճյուղ» գործողության  մեկնարկից ի վեր թուրքական բանակի ավիահարվածներից և հրետանային կրակից Սիրիական Աֆրինում 148 խաղաղ բնակիչ է զոհվել, 385-ը՝ վիրավորվել, РИА Новости-ին հայտնել են Աֆրինի կենտրոնական հիվանդանոցից:



«Մեր վարած վիճակագրության համաձայն, այսօրվա դրությամբ կա 385 վիրավոր, 148 խաղաղ բնակիչ զոհվել է: Վիրավորներին Աֆրին են բերում ողջ կանտոնի տարածքից՝ գյուղերից ու այլ բնակավայրերից: Թեթև վիրավորներին օգնություն են ցուցաբերում տեղերում»,- գործակալությանն ասել են բուժհաստատության ադմինիստրացիայում:



Բժիշկների խոսքով՝ հունվարի 20-ից սկսած բոլոր վիրահատարանները մշտապես զբաղված են:



«Ստեղծված իրավիճակի պատճառով ծրագրային վիրահատություններ արվում են ծայրահեղ դեպքերում միայն»,- նշել է բժիշկներից մեկը:



Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի թուրքական բանակը հրետակոծել է Աֆրինի ջրամաքրման կայանը: Դրա հետևանքով քաղաքը մնացել է առանց խմելու ջրի կենտրոնական մատակարարման, ինչը ավելի է բարդացրել հումանիտար իրավիճակը: