Բայց մահվան օրը հայտնի չէր

Բայց մահվան օրը հայտնի չէր
Կարող եմ նստել եւ պատերազմի, մեր գյուղի տղաների մասին գեղեցիկ բառերով, կարճ կամ երկարաշունչ նախադասություններով պատմություններ գրել: Վիլյամ Սարոյանը գրում էր ձմռանը քաղաքում մնացած կոլիբրի մասին՝ կարդում-չէինք հուզվում: Մինչեւ չհասանք այն տարիքին, երբ ձյուների մեջ անճոռնի թռչկոտող ճնճղուկին խղճացինք ձմռան մի օր, երբ տնաքաշ արաղից շոգած՝ բակ էինք դուրս եկել եւ հալոցքի մեջ շշմած կանգնած՝ արեւի հետքով ուզում էինք երկինք բարձրանալ, բայց ճնճղուկը կտրեց վերելքի մեր ճանապարհը եւ թռավ-կանգնեց թթենու ճյուղին, եւ աշխարհը միանգամից տգեղացավ՝ ինչպես պատերազմի ձմռան այն օրերին, երբ գյուղը կատարյալ ամայի էր:



Դպրոցի սպորտդահլիճը, ակումբը, լաբորատորիան, գրադարանը դարձրել էին զորանոց: Թաց փայտը դժվար էր վառվում, օրապահ զինվորները գրադարանից միջանցք թափած գրքերից կպչան էին դնում: Վառարանների տակ չորանում էին նրանց գուլպաները, վարտիքները: Էքերմանի «Զրույցներ Գյոթեի հետ» ստվարածավալ հատորից զինվորը թերթեր էր պոկում՝ օդանցքից խցում մլմլացող փայտերի տակ, կռանում-փչում, եւ վառարանը տաքանում ու տաքացնում էր քրտնախարշ հագուստները, յուղաներկած պատերը, իսկ տնօրենի սենյակում ռացիան միալար խշշում էր: Այդ օրերի ռազմաճակատային ամփոփոգրերն ասում էին, որ ինքնապաշտպանության ուժերը դիրքային մարտեր են մղում Վաղուհաս-Չլդրան-Կիչան գծի վրա: Վաղուհասը գրավված էր ամառվանից, սեպտեմբերին հանձնվել էր Չլդրանը, Կիչանը վաղուց գյուղ, անգամ հենակետ չէր, խրամատ էր, որ օրումեջ ձեռքից-ձեռք էր անցնում: Եւ մեր գյուղի ջոկատն այնտեղ էր՝ Ալիաղալուի դիմաց, որ խաղաղ ժամանակներում մեր եւ աղդամցիների սահմանն էր՝ որտեղ Ղազանչիի թթայգիներն ավարտվում էին, եւ երեւում էր արհեստական ջրամբարը: Հին ճանապարհը կառուցել են բեկերը, որ Խաչենի ստորին հոսանքներում բերրի հողեր են ունեցել, վարձակալության են տվել շիրվանլու եւ քենգերլի թուրքերին: Նրանք այնտեղ ցորեն ու բրինձ են աճեցրել: Բերքահավաքին բեկական գործակալները շրջել, տիրոջ հասանելիքը գանձել, բարձել են ուղտերը, եզնասայլերն եւ որպեսզի նրանց ընթացքը փափուկ լինի՝ բեկերը գետահովտում ճանապարհ են բացել, կամուրջներ կառուցել: Մեկը դեռ կա՝ Վահան բեկի կամուրջը: Պատերազմի տարում այնտեղ դիրքավորվել էին գնդացրորդները եւ ժամանակ առ ժամանակ կրակ էին մաղում Ալիաղալուի կտուրներին՝ որտեղից ծուխ էր նկատվում: Մեծ այդ գյուղի հատուկենտ տներում էր մարդ ապրում: Մյուսները թողել-հեռացել էին:



