Ինձ ցանկանում են ձերբակալել, հետապնդում են ինձ․ Վոլոդյա Ավետիսյան

Ինձ ցանկանում են ձերբակալել, հետապնդում են ինձ․ Վոլոդյա Ավետիսյան
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը պնդում է՝ Հայաստանի հատուկ ծառայությունները ցանկանում են իրեն ձերբակալել։ **Hraparak.am**-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենով հետաքրքրված են եւ ցանկանում են իր վրա քրեական գործ «կարել»․ «Տեղեկություն ունեմ, որ Հայաստանի հատուկ ծառայությունները հող են պատրաստում, որ առաջիկայում ինձ ձերբակալեն, նոր շինծու գործ հարուցեն։ «Հիմնադիր խորհրդարանի» շենքում հավաքներ ենք ունենում, եւ ես զգում եմ, որ մեզ հետեւում են եւ նկարում են, իմ դուրս գալու ժամանակից կան նման բաներ, բայց ես բանատեղ չէի դնում, բայց քանի որ ինֆորմացիա ստացա, որ ցանկանում են նոր գործ «կարել», ցանկացա հայտարարել այդ մասին»։



**-Ի՞նչ գործ կարող են «կարել», դուք վտանգ եք ներկայացնո՞ւմ իշխանությունների համար։**



-Չեմ կարող ասել։ Սենց որ նայում եմ դատավարություններին, օդից բռնում են, 2 հոգի ցուցմունք են տալիս, դրա համար ես չեմ կասկածում, որ նման բան կարող են անել, 2 հոգու բերել , չգիտեմ, վրես ցուցմունք տան, տանեն, դատեն, վերջացավ, իրենք դատավորն են, բռնողն են, պատժողն են, ամեն ինչն իրենք են։ Ես չեմ կարող ասել՝ ինձնից վտանգ եմ ներկայացնում, թե վտանգ չեմ ներկայացնում, ես ինչ զգում եմ, նկատում եմ, դա եմ ասում։ Այսօր հրաման տան՝ ձերբակալել, վաղը կգան կձերբակալեն, հանրությունը Անդրիաս Ղուկասյանի համար ի՞նչ ա անում, մարդուն բռնել են, անկապ տեղը դատում են։



**-Դուք հետեւում եք «Սասնա ծռերի» դատավարություններին․․․**



-Ճիշտ ա, էդ մարդիկ մտել են զորամասի տարածք, զոհեր են եղել, բայց ոչ մի բան հաշվի չեն առնում, պատճառն ի՞նչ ա եղել, հո չեն մտել, որ ինչ-որ մեկին ահաբեկեն, դա բողոքի ակցիա էր նման տիպի, ապստամբություն էր այս անօրինական իշխանությունների դեմ։ Այս դատական պրոցեսն էլ, ինչքան կարող են, մինչեւ պատալոկ ուզում են մարդկանց ճնշեն։



**-Պարոն Ավետիսյան, երբ դուք ազատ արձակվեցիք, նշում էիք, որ անցնելու եք փողոցային պայքարի։**



-Ուրեմն, մի անգամ երթ ենք կատարել քաղբանտարկյալների իրավունքների համար Մարդու իրավունքների գրասենյակ, նամակներ ենք հանձնել, էս վերջերս, տղաները որ հացադուլ էին անում, Քրեակատարողական վարչության դիմացի ճանապարհը փակեցինք, քանի որ պարոն Օսիկյանը չէր ընդունում, լսում մարդկանց խնդիրները։ Ես հենց սկզբից էլ ասել եմ՝ միայնակ ոչինչ հնարավոր չի անել։ Նենց չի, որ ինքնանպատակ Վոլոդյա Ավետիսյանը դուրս է գալիս, նստացույց անում։



**-Դուք սկզբում նշում էիք, որ դուրս եք գալու փողոց՝ իշխանափոխություն պահանջելու։**



-Հիմա էլ եմ պահանջում, ես իմ բոլոր հարցազրույցներում, հայտարարություններում ասում եմ, որ այս իշխանությունից պետք է ազատվել, բայց ես միայնակ չեմ կարող դա անել, դրա համար ժողովրդի 90 տոկոսը պետք է սատար կանգնի, իջնի փողոց։



**-Պարոն Ավետիսյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ կապ չունե՞ք։**



-Սերժ Սարգսյանը կնոպկեն սեղմում ա, Սեյրան Օհանյանը էդ ձեւ շարժվում ա, ես ի՞նչ գործ ունեմ Սեյրան Օհանյանի հետ։



**Աննա Պապիկյան**