Ովքե՞ր են խմելու կես միլիոն դրամի կոնյակը

Ովքե՞ր են խմելու կես միլիոն դրամի կոնյակը
Սույն թվականի հունվարի 2-ին **Hraparak.am**-ը [«Սուրեն Կարայանի հիմնարկի կեսմիլիոնանոց կոնյակն ու պետական «ներդրումը» ՍԱՍ-ում» ](https://www.hraparak.am/posts/5a4b9e3c6a5e15736ba08e44/%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%BD%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81-%D5%AF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4)վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում նշված է, թե ինչպես է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ըստ հրապարակված փաստաթղթի, 498 հազար դրամ վճարել 1 շիշ «Նաիրի» կոնյակի համար։ Գնումը կատարվել է «ԱրտԷքսիմ» ՍՊԸ-ից, որը ղեկավարում է «Նոյյան տուն» խմիչքների խանութը։ Մենք պարզեցինք, որ «Նաիրի» կոնյակի մեկ շիշն, իրականում, ոչ թե **498** հազար դրամ է, այլ ավելի քան 10 անգամ քիչ՝ մոտ 44 հազար դրամ նույն այդ խանութում։ Բայց գնումների փաստաթղթում հստակ նշված է՝ քանակը 1 հատ, անվանումը՝ «Նաիրի» կոնյակ, 0.7 լիտր, նպատակն էլ՝ ներկայացուցչական ծախսերի համար։



Տնտեսական զարգացման նախարարությունից հայտնեցին, որ իրականում որքան կոնյակ են ձեռք բերել տվյալ գումարով։ Պարզվեց՝ 12 շիշ, բայց, չգիտես ինչու, գնման փաստաթղթում որպես քանակ մեկ հատ էր նշված։ Հավանաբար նկատի են ունեցել մեկ արկղը։ Կոնյակներից յուրաքանչյուրն էլ ձեռք է բերվել 41 հազար 500 դրամով՝ ներառյալ 20% ԱԱՀ-ն, որը, ըստ նախարարության, շուկայում ամենացածր գինն է եղել։ Գնումը կատարվել է նախարարության արտաբյուջետային միջոցների ներկայացուցչական ծախսերի հաշվին։



Իսկ թե ինչ նպատակով են ձեռք բերել այդ կոնյակները կամ, այսպես ասած, ով է խմելու 12 շիշ 20 տարվա հնեցման «Նաիրին», նախարարությունից պատասխանել են․ «Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովների նիստերի, պաշտոնական պատվիրակությունների և պաշտոնյաների այցերի շրջանականերում, արարողակարգի համաձայն, օտարերկրյա պատվիրակություններին և պաշտոնյաներին տրվում են հուշանվերներ, այդ թվում՝ հայկական արտադրության կոնյակներ: Վերը նշված գնումը նախատեսված է 2018 թվականի համար»։ Այսինքն՝ դեռ չեն խմել, բայց կհասցնեն խմել, և հայկական կոնյակի 20 տարվա հնության համը վայելողներն էլ կլինեն, ինչպես հասկանում ենք, հիմնականում օտարերկրացի հյուրերը։



ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հիշեցնում են, որ 2017 թվականի ընթացքում կայացել է միջկառավարական հանձնաժողովների 7 նիստ, կազմակերպվել է Հայաստան արտասահմանյան պատվիրակությունների 12 այց, ինչպես նաև նախարարության ղեկավար կազմի արտասահմանյան 15 այց։ Փաստորեն, այս բոլորի ժամանակ նախարարությունը էլի թանկարժեք կոնյակներ է գնել ու նվիրել բարձրաստիճան հյուրերին։ Դե, հայերը հյուրասեր ազգ են, մի շիշ թանկարժեք կոնյակն ի՞նչ է, որ հոգով հարուստ մեր պետությունը չնվիրի դրսի հյուրերիին։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**