Կառավարությունը որոշել է նախարարներին «թաքցնել» ամբիոնի հետեւում

Կառավարությունը որոշել է նախարարներին «թաքցնել» ամբիոնի հետեւում
Կառավարությունում հավատարմագրված լրագրողների համար նոր պայմաններ են ստեղծվել։ Կառավարությունը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի իրենց լրագրող հյուրերին «պատվով» ընդունեն եւ ճանապարհեն։ Դրա համար նրանք չզլացան եւ պետական բյուջեի միջոցներով վերանորոգեցին կառավարության մամուլի սրահը, ավելի հարմարավետ ու տաք միջավայր ապահովեցին՝ կոսմետիկ նորոգված ու թարմացված պատերի ներքո։ Անվճար հյուրասիրվող սուրճն ու թեյն էլ կարծես հիմա ավելի ուշ են վերջանում՝ կա՛մ օգտվողներն են քչացել, կա՛մ սուրճն ու թեյն են շատացել։ Այս ամենը լավ է, իհարկե։ Իր գործի բնույթով նույնիսկ գետնին նստած ու նոութբուքը ծնկին դրած, անձրեւին ու ցրտին աշխատելու սովոր լրագրողի համար աշխատանքային հարմարավետ պայմանները, ինչ խոսք, հաճելի երեւույթ են։ Բայց լրագրողի համար ամենակարեւոր հարմարավետությունն իրեն ցանկալի մարդու հետ իր ուզած պահին ուզած հարցերով լիարժեք հարցազրույց անելն է։



Օրինակ՝ նույն կառավարությունում հավատարմագրված լրագրողին ամենաառաջինը հետաքրքրում է, թե ով է իջնելու նիստից հետո լրագրողների մոտ եւ պատասխանելու իր հարցերին։ Երբ այս կարեւոր պայմանն ապահովված չէ, լրագրողի աչքին այլեւս չեն երեւում ո՛չ տաք թեյն ու սուրճը, ո՛չ նորոգված պատերը, ո՛չ էլ մի երկու ավել սեղան-աթոռը։ Կառավարության աշխատակազմը փորձել է այս հարցում եւս դեպի քաղաքակրթություն քայլ կատարել։ Այս տարի նրանք շենքի նախասրահում, աստիճանների կողքը ամբիոն են տեղադրել, ու ամեն անգամ մի նախարար մոտենում է այս ամբիոնին ու պատասխանում լրագրողների հարցերին։ Առաջ նախարարին բռնեցնում էին հենց աստիճանների վրա, բոլորով թափվում նրա գլխին՝ իրար հրմշտելով, խանգարելով, մեկի բոյը չէր հասնում՝ իրենից բարձրահասակ ու բարձր կանգնած նախարարին ուղիղ նայելու եւ ձայնագրիչ մոտեցնելու, մեկ այլ դեպքում ցածրահասակ նախարարն էր նեղվում իրեն շրջապատած լրագրողների ճնշման տակ, ստիպված բարձրանում էր մի քանի աստիճան վերեւ, այստեղ էլ ցածրահասակ լրագրողներն էին նեղվում։ Մի խոսքով՝ կառավարությունում որոշել են այս հարցերը կարգավորել՝ ամբիոն տեղադրելով։ Թվում է, թե ամեն ինչ հրաշալի է։



Բայց սրանով կառավարության աշխատակազմը «բարի նպատակներով» եւ միամտաբար կամ էլ՝ բարի նպատակներով ու չարամտորեն որոշել է լրագրողներին մեկուսացնել նախարարներից։ Ամբիոն տեղադրելուց հետո որոշել են ամեն նիստից հետո մի նախարարի հրավիրել «ծանրաձողի» մոտ, որ պատասխանի լրագրողների հարցերին։ Նախարարին էլ ընտրում են հետեւյալ սկզբունքով․ կանչում են այն ոլորտի պատասխանատուին, որի ներկայացրած հարցն այդ օրվա նիստում ամենաակտուալն է ու կարեւորը։ Հիանալի տրամաբանություն։ Օրինակ՝ երեկվա նիստին այդ «կարեւոր հարց ներկայացրած նախարարը» Լեւոն Մկրտչյանն էր։ Արդյունքում մյուս նախարարները հեշտությամբ ծլկում են շենքից՝ չընկնելով լրագրողների ձեռքը։ Ստացվում է՝ փոխանակ կառավարության լրատվականը փորձի այնպես անել, որ հնարավորինս շատ նախարար իջնի գլխավոր մուտքից ու շփվի լրագրողների հետ, արել են այնպես, որ մաքսիմալ քիչ նախարար այդ օրը հայտնվի մամուլի էջերում։ Իհարկե, լրագրողներն էլի հասցնում ու ամբիոնի մոտ հայտնվածից զատ՝ փորձում են մյուս նախարարներին էլ «բռնեցնել» աստիճաններով իջնելիս, բայց հիմա այս «գործընթացն» արդեն բավականին բարդացել է։ Ու չմոռանանք նորից շեշտել ամենակարեւորը, որ նախարարները շարունակում են անտեսել նախկին ու ներկա վարչապետների հանձնարարականները՝ պարտադիր իջնել գլխավոր մուտքից ու պատասխանել լրագրողների հարցերին։ Ինչքա՞ն կարելի է ամեն շաբաթ Վահան Մարտիրոսյանին հարցնել Հյուսիս-հարավից, Սուրեն Կարայանին՝ ներդրումներից, Լեւոն Ալթունյանին՝ դեղերի գնից ու հիվանդանոցներից կամ Վարդան Արամյանին՝ արտաքին պարտքից։ Նրանցից բացի եւս մեկ-երկու պաշտոնյա էլ են մեկ-մեկ բարեհաճում իջնել ներքեւ ու շփվել լրագրողների հետ։ Մյուսները, օրինակ՝ պաշտպանության, արտաքին գործերի, էներգետիկայի եւ սփյուռքի նախարարները, երբեք չեն իջնում։ Վարչապետի մասին էլ՝ չասենք։ Ոմանք էլ իջնում են, բայց՝ հազվադեպ։ Այնպես որ, լրագրողների համար սիրուն պատեր ապահովելուն զուգահեռ՝ նախեւառաջ հարցազրույց տվողներ «ապահովեք»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**