Ամառվանից եկել-բռնատեղահանվածների ալիքը խփել էր ձորահովտի մեր գյուղերին, մարդկանց տարել իր հետ: Ով Երեւան էր հասել, ով՝ Մոսկվա, մեծամասնությունը Ստեփանակերտում բարեկամ-խնամի-ծանոթի տներում էր պատսպարվել...Բայց սա ի՞նչ պատմություն է: Ո՞վ կհատա, եթե ասվի, որ քաղաքի բնակչության մեծ մասն այդ ձմեռ հեռացած էր, նրանց տներին տիրություն էին անում բարեկամ-խնամի-ծանոթ՝ մեր գյուղերից բռնատեղահանվածները: Իսկ ում բախտը չէր բերել, տունը թողել էր դատարկ՝ նրա դուռը նիգով ջարդում, այնտեղ բնակություն էին հաստատում զինվորական պարետության սպաները, ջոկատների հրամանատարներն ու թիկունքային ծառայության հաջողակները: Բոլոր հարցերը բանակն էր լուծում, եւ շահողը ոչ մարտական զինվորականությունն էր, որի մասին կորուստների, հուսալքության այն ձմռանը լեզվանի մեկն ասել էր. «Բա դու կուզե՞ս, որ կռիվը շուտ վերջանա»: Հեռացողը հեռացել, զոհվողը զոհվում էր, հարստացողը՝ հարստանում: Եւ քաղաքում այստեղ-այնտեղ հայտնվեցին առաջին սեղանիկ-վաճառատեղիները, եւ բռնատեղահանվածներն իրենց ներսում մխացին, որ հասանելիք օգնությունն է վաճառքի հանվում, զինվորներն սկսեցին բողոքել, որ էլ թութուն չեն ծխի. եթե վաճառքում ֆիլտրով ծխախոտ կա, ուրեմն բանակի պահեստներն են դատարկվում: Իսկ իշխանությունը կարծես ոչինչ չէր լսում՝ մեծ հակահարձակման նախապատրաստության վրա էր: Տեսնու՞մ եք, չի ստացվում: Անկապ է:



Ձմռանը քաղաքում մնացած կոլիբրի, ձյուներում մրսող ճնճղուկի հանդեպ խղճահարությունը, զորանոց դարձրած գրադարանի տխրությունը, լքված գյուղերի սեւախոռոչ տների սարսափները, Սեւ ցեխի դիրքերում սպանվածի հուշը, եւ բերկրանքը՝ որ ինքնապաշտպանության ուժերին համառ մարտերից հետո հաջողվել է վերահսկողության հաստատել Թարթառ-Քելբաջար մայրուղի Սարսանգի հատվածի վրա,- այդ ամենն ի՞նչ կապ ունի ինչ-որ բան գրել կարողանալու-չկարողանալու երկընտրանքի հետ, քանի որ ամեն ինչ մնացել է քսանհինգ տարվա հեռուներում, եւ ինչ որ ասվում է՝ միայն ընդհանուր գծերով է իրականություն, մանրամասնությունների բերելու համար պետք է մի քիչ երեւակայություն եւ խոսքի պերճանք, բայց այդ դեպքում էլ կկեղծվի այն ձմռան առհասարակ զգացողությունը,իսկ դա մսխելու համար չափազանց թանկ է: Ահա այդպես. ուզում ես, գիտես եւ կարող ես, բայց վերջին պահին կանգնում ես ամենաթանկը պատմելու անհնարինության առջեւ, եւ ամեն ինչ դառնում է անիմաստ: Ինչպես որ անհամեմատ տարողունակ է Սարոյանի պատմվածքի վերնագիրը, քան՝ ասորիների մասին բուն պատմությունը: Եւ զարմանում ես, թե Կալիֆոռնիայի ձմեռն այդ ինչքա՞ն ցուրտ պիտի եղած լինի, որ գրողին հուզեր կոլիբրի ճակատագիրը... Այն ահավոր ձմռանը ծնկահար ձյուներն արյունոտ էին: Զոհվողը զոհվում էր, հեռացողը՝ հեռանում: Ոչ ոք ոչ մեկին չէր խղճում, որովհետեւ մահվան հետ հաշտ էին: Բայց մահվան օրը հայտնի չէր...



Վահրամ Աթանեսյան