Այս օրենքը խայտառակելու է ՀՀ-ն․ փաստաբանները դիմել են ԱԺ-ին եւ կառավարությանը

Այս օրենքը խայտառակելու է ՀՀ-ն․ փաստաբանները դիմել են ԱԺ-ին եւ կառավարությանը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեմ է դեկտեմբերի 21-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նոր դատական օրենսգրքին, որը հնարավորություն է տալիս դատարանին փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել տուգանք՝ 100 հազար դրամի չափով։



«Մասնագիտական կառույցների հետ քննարկումներ կազմակերպեք: Չի կարելի դատական օրենսգիրք ընդունել՝ առանց փաստաբանների պալատի կարծիքի եւ առաջարկների: Արհամարհանք եմ նկատում մեր հանդեպ: Եթե մեր առաջարկները հաշվի չեն առնում, ի՞նչ անենք, փողոց դուրս գա՞նք: Եթե մենք այդ ճանապարհն ընտրենք, հավատացեք, ավելի թիրախային քայլեր կարող ենք անել»,-նշել է Արա Զոհրաբյանը։



Եվ,ահա, այսօր ՓՊ-ն անցել է հստակ քայլերի․ հանդես է եկել հայտարարությամբ, որին միացել է 680 փաստաբան։





Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Նախագծի հիմնավորման մեջ որևէ փաստարկ ներկայացված չէ, թե ինչու է որոշվել փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու հնարավորություն տալ դատավորին:



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից պահանջում ենք նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել»:



«Ես հավանաբար կմիանամ, կարծում եմ՝ նման որոշումը չի խթանում արդարադատության իրականացմանը, փաստաբաններին տուգանելով հարցը չի լուծվելու։ Փաստաբանությանն ամեն կերպ պետք է ազատություն տրվի, փաստաբանը չպետք է ահաբեկված իրեն զգա, փաստաբանին տուգանելով փորձել կառավարելի դարձնել, դա չի բխում արդարադատության շահերից։ Փաստաբանությունը կայացած ինստիտուտ է եւ չի կառավարվում որոշակի մարդկանց հրահանգներով»,-կարծիք է հայտնում փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ ցանկացած խոսք դատարանը կարող է դիտարկել իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ կիրառել այդ դատական սանկցիան։



««Խելացի գլուխները» մտածել են, որ փաստաբաններին տուգանելով կփորձեն նրանց բերել կառավարելի դաշտ։ Ով մտածում է, թե այսպես արդարադատության իրականացմանը խթանում է, ինքը հեռու է այն մտքից, թե ինչ է նշանակում արդարադատություն իրականացնել։ Բացի նրանից, որ միջազգային նորմերը ոտնահարվում են, մենք ոչ թե առաջ ենք գնում, այլ շատ մեծ արագությամբ գնում ենք անդունդը, վերջին 20 տարվա ձեռքբերումները փչացնում ենք։ Երբ փաստաբանությունը կարողանում է ընդդիմանալ, սա պետք է ուրախացնի մարմիններին, որ կա ինչ-որ մի օղակ, որը փորձում է օրենքի անօրեն կիրառումը բարձրաձայնել։ Ես կարծում եմ, որ սա չկիրառվող դատական ակտ պետք է լինի․ փոխարենը արդարադատութունը լավացնեն, դա այդ մարդիկ հասկանում են փաստաբաններին ճնշելով։ Սա փաստաբանների ահաբեկում է, օրենքը պետք է նպաստի ժողովրդավարությանը, արդարադատության իրականացմանը։ Պետք է այդ օրենքի հեղինակները երկար մտածեն, որ այդ օրենքը իրենց դեմ չօգտագործվի, ինչն էլ շատ-շատ հնարավոր է։ Եթե ինչ-որ հրաշքով օրենքը անցկացվի, դա ավելի շատ խայտառակելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օգուտ ընդհանրապես չի բերելու»։



Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը թեեւ ողջունում է ՓՊ-ի ԱԺ-ին եւ կառավարությանը դիմելու քայլը, սակայն, այն մի քիչ ուշացած է համարում։



«Ես մի քիչ անհանգստություն ունեմ, որ մի քիչ ուշ ենք այս հայտարարությունը արել, ճիշտն ասած, բովանդակությունը չեմ տեսել, եթե այն չլինի նախորդ հայտարարությունների բովանդակության նման, կմիանամ, այսինքն՝ մեր վիճակն ավելի վատացնող փաստաթուղթ չլինի։ Ուրախ եմ եւ ողջունում եմ, որ նման նախաձեռնություն են սկել եւ ես կսպասեի ավելի կտրուկ քայլերի»։



Իրավապաշտպանը կոչ է անում դատախազությանը եւս արձագանքնել, քանի որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ դատախազության եւ փաստաբանության շահերը համընկնում են․ «Ես զարմանում եմ, որ դատախազություն է լռում։ Նա, եթե մեզ միանա, կարծում եմ՝ հրաշալի արդյունք կարող է լինել»։



**Աննա Պապիկյան**