Մխիթարյանի ու Սանչեսի «սինդրոմը»

Մխիթարյանի ու Սանչեսի «սինդրոմը»
Կան երկրպագուներ, որոնք անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումից հետո նոր մեմ են մշակել՝ «Մխիթարյանի սինդրոմ» վերտառությամբ: Նրանց կարծիքով՝ նոր թիմում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանի ոտքը, ինչպես ասում են, այդքան էլ «խերով չէ»: Մխիթարյանի նորամուտը մթագնվեց «Արսենալի» անակնկալ պարտությամբ՝ պարտություն, որին, վստահաբար, արժանի էին մի քանի ֆուտբոլիստներ, որոնք, պարզապես աններելի սխալներ թույլ տալով, տապալեցին ողջ խաղը:



Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի միջնամասում, եւ, իսկապես, բոլորս անհամբեր հետաքրքրությամբ էինք սպասում նրա ելույթին՝ նոր մարզիչ, նոր ակումբ, թիմակիցներ, որոնց հետ խաղացվածություն չես ունեցել, մարտավարական նոր առաջադրանքներ, մի խոսքով՝ ամբողջովին նոր իրադրություն, որը, իհարկե, Մխիթարյանի առջեւ ծագած հերթական լուրջ փորձություններից է: Եվ մեր հավաքականի ավագի մեկնարկը կարելի է դրական համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա երկար ժամանակ բավարար խաղաժամ չի ունեցել, ինչի մասին ակնարկեց նաեւ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:



Հենոյի գործողությունները դինամիկ էին, կենտրոնում փորձ էր անում միջանցքներ ստեղծել, իր կտրող, սուր փոխանցումներով հարվածային դիրքի դուրս բերել թիմակիցներին, մի դրվագում կարող էր նաեւ գոլ հեղինակել: Բավականին հետաքրքիր էր ամրագրել ու տեսնել Օզիլ-Մխիթարյան արդյունավետ փոխհամագործակցության արդեն իսկ նշմարվող հեռանկարները․ կարծում եմ՝ Օզիլ-Մխիթարյան զույգն ուղղակի բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի մոտ ապագայում դառնա ամենազորեղներից մեկը ոչ միայն Պրեմիեր լիգայում, այլեւ ողջ եվրոպական ֆուտբոլում:



Իսկ այն երկրպագուները, ովքեր կարծում են, թե իսկապես գոյություն ունի «Մխիթարյանի սինդրոմ»-ը, չարաչար սխալվում են, «Արսենալը» գոլեր բաց թողեց պաշտպանների կոպտագույն սխալների արդյունքում, Մխիթարյանի նորամուտը ցավալիորեն համընկավ «Արսենալի» անհաջող խաղի հետ, որին նաեւ եղանակային պայմանները նպաստեցին․ դժվար թե աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը՝ Պետեր Չեխը, նման սխալ թույլ տար, եթե դաշտը չոր լիներ: Համենայնդեպս, Հենոն ջանում էր ակտիվություն ցուցաբերել, եւ այդ ջանքը, իհարկե, գնահատելի է:



«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ՝ չիլիացի Ալեքսիս Սանչեսը եւս պարտությամբ մեկնարկեց: Մանկունյանցիների երկրպագուներն ահռելի գումարներով ձեռք բերված Սանչեսից հրաշքներ էին ակնկալում, սակայն հրաշագործությամբ զբաղվելն այդքան էլ հեշտ գործ չէ: «Տոտենհեմի» դեմ խաղում Ժոզե Մոուրինյոյի թիմը ողորմելիորեն անկայուն, երկրորդ խաղակեսում կատարյալ քաոտիկ տեսք ուներ, եւ Սանչեսը չկարողացավ որեւէ էական բանով օգտակար լինել իր նոր թիմին: Երկու անպատասխան գնդակ ուղարկելով «Յունայթեդի» դարպասը՝ «Տոտենհեմը» հաղթանակ տարավ խաղային լուրջ առավելությամբ: Որպես մարզիչ՝ Ժոզե Մոուրինյոն բոլոր առումներով պարտվեց Պոչետինոյին՝ իր անհասկանալի որոշումներով էլ ավելի խառնաշփոթ առաջացնելով խաղադաշտում:



Փետրվարի 3-ին «Արսենալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Էվերտոնի» հետ, «զինագործներին» հեշտ հանդիպում չի սպասվում, սակայն Հենրիխ Մխիթարյանի եւ Էմերիկ Օբամեյանգի ներկայությունն «Արսենալում» դրականորեն շատ բան է փոխում, միայն հուսանք, որ այս անգամ Մխիթարյանը խաղադաշտում կհայտնվի հանդիպման հենց առաջին րոպեից։



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